Մեծամորում հայտնաբերվել է 14-ամյա տղայի դին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 10-ին ժամը 11.30-ի սահմաններում ոստիկանության Մեծամորի բաժնի և Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Արմավիրի մարզի փրկարարները հայտնաբերել են երեկվանից փնտրվող 14-ամյա երեխայի դին: Ինչպես  armlur. am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը երեխան հայտնաբերվել է Մեծամոր քաղաքի ամառանոցների տարածքում: Երեխան Արագածոտնի մարզի Նոր Ամանոր գյուղի բնակիչ Կարեն Գալոյանն էր, ով զբաղվում էր հովվությամբ: 
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ հունիսի 9-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Սելավի և կարկուտի արդյունքում, որոնք հիմնականում տեղացել են Արագածոտնի մարզում, ջուրն իջել է Արմավիրի մարզ, հեղեղատարները լցվել են` Աղի լճից Մայիսյան համայնք ընկած հատվածում, ջուրը դուրս է հորդացել, և վտանգ կար, որ արտակարգ իրավիճակը կարող է վերաճել իսկական հեղեղի:  Ֆոտոլրագրողի փոխանցմամբ, ջուրը բարձրացել և հեղեղել է մի շարք բնակավայրեր` Լեռնագոգը, Մայիսյանը, Արմավիր քաղաքի 108 թաղամասը, Մեծամորի և՛ քաղաքի հատվածը, և՛ այգեգործական ընկերության տարածքը, որտեղ այժմ ամառանոցներ են, ինչպես նաև Մեծամորի գերեզմանոցը և Մեծամորի մարզադաշտը:Մոտավոր հաշվարկներով, ջրի տակ է մնացել մոտ 130 հա տարածք, սակայն վնասների և կոնկրետ այլ տվյալների բացահայտման համար վաղը կստեղծվի միջմարզային կամ միջգերատեսչական հանձնաժողով: Արդեն հայտնի է, որ փչացել են ձմերուկի, առվույտի և գյուղատնտեսական մի շարք տեսակների ցանքատարածություններ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս