Հայ-լեհական միջկառավարական հանձաժողովի նիստ` Վարշավայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 2-4-ը Վարշավայում տեղի ունեցավ հայ-լեհական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձաժողովի համատեղ 4-րդ նիստը:

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ, հայ-լեհական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Գարեգին Մելքոնյանը, իսկ լեհական պատվիրակությունը` Լեհաստանի էկոնոմիկայի նախարարության փոխպետքարտուղար Տոմաշ Տոմչիկևիչը:

Հայկական պատվիրակության կազմում էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, գյուղատնտեսության նախարարի տեղակալերը, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ՀՀ արտաքին գործերի, բնապահպանության, ֆինանսների, կրթության և գիտության, պաշտպանության, առողջապահության, տրանսպորտի և կապի նախարարությունների, ՀՀ Կառավարության և Անվտանգության խորհրդի ներկայացուցիչներ:

Դեկտեմբերի 3-ին Վարշավայի «Գրանդ Մերկուրի» հյուրանոցի «Օլիմպ» սրահում մեկնարկեց նիստի` ընդլայնված կազմով հանդիպումը: Բացման և ողջյունի խոսքով հանդես եկան համանախագահներ Գարեգին Մելքոնյանն ու Տոմաշ Տոմչիկևիչը: Համանախագահները, ընգծելով հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը, կարևորեցին միջկառավարական համատեղ հանձնաժողովների գործունեությունը և հույս հայտնեցին, որ 4-րդ նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև քննարկումների արդյունքում երկու կողմերից արված նոր առաջարկությունները, ևս կընդգրկվեն նիստի արձանագրության մեջ, ինչը նոր շունչ կհաղորդի երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների արդյունավետ համագործակցությանը:

Համանախագահները վստահեցրին, որ երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային ընդգրկուն դաշտը լավ հնարավորություն է` զգալիորեն ընդլայնելու առևտրատնտեսական կապերը: Նախանշվեցին Հայաստան-Լեհաստան տնտեսական համագործակցության զարգացման տեսակետից առավել կարևոր և հեռանկարային համարվող հիմնական ուղղությունները` գյուղատնտեսություն, ֆինանսական ներդրումներ, էներգետիկա, մաքսային, տրանսպորտ և հաղորդակցություն, առողջապահություն, զբոսաշրջություն, մշակույթ և գիտություն: Նշյալ ոլորտներում համագործակցությունն աշխուժացնելու համար կողմերը կարևորեցին նաև մասնավոր սեկտորի ակտիվ մասնակցությունն ու ներգրավածությունը:

Լիագումար նիստին հաջորդեց աշխատանքային խմբերի մասնագիտական քննարկումները: Այնուհետև նույն սրահում լեհ գործարարների մասնակցությամբ մեկնարկեց «Հայաստանի տնտեսութունը և ներդրումային դաշտը» խորագրով սեմինարը:

Դեկտեմբերի 4-ին Լեհաստանի էկոնոմիկայի նախարարությունում կայացավ համատեղ հանձնաժողովի ամփոփիչ նիստը, 4-րդ նիստի Արձանագրության ստորագրման հանդիսավոր արարողությունը և երկու համանախագահների մասնակցությամբ մամլո ասուլիս:

Այցի շրջանակում պատվիրակությունը մի շարք հանդիպումներ ունեցավ Լեհաստանի տարբեր գերատեսչություններում:




Լրահոս