Դա արդեն ազգային անվտանգության խնդիր է. Դավիթ Սահակյանցը՝ «Ոսկե ծիրանի» և կինոմիությունից դուրս գալու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մուլտիպլիկատոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը եւ նրա մայրը` ռեժիսոր, նկարիչ, սցենարիստ Լյուդմիլա Սահակյանցը, հայտնել են Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից դուրս գալու որոշման մասին: Նրանք նշում են, որ չեն կարող լինել մի կառույցի անդամ, որի նախագահը Հարություն Խաչատրյանն է: Պարոն Սահակյանցին դուր չի եկել այն հանգամանքը, որ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում ներկայացված են եղել ադրբեջանական, թուրքական կինոնկարներ, իսկ տրանսգենդերի մասին ֆիլմն էլ արժանացել է մրցանակի: Մուլտիպլիկատորը նկատում է՝ նախկինում հնարավորություն ունեցել են կանխելու նմանատիպ ֆիլմերի ցուցադրումը, բայց այս տարի դա չի ստացվել: «Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է Դավիթ Սահակյանցի հետ:

-Պարո՛ն Սահակյանց, Ձեր որոշումից հետո միությունից որեւէ զանգ ստացե՞լ եք:

-Ոչ, ինձ չեն զանգահարել:

-Մի փոքր կբացե՞ք փակագծերը՝ նշյալ թեմաներով ֆիլմերն ինչու Ձեզ դուր չեն եկել:

-Ըստ իս՝ արվեստը չի կարող առանձին գոյատեւել. այն ընդհանուր համակարգի մի մասնիկ է, որքան էլ փորձեն այն տարանջատել: Ադրբեջանական, թուրքական, տրանսգենդերի մասին ֆիլմերն ունեն քաղաքական ենթատեքստ: Դրանք արդեն դուրս են արվեստի ենթատեքստից եւ գտնվում են այլ հարթակում: Այն, որ տրանսգենդերի մասին ֆիլմը ստացավ մրցանակ, ինձ համար քարոզչություն էր: Գուցե փորձեն համոզել հակառակը, բայց այսօր ամբողջ աշխարհում այդ միտումը կա. մրցանակներ են ստանում ԼԳԲՏ համայնքին վերաբերող ֆիլմերը: Հիմա նույն երեւույթն առկա է մեզ մոտ, պարզապես մեր պարագայում այն շատ ավելի վտանգավոր է: Մենք 50 միլիոնանոց ազգ չենք, փոքր ենք՝ մեծ խնդիրներով, մոլորակի վրա մեր տեղը գտնելու խնդիր ունենք: Իսկ նման երեւույթները կարող են լրջորեն հարվածել մեզ: Ի դեպ, ուզում եմ շեշտել, որ ես «Ոսկե ծիրան»-ը համարում եմ կայացած փառատոն՝ իր բոլոր լավ ու վատ կողմերով: Պարզապես Հարություն Խաչատրյանը պետք է աներ ամեն բան, որ նման իրադրությունից զերծ մնայինք, որ փառատոնը մնար հավատարիմ այն սկզբունքներին, որով առաջնորդվում էր հիմնադրման օրից: Մի կարեւոր նկատառում էլ անեմ. նախկինում փառատոնի շրջանակում անցկացվում էր ծիրան օրհնելու արարողություն, որը շատ ազդեցիկ էր եւ դուր էր գալիս մարդկանց: Այս տարի դա էլ արանքից դուրս եկավ: Սա ինձ իսկապես ցավ է պատճառում:

-Պարո՛ն Սահակյանց, Դուք խոսեցիք քաղաքական ենթատեքստերով ֆիլմերի մասին, սակայն, համաձայնեք, որ կինոպատմության մեջ ստեղծված բազմաթիվ հզոր ֆիլմեր ունեն քաղաքական ենթատեքստ, բայց դա չի նշանակում, թե դրանք դադարում են արվեստի գործ համարվել: Հիմա Դուք ասում եք՝ ադրբեջանական, թուրքական ֆիլմեր փառատոնի շրջանակում չպետք է ցուցադրվեն: Ինչու՞. չէ՞ որ արվեստը արվեստ է:

-Ես շատ կտրուկ եմ նայում նման հարցերին. դա արդեն ազգային անվտանգության խնդիր է: Մենք պետք է շատ զգույշ լինենք: Ախր նույն Ադրբեջանը պատերազմում է մեզ հետ, հայտարարում է մեր երկիրը զավթելու մտադրությունների մասին, այդ երկրում տարվում է հակահայկական քարոզ՝ մանկապարտեզից սկսած: Նման պայմաններում միակողմանի բարեկամությունից խոսելը, կարծում եմ, սխալ է: Քանի դեռ չեն կարգավորվել մեր հարաբերությունները հարեւանների հետ, պետք է խաղանք այն կանոններով, որոնք այսօր կան:

-Ինչու՞ նման վիճահարույց թեմաների շուրջ հենց միությունում քննարկումներ չեն անցկացվում: Հարություն Խաչատրյանի հետ անձամբ խոսե՞լ եք Ձեզ մտահոգող հարցերի մասին:

-Իհարկե, ավելի ճիշտ կլիներ, եթե քնարկում ծավալվեր, բայց նման բան չեղավ, ընդունվեց որոշում, ֆիլմերը ցուցադրվեցին փառատոնում, իսկ մրցանակի հանձնումը տրանսգենդերի մասին ֆիլմին արդեն ամեն ինչի գագաթնակետն էր: Դա արդեն այլ տեղ է տանում, Հարություն Խաչատրյանի հետ էլ անձամբ խոսելն, ըստ իս, անիմաստ է…

Աննա Բաբաջանյան




Լրահոս