ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՔԱՅԼ Է, ՈՉ ԹԵ ԱՐԴՅՈՒՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել Հայաստանում ստեղծված բարդ քաղաքական իրավիճակի վերաբերյալ: Հայտարարությունում, մասնավորապես, ասված է. «Չորս խորհրդարանական ուժերի՝ Հայ Ազգային Կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստան»-ի, «Ժառանգության» եւ Հայ Յեղափոխական Դաշնակցության վերջնագրի շնորհիվ՝ Սերժ Սարգսյանը ստիպված էր պարտադրել վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Ապրիլի 13-ին Սերժ Սարգսյանը նոր վարչապետ է նշանակել Հովիկ Աբրահամյանին: Այս կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսի մոտեցումները հետեւյալն են.

Հայաստանի իշխանությունների մեղքերի եւ ձախողումների համար պատասխանատու է ամբողջ հանրապետական մեծամասնությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Մենք չպետք է սպասենք կառավարության ձեւավորմանը եւ նրա կողմից ծրագրի ներկայացմանը, որպեսզի վերաբերմունք հայտնենք նոր կառավարության նկատմամբ: Հայաստանի ոչ լեգիտիմ, կոռումպացված իշխանությունները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի ռեժիմի, ի վիճակի չեն Հայաստանի զարգացման որեւէ ծրագիր իրականացնել եւ կորցրել են Հայաստանում կառավարություն ձեւավորելու որեւէ իրավունք: Մենք ոչ թե մերժում ենք վարչապետի կամ որեւէ նախարարի անձը կամ նրանց ներկայացրած ծրագիրը, այլ՝ մերժում ենք Հայաստանում կառավարություն ձեւավորելու հանրապետականների կեղծված մեծամասնության իրավունքն ընդհանրապես: Ուստի մեր կարծիքով՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի Քառյակի հիմնական խնդիրը պետք է դառնա Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը:
Ինչ վերաբերում է ստեղծված վիճակում Քառյակի գործունեությանը, ապա Հայ Ազգային Կոնգրեսը վերահաստատում է իր պատրաստակամությունն ու վճռականությունը շարունակելու այդ ձեւաչափով իշխանափոխությանն ուղղված միասնական ջանքերը եւ արդյունավետ համագործակցությունը»։
«Ժողովուրդ»-ը փորձել է ՀԱԿ առաջիկա քայլերի մասին տեղեկանալ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանից:
-Պարոն Ջհանգիրյան, ՀՀ կառավարության փոփոխությունը ՀԱԿ-ի «սրտով» չէ՞, միթե դա չէր ցանկանում Կոնգրեսը: Ի վերջո, կնշե՞ք, թե ինչ էր ցանկանում անել ՀԱԿ-ը ու արդյունքում ինչ է ստացվել:
-Կառավարության հրաժարականը մեր միջանկյալ նպատակն է եղել ամբողջական իշխանափոխության ճանապարհին։ Մենք վարչապետի կամ կառավարության անդամների փոփոխության խնդիր չենք դրել։ Այդ իսկ պատճառով ՀԱԿ-ը հայտարարել է, որ ոչ մի պարագայում մենք մաս չենք կազմելու նոր կառավարության:
-Բայց ԱԺ ՀԱԿ խմբակցությունը հայտարարում է, թե Քառյակի պայքարի շնորհիվ է, որ ՀՀ կառավարությունը հրաժարական տվեց:
-Անկասկած, վարչապետի՝ նույնիսկ քաղաքական մեծամասնության համար անսպասելի հրաժարականը պայմանավորված էր չորս ուժերի նախատեսած համատեղ միջոցառումներով։ Եվ այն պնդումները, թե վարչապետը դեռեւս փետրվարին կամ մարտին հրաժարականի դիմում էր ներկայացրել, սին են, քանի որ ընդամենը մեկ-երկու օր առաջ Հանրապետական կուսակցության անդամները հրապարակավ հայտարարում էին, որ վարչապետի կամ կառավարության հրաժարականի հարց դրված չէ:
-Այսինքն՝ այս արդյունքը չի՞ բավարարում ՀԱԿ-ին, այդ դեպքում ի՞նչ է պատրաստվում անել ՀԱԿ-ը, ունե՞ք Ձեր հետագա քայլերի «ճանապարհային քարտեզը»: Խնդրում եմ նշեք Հայ Ազգային Կոնգրեսի հետագա պլանների մասին:
-Մեր անելիքների մասին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրասյանն արդեն իր տված հարզացրույցի ժամանակ մանրամասն հայտնել է: Իսկ ինչ վերաբերում է իմ կարծիքին, ապա մենք պետք է անենք հնարավորինը՝ ամրապնդելու Քառյակի միասնությունը եւ մշակել միասնական քաղաքական օրակարգ կամ «ճանապարհային քարտեզ»:
-Բայց ԱԺ մյուս ուժերը, կարծես թե, այլ հարց իրենց առջեւ չեն դրել: Օրինակ՝ ԲՀԿ-ն երբեւէ չի հայտարարել, որ իրենց պայքարը շարունակվում է եւ հիմա էլ իրենք պահանջելու են Սերժ Սարգսյանի հրաժարականը:
-Ես այդպիսի տեղեկություններ չունեմ, որ իրենք, կարծես թե, բավարարվել են կառավարության հրաժարականով եւ նոր վարչապետի նշանակումով։ ԲՀԿ-ն հայտարարում է, որ կոալիցիայի մաս չի կազմի, այդպիսի խնդիր իր օրակարգում չկա: Ակնհայտ է, որ կառավարության գործունեության ծրագրերի եւ կազմի ներկայացումից հետո բոլոր քաղաքական ուժերն, այդ թվում նաեւ ԲՀԿ-ն կտան իրենց վերջնական գնահատականները:

 

 

 

«ԻՄ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ ԻՆՁ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ Է»

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ վարչապետ չեն ծնվում, այլ դառնում են: Մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր փորձառության շնորհիվ կկարողանա ավելի շուտ ինտեգրվել գործադիրի աշխատանքներին:

-Պարոն Նիկոյան, այժմ քննարկվում է, թե ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին ով է փոխարինելու: Հավանական թեկնածուները համարվում են ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ու խմբակցության անդամ Կարեն Կարապետյանը: Դուք այս հարցը քննարկե՞լ եք ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստերի ժամանակ: Ի՞նչ որոշում ունեք:
-Այդ հարցադրումը ե՛ւ գործադիր մարմնի, ե՛ւ խորհրդի նիստի ժամանակ հնչել է: Պատասխանը եղել է հետեւյալը. մենք դեռ ժամանակ ունենք եւ ընթացքում այդ խնդիրը մանրամասնորեն կքննարկենք ե՛ւ գործադիր մարմնում, ե՛ւ խորհրդում: Այնպես որ, սա վերջնական ու պաշտոնական պատասխան է, այլ քննարկման մասին ես որեւէ տեղեկություն չունեմ:
-Խոսակցություններ կան, որ Հովիկ Աբրահամյանին հնարավոր է` Դուք փոխարինեք:
-Ճիշտ կլինի՝ մի 18 օր սպասեք, որից հետո ամեն ինչ պարզ կլինի ու դուք տեղյակ կլինեք, թե ով է նշանակվել ՀՀ Ազգային ժողովի նախագահ:
-Իսկ եթե Ձեզ առաջարկվի այդ պաշտոնը, Դուք կհամաձայնվե՞ք կրկին լինել ԱԺ նախագահ:
-Դուք արդեն հարցադրումը ճիշտ չեք անում, ձեր հարցադրման մեջ պրովոկացիոն մաս կա: Ես ձեր հարցին այսպես կպատասխանեմ. իմ կարգավիճակն ինձ ամբողջովին բավարարում է:
-Եթե անգամ Ձեր կուսակցությունն առաջարկի կրկին լինել ԱԺ նախագահ Դուք կհրաժարվե՞ք:
-Ես ձեր հարցին արդեն պատասխանեցի:
-Իմ հարցը հետեւյալն է. Դուք հրաժարվելո՞ւ եք ԱԺ նախագահի պաշտոնից, եթե առաջարկ ստանաք:
-Ես պատասխանեցի:
-Իսկ ո՞վ է փոխարինելու ԱԺ-ում Հովիկ Աբրահամյանին:
-Դեռ քննարկում չի եղել, բայց մենք ցուցակով ունենք Լեռնիկ Ալեքսանյան, ով պետք է գա ԱԺ ու ես շատ ուրախ կլինեմ իր համար:
-Ըստ Ձեզ` Հ. Աբրահամյանն ինչպիսի՞ վարչապետ կլինի:
-Որեւիցե անձի գնահատական տալուց առաջ նախ՝ պետք է սպասել եւ ապա միայն գնահատել, ըստ աշխատանքների: Որեւիցե մեկը չի ծնվում պատրաստի վարչապետ: Վարչապետ դառնում են: Հույս ունեմ, որ այն փորձառությունը, որն ունի Հովիկ Աբրահամյանը, կօգնի իրեն, որ ինքը շատ շուտ կարողանա դրական արդյունքներ գրանցել:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 
ԼՈՒՐԵՐ

ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԸ՝ ՈՐԴՈՒ ԴԱՏԻ ՄԱՍԻՆ
«ժողովուրդ»-ը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանից հետաքրքրվեց, թե արդյոք այս ընթացքում այցելել է քրեակատարողական հիմնարկ իր որդուն. «Դա անձնական հարց է, եւ ես չեմ ցանկանա պատասխանել այդ հարցին»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Սյունիքի մարզի քննչական բաժնում Դավիթ Վարդանյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը եւ 215 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` թմրամիջոցների մաքսանենգություն: Նշենք, որ սույն գործն այժմ գտնվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

 

ԷԼԻ  ԿՀՐԱԺԱՐՎԵՆ
Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Դավիթ Քոչարյանը հրաժարվել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամակցությունից: Իսկ ավելի ուշ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե Դ. Քոչարյանը հրաժարվել է նաեւ պատգամավորական մանդատից, իսկ թե իրականում ինչ է տեղի ունեցել, այդ մասին ԲՀԿ-ական պատգամավորը լռում է:
Նշենք, որ համաձայն Աժ կանոնակարգ օրենքի 13-րդ հոդվածի՝ «Պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումն անձամբ ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում…»: Սակայն Դավիթ Քոչարյանը, չգիտես ինչու, դիմումը ներկայացրել է ԲՀԿ քարտուղարին ու անցել ընդհատակ: Ըստ ամենայնի, ԲՀԿ խմբակցությունում 2012-ի մայիսի ընտրությունների օրերին գրված համատարած հրաժարականների դիմումներն են: Հիշո՞ւմ եք՝ «Ժողովուրդ»-ը դեռ այդ օրերին գրել էր, որ Գագիկ Ծառուկյանը դեռ չընտրված բոլոր թեկնածուներից պատգամավորի մանդատից հրաժարականի դիմումներ էր հավաքել` ամիս-ամսաթվի տեղը բաց թողնելով: Ահա եկել է դրանց օգտագործման պահը:
Հիշեցնենք, որ Դ. Քոչարյանն այն պատգամավորն է, ով ընտրվել է Հրազդանից՝ ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Հարությունյանի փոխարեն: Ու քանի որ վերջերս Մ. Հարությունյանը դարձավ ԵԿՄ փոխնախագահ ու հրաժարվեց ԲՀԿ-ական լինելուց, հավանական էր, որ Դ. Քոչարյանն էլ կգնար նրա ճանապարհով: «ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Դ. Քոչարյանը միակ ԲՀԿ-ականը չէ, որ հրաժարվել է կուսակցությունից, առաջիկայում շատերը կուսակցությունից հեռանալու դիմումներ կներկայացնեն: Այս պահին ԲՀԿ-ում փորձում են այնպիսի քայլեր ձեռնարկել, որպեսզի վատ նախատիպեր չսկսվեն:




Լրահոս