Որ հայրենիքում լինեի, ինձ այսպես չէիք սիրի. Վիոլետա Գևորգյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ բուռն ու կարոտագին ծափահարությունների ներքո Սունդուկյանի անվան թատրոնի բեմ բարձրացավ ՀՀ Ժողովրդական արտիստուհի, պետական մրցանակների դափնեկիր, դերասանուհի Վիոլետա Գեւորգյանը, նա ձեռքի թեթեւ շարժումով հրաժարվեց իր համար նախատեսված ճոխ նստատեղից եւ տեղավորվեց անշուք մի աթոռի վրա:

Տեւական ժամանակ հայրենիքից բացակայած արտիստուհին, ով օրերս ԱՄՆ-ից ժամանել է Հայաստան ու նոյեմբերի 26-ին էլ նշեց իր 70-ամյա հոբելյանը, բեմից հանդիսատեսին հիշեցրեց իր կերտած կերպարները՝ Աննա Ֆրանկից մինչեւ Աղուն: Երբ նա տարիներ անց հնչեցրեց Մաթեւոսյանի հերոսուհու հայտնի խոսքերը, դահլիճն ուղղակի պայթեց ծափահարություններից:

Թատերագետ Լեւոն Մութաֆյանը հիշեց Սոս Սարգսյանի խոսքերը, որոնք նա ասել էր 10 տարի առաջ՝ դերասանուհու 60-ամյակին. «Ա՛յ շաշ, Էդ ամերիկաները թո՛ղ, արի՛ տուն…»:

Բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մեր պետությանը, պատկան մարմիններին կոչ արեց, որ դերասանուհուն հայրենիք վերադարձնելու համար նրա հետ երկխոսություն սկսեն. «Թող ոչ միայն հրավիրեն, այլեւ ստեղծեն բոլոր պայմանները, որպեսզի նա վերադառնա: Երազել ու ասել, որ բոլորը հետ կգան, չի լինի, սակայն գոնե նրանց, ովքեր ունեն այդ ցանկությունը, կարող են ապրել այստեղ ու հարստացնել մեր թատերական արվեստը, պետք է ամեն կերպ բերել Հայաստան»,-ասաց նա:

Միջոցառման ընթացքում դերասանուհուն բոլորը հրավիրում էին տուն, միայն թե, ինչպես նկատեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը, այդ վերադարձը չպետք է լինի «Արի տուն»-ի տրամաբանության շրջանակներում: Արտիստուհուն շնորհվեցին նաեւ մեդալներ, ու թեեւ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը շփոթեց Վիոլետա Գեւորգյանի տարիքը եւ շնորհավորեց նրա 75-ամյա հոբելյանը, այնուամենայնիվ, վերջինս շատ հուզվեց իր հանդեպ ուշադրության «տարափից»:

«Այս ինչ արեցիք ինձ հետ…Այսօր ես թատրոնում չեմ, բայց թատրոնն իմ մեջ է, երբեք չի թողել ինձ մենակ: Եվ հետո, կարոտն էլ լավ բան է, որ հայրենիքում լինեի, ինձ այսպես չէիք սիրի…»,-կես-կատակ, կես-լուրջ ասաց Վիոլետա Գեւորգյանը՝ հավելելով, որ այսօր թատրոնում աշխատում են չտեսնված երիտասարդ դերասաններ, որոնք իրեն վաղվա օրվա հանդեպ հույս են ներշնչում:

Աննա Բաբաջանյան

Լուսանկարը` Armenpress-ի




Լրահոս