Ղազարոս Աղայանի առաջին անիմացիոն էկրանավորումը՝ երկար սպասված «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմը, շուտով կհանձնվի հանդիսատեսի դատին: Մուլտիպլիկատոր, ռեժիսոր Դավիթ Սահակյանցը «Ժողովուրդ»-ի հետ զրուցել է մուլտֆիլմի թողարկման երկարաձգվելու պատճառների մասին, անդրադարձել անիմացիոն ոլորտի ներկայիս խնդիրներին:
-«Անահիտ» մուլտֆիլմը նկարահանելու համար 5 տարի պահանջվեց. ֆինանսական միջոցնե՞րն էին սուղ: Ի վերջո, ե՞րբ ակնկալենք այդքան սպասված պրեմիերան:
-Հիմա պատկերի հետ կապված որոշ շտկումներ են տարվում: Անում ենք ամեն բան, որ տարվա ավարտին հասցնենք մուլտֆիլմը հանձնել հանդիսատեսի դատին: Ձգձգվելու պատճառը տարվող ծավալուն աշխատանքն է, իհարկե, ֆինանսի գործոնն էլ կա. պետական հատկացումների շնորհիվ կարողացանք նկարահանել մուլտֆիլմի 20 րոպեն միայն, այնինչ «Անահիտն» ունի 1 ժամ 20 րոպե տեւողություն, ուստի փորձեցինք այլ աղբյուրներից աջակցություն ստանալու ուղիներ փնտրել:
-Անիմացիոն ոլորտում շարունակվում է մասնավոր ներդնողների պակաս զգացվել: Նրանք չե՞ն հավատում, որ մուլտֆիլմի միջոցով կարող են հետ բերել իրենց ներդրած գումարները:
-Այո՛, այդ պակասը կա: Առհասարակ, մուլտֆիլմը համարվում է ամենածախսատար արտադրանքներից մեկն աշխարհում, ուստի աջակցության կարիք միշտ ունենում ենք: Իսկապես, շատ դժվար է վերադարձնել անիմացիոն ֆիլմի վրա արված ծախսերը. դա արագ լուծվող հարց չէ: Բայց շռայլություններ թույլ տալու փոխարեն կարելի է նպատակաուղղված կերպով ներդրումներ անել, օգնել մշակույթի ոլորտին, աջակցել դրա զարգացմանը:
-Հայկական հեռուստաընկերություններն էլ իրենց հերթին նախընտրում են էժան արտասահմանյան մուլտֆիլմեր գնել: Ի՞նչ պետք է անել, որպեսզի նույն ակտիվությամբ հայկական մուլտֆիլմերն էլ գնվեն ու ցուցադրվեն:
-Այն, ինչն էժան է, հեշտ է գնել, իսկ հեռուստաընկերությունները շատ անգամ այլընտրանք չունեն: Միակ ուղին մեր արտադրանքը ստեղծելն է, դրա ծավալները հասցնել արտասահմանյանին: Միայն մեծամասշտաբ մուլտֆիմեր արտադրելով կարող ենք հաղթել շատ անգամ ցածրորակ մուլտֆիլմեր թողարկող այդ շուկային:
-Կա կարծիք, ըստ որի հայ անիմատորները հայկական հեքիաթներից այն կողմ դժվարանում են ինչ-որ բան նկարահանել՝ բոլորովին նոր սյուժեով եւ առանց պատրաստի հենքի:
-Ես կատեգորիկ համաձայն չեմ այդ կարծիքի հետ. աշխարհում ամեն բան արդեն ասված է, մենք ընդամենը հիշեցնողներ ենք: Այն հեքիաթները, որոնք մենք ունենք, կրում են խորը իմաստ, գաղափարախոսություն, եւ եւս մեկ անգամ դրանց անդրադառնալը տեղին է: Բացի այդ՝ մենք այդ մուլտֆիլմերը նոր ինտերպրետացիայով ենք ներկայացնում՝ պահպանելով հիմքը
-Այսօր կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտը հատուկ բաժին ունի, որը պատրաստում է անիմացիոն ոլորտի կադրեր, միեւնույն ժամանակ մասնագետների պակասն այս բնագավառում, կարծես թե, չի լրացվում…
-Կադրերի պակասը շատ ավելի հեշտ լուծվող խնդիր է, քան՝ պատրաստի կադրերին գործով ապահովելը: Ռոբերտ Սահակյանցի անիմացիայի կենտրոնը, որը պատրաստում ենք բացել, կփորձի ներգրավել այդ կադրերին: Այն բազան, որը հարկավոր է անիմացիոն ոլորտին կրթելու համար, ինստիտուտում գրեթե չկա, եւ դա շատ ցավալի է: Մենք կփորձենք ապագա նկարչին կամ անիմատորին ոչ թե թուղթ ու մատիտ տալ, այլ պետքական տեխնիկա: Իսկ «հետո»-ն, նրանց ապագան, իսկապես, մեծ խնդիր է…
-Խորհրդային Միության տարիներին արվեստագետները միայն ստեղծագործելու մասին էին մտածում. հիմա դժվար չէ՞ անընդմեջ կողմնակի հոգսերով ծանրաբեռնվելուն զուգընթաց աշխատելը:
-Իսկապես, շատ դժվար է ստեղծագործել, երբ ուշքումիտքդ կենցաղային հարցերն են, ասենք՝ ստուդիայի ջեռուցման խնդիրը: Իսկ, ահա, Խորհրդային Միության տարիներին այդ խնդիրները լուծված էին. գուցե հենց դա էր այն ազատությունը, որի մասին մենք այսօր երազում ենք, եւ որն այն ժամանակ չէինք գիտակցում:
-Ձեր ոլորտի հետեւորդներին արդեն տեսնո՞ւմ եք: Գալիք սերնդի շրջանում ի՞նչ պոտենցիալ եք նկատում:
-Այս պահին ավագ որդիս զբաղվում է գեղարվեստական ֆիլմերով եւ այդ ոլորտում է իրեն տեսնում, իսկ կրստեր որդիս արդեն անիմացիոն ոլորտում իրեն դրսեւորելու ցանկություն ունի: Առհասարակ, երիտասարդների շրջանում միանշանակ տեսնում եմ շատ մեծ պոտենցիալ, կոնկրետ մեր ստուդիան ունի խոստումնալից անիմատորներ, որոնց մեծ ապագա է սպասվում:
-Ուրեմն՝ կոչ անենք, որ պետությունն ու մասնավոր ներդնողներն աջակցեն նրանց:
-Այո՛, դա անհրաժեշտություն է, եւ միայն այդ կերպ մեր ոլորտը տարեցտարի կզարգանա:
Աննա Բաբաջանյան