ՓԱԿԵԼ ԵՆ ԲԱՎՐԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 10-ին, ժամը 11-ին, ինչպես նախապես հայտարարված էր, Նոյեմբերյան քաղաքի Ազատության հրապարակում հավաքվեցին  վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների տերերը, ովքեր բողոքում են օտար համարանիշներով մեքենաների պարտադիր մաքսազերծման վերաբերյալ ՀՀ մաքսային օրենսգրքում 2010թ. դեկտեմբերի 22-ին կատարված փոփոխության դեմ: Ժամը 12.30-ի սահմաններում ակցիայի մասնակիցների մոտ եկավ Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, ով ցուցարարներին հորդորեց բարձրանալ իր աշխատասենյակ` հանդիպելու Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին եւ ՀՀԿ Նոյեմբերյանի խորհրդի նախագահ, Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետ Հովիկ Աբովյանին: Ակցիայի մասնակիցները ներկայացրին սահմանագոտու ժողովրդի  սոցիալական վատթար վիճակը, որի պատճառով  մարդիկ հնարավորություն չունեն մաքսազերծելու վրացական համարանիշներով մեքենաները: Նրանց պահանջը երկուսն  է` երկարաձգել մաքսազերծման համար նախատեսված ժամկետը եւ իջեցնել մեքենաների մաքսազերծման դրույքաչափերը: Ակցիայի ակտիվիստներից Նորայր Սահակյանն ասաց, որ մարզի  հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղի կապը «մեծ աշխարհի» հետ  իրականացնում է վրացական համարանիշներով «Օպել» մակնիշի մի մեքենա, որի տերը ավտոմեքենան մաքսազերծելու հնարավորություն չունի: Ա. Ղուլարյանն  ու Հ. Աբովյանը խոստացան բնակիչների պահանջները ներկայացնել կառավարություն, իսկ ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանի միջոցով`  խորհրդարան: Բողոքի ակցիայի մասնակիցները իրենց պահանջները ներկայացրել էին նաեւ  գրավոր` «Բաց նամակ»-ով եւ ձեռագիր դիմումով: Քաղաքացիների պահանջների  պատասխանը «վերեւներից» ակնկալվում է հաջորդ շաբաթվա սկզբին:ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ Տավուշ




Լրահոս