«Հայրս «ինձնով» գումար չի աշխատում» (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջազ երգչուհի Էմմա Ասատրյանն այն քիչ երգչուհիներից է, ում հաջողվել է իր տեսակը ձեւավորել երգարվեստում, քննարկվել, սակայն միեւնույն ժամանակ քայլել շոու-բիզնեսի կողքով: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է հայաստանյան ջազ մթնոլորտին, նաեւ տեղեկացրել, որ վերջերս երկրից հեռանալու վերաբերյալ մտքեր է ունենում:

-Էմմա՛, Ձեր երգերն աչքի են ընկնում իրենց հստակ տարբերվող թեմատիկայով՝ «Շիկահեր եւ կարճատես», «Ճաղատ եւ խելապակաս». ո՞րն է հաջորդը:

-Էլի ոչ ստանդարտ տեքստով երգ եմ պատրաստում, առանց առանձին ջանքեր գործադրելու՝ ինձ մոտ միշտ դա ստացվում է. իմ կյանքն է այդպիսին՝ մի քիչ ծուռ… (ծիծաղում է):

emma2

-Գիտենք, որ ինչ-որ խորհրդավոր նախապատմություն կա Էլվինա Մակարյանին նվիրված Ձեր երգի հետ կապված. կպատմե՞ք:

-Էլվինա Մակարյանն իր խափանված մենահամերգից առաջ մի ձայնասկավառակ էր ուղարկել Հայաստան, որում ներառված էին բոլոր այն երգերը, որոնք ինքը պետք է կատարեր: Ամեն երգը ներկայացնելուց առաջ նա խոսում էր, բացատրում, թե ինչպես կուզենար՝ այն գործիքավորվի… Եվ այն երգը, որը ես արդեն ձայնագրել եմ, ներկայացվել է ճիշտ այնպես, ինչպես նա էր կամեցել:

-Ինչպե՞ս է ստացվել, որ «Մանկական Եվրատեսիլ»-ին Հայաստանը ներկայացնող փոքրիկների մեծամասնությունը հենց Ձեր դպրոցն է անցել:

-Չգիտեմ, իմ բալիկները կարծես սիրահարված լինեն «Եվրատեսիլ»-ին, դա զարմացնում է ինձ: Ինքս «ահավոր» չեմ սիրում մրցույթներ, դրանց ուղեկցող լարվածությունը, որն ավելի է սրվում մեծերի կողմից, հոգեպես ծանր եմ տանում…

emma

-Այնպիսի տպավորություն է, որ Ձեր հայրը՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի, Ինգա եւ Անուշ Արշակյանների պրոդյուսեր, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Արթուր Ասատրյանը, այնքան էլ միջամտություն չունի Ձեր ստեղծագործական կյանքում, այդպե՞ս է:

-Ո՛չ, համաձայն չեմ: Նրա շնորհիվ ես բախտ ունեցա սովորել Ավստրիայում, նա արեց ամենակարեւոր բանը՝ ճիշտ ուղու վրա դրեց ինձ: Պարզապես հայրս «ինձնով» գումար չի աշխատում. այդքան բան:

-Օրինակ՝ Սիլվա Հակոբյանի պես ընտանիքով բիզնես անելու միտումը Ձեր դեպքում, կարծես, չի նկատվում:

-Ամեն մեկն իր ձեւով է ճիշտ, այդտեղ վատ բան չեմ տեսնում, իրենց գործն է…Ես ուրախ եմ, որ կարող եմ ինքնուրույն քայլել եւ չընկնել…

emma3

-Դուք հիմնականում քայլում եք շոու-բիզնեսի կողքով. դժվար չէ՞ դիմանալ ավելի ճանաչվելու ու գումար աշխատելու գայթակղությանը:

-Ես գոհ եմ իմ ապրած կյանքից. գայթակղվելու որեւէ առիթ չեմ տեսնում, դրանք հետաքրքիր չեն ինձ համար, եթե ուզենայի՝ կունենայի այդ ամենը: Այո՛, ինձ մոտ ստացվում է շոու-բիզնեսի կողքով քայլել, նույնիսկ՝ դրանից բավական հեռու…

-Ի՞նչ եք կարծում՝ հայերս ջազ սիրո՞ղ ժողովուրդ ենք:

-Ես հուսով եմ…Ամեն դեպքում, կա մի ստվար զանգված, որ սիրում է ջազ, իհարկե, կան նաեւ այնպիսիք, ովքեր մոդայիկ լինելու համար ցույց են տալիս, թե իբր շատ են սիրում ջազ: Օրինակ՝ վերջերս, երբ Հերբի Հենքոքը եկել էր Երեւան, ոմանք նրա համերգին գնացել էին՝ հատուկ սելֆիներ անելու համար: Ես վստահ եմ, որ նրանք Հենքոքի վերջին ձայնասկավառակից այն կողմ նրա ստեղծագործություններին ծանոթ էլ չէին: Հուսով եմ՝ մեզ մոտ տարածված այս ձեւականությունը կվերանա:

-Հայաստանում ջազի պրոպագանդան Ձեզ գոհացնո՞ւմ է:

-Դե՛, օրինակ՝ Հայաստանի պետական ջազ նվագախումբն ամեն ամիս ունենում է նորացվող ծրագրերով համերգներ, բայց այդ մասին շատ չի խոսվում…Ինչ-որ հայտնիների անձնական կյանքերն ավելի քննարկվող են. բայց դա ողջ աշխարհում տարածված տենդենց է, ես սկսել եմ թեթեւ տանել, քանի որ ոչինչ չեմ կարող փոխել:

-Ինքներդ Ձեզ պատկերացնո՞ւմ եք նույնքան խենթ ու չարաճճի տղամարդ-կին հարաբերություններում, հետագայում նաեւ՝ ընտանիքում, որքան բեմում եք:

-Շատ կուզենամ ընդունվել այնպիսին, ինչպիսին կամ: Երազում եմ սիրված ու սիրող կին, մայրիկ լինել. դա ամենակարեւորն է: Դե՛, իսկ չարաճճիությունը ամուսնու եւ բալիկի հետ էլ կարելի է անել (ծիծաղում է):

-Սովորել եք Ավստրիայում, զգացել եվրոպական արժեքների ազդեցությունը. կա՞ մի բան, որ կուզենայիք այնտեղից Հայաստան «ներմուծել»:

-Երբ գնացել էի Ավստրիա, մտածում էի, որ էլ հետ չեմ գա: Չգիտեմ, մի քիչ հոգնել եմ, մարդիկ մեկը մյուսի հանդեպ ատելությամբ են լցվել, պակասել է հարգանքը, որը շատ կուզենայի՝ եվրոպացիներից ընդօրինակեինք, խաղաղ ապրեինք: Բացի այդ՝ իմ սիրելի երկրում շատ բան թելից է կախված: Հատկապես վերջերս երկրից հեռանալու մտքեր են պարուրում ինձ, թեւ հստակ պլաններ դեռ չկան…

Աննա Բաբաջանյան




Լրահոս