ԴԱԺԱՆ ԾԵԾՆ ՈՒ ՉՀԱՋՈՂՎԱԾ ԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտառոց դեպք՝ Արարատի մարզի Զանգակատուն համայնքում: Երեկոյան՝ ժամը 20:30-ի սահմաններում, երկու երիտասարդ դաժան ծեծի են ենթարկել 65 տարեկան մի տղամարդու, որին մարզի հիվանդանոցում բժիշկները հրաժարվել են ընդունել:

Թե ինչն է եղել տարեց մարդուն ծեծի ենթարկելու պատճառը, «Ժողովուրդ»-ը նախ փորձեց պարզել Զանգակատան համայնքի ղեկավար Էմին Սահակյանից: Ըստ գյուղապետի` ծեծի ենթարկված անձը գյուղի բնակիչ, 60-ամյա Պավլո Պողոսյանն է եղել. «Ամուսիններով մենակ են ապրում, նրանց դուստրերից մեկը Ամերիկայի Միացյալ Նահանգներում է, իսկ մյուսն էլ ապրում է մեր գյուղում: Անձամբ դեպքից հետո խոսել եմ Պավլոյի հետ, ասաց, թե ինչ-որ տղաներ են եղել, խոսել են հետը, իսկ հետո մի լավ ծեծել: Թե ովքեր են եղել այդ տղաները դեռ հայտնի չէ»:
Համայնքի ղեկավարը նշեց, թե ինքը տեղյակ չէ` ինչից է ծագել վեճը: Մեր հարցին՝ երիտասարդները Պավլո Պողոսյանից ոսկեղեն եւ գումարնե՞ր են պահանջել, գյուղապետ Սահակյանը պատասխանեց՝ նման բան չկա, պարզապես վիճաբանություն է եղել, ինչի հետեւանքով երիտասարդները դաժան ծեծի են ենթարկել Պավլոյին:
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություներով՝ դեպքի ժամանակ Պավլոյի կինը տանն է եղել եւ չի լսել, որ սեփական առանձնատան բակում ծեծում են իր ամուսնուն: Սակայն ծեծն այն աստիճան դաժան է եղել, որ Արարատի մարզի հիվանդանոցում տեսնելով նրա վիճակը, հիվանդանոցի աշխատակազմը հրաժարվել է ընդունել՝ խորհուրդ տալով շտապ տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Տեղի ունեցածի շուրջ զրուցեցինք նաեւ ծեծի ենթարկված Պավլոյի եղբորորդու՝ Արթուր Պողոսյանի հետ: Վերջինս պատմեց, որ իր հորեղբորը ծեծի ենթարկած տղաները լավ տեղեկացված են եղել. «Նպատակային եկել են թալանեն ու սկսել են ծեծից, սակայն հորեղբայրս դիմադրել է, ինչի հետեւանքով 65 տարեկան մարդուն էդ օրն են գցել: Բերեցինք «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ճիշտ է, կյանքին վտանգ չի սպառնում, բայց բազմաթիվ սալջարդեր կան վրան: Դե իմացել են, որ դուստրն Ամերիկայում է ապրում, պասիլկա է ուղարկում իր ծնողներին, դրա համար էլ եկել են»,- բացատրեց Արթուրը՝ հավելելով, որ իր հորեղբոր կինը չի լսել ամուսնու ծեծի ձայները, քանի որ եվրոպատուհաններ են եղել:
Ըստ մեր զրուցակցի` հարեւանները նույնպես չեն լսել ձայներ, քանի որ այն հատվածը, որտեղ ապրում է իր հորեղբայրը գյուղի ծայրում է գտնվում եւ բավականին խոր վայրում. «Ասել են՝ ասա փողերի տեղը, մենք գիտենք՝ ունես, նա էլ չի ասել, դիմադրել է ու պաշտպանվել: Լավ է, ոչինչ չեն տարել, միգուցե չեն հասցրել»:
Պարզեցինք նաեւ, որ դեպքի օրը ամուսինները տանը միայնակ չեն եղել, նրանց այցելության է գնացել թոռնիկը: Տատ ու թոռ տեսնելով, որ Պավլոն շատ է ուշանում, անհանգստացել են ու գնացել նրա հետեւից: Ավելի ուշ տանը, բակի մի անկյունից լսել են տնքոցներ եւ Պավլոյին գտել են ձեռքերը կապկպված, ատամները փշրված վիճակում:
Նշենք, որ դեռեւս 2013թ. հոկտեմբերի 20-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում եւս նման դաժան դեպք էր տեղի ունեցել: Ամուսիններ Հրաչ եւ Սիրան Հովհաննիսյաններին (լուսանկարում) եւս դաժան ծեծի էին ենթարկել: Կապել էին բերանները, ձեռքերը, ոտքերը, եւ դուրս շպրտել տանից՝ պահանջելով ոսկի կամ գումար: Հանցագործներին հաջողվել էր պոկել եւ տանել ամուսինների ոսկյա պրոթեզները եւ որոշ ոսկյա իրեր: Ուշագրավն այն էր, որ ծեծի ենթարկողների մեջ աղջիկ էր եղել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 
ԼՈՒՐԵՐ

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ
«Դավիթ Անհաղթ» պոլիկլինիկայում նոր կռիվ է հասունանում: «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած պոլիկլինիկայի աշխատակիցները պատմեցին, որ իրենց տնօրեն Աննա Սիսոյանը կրճատել է աշխատավարձը՝ պատճառաբանելով, թե պոլիլկլինիկա հաճախող մարդկանց թիվը պակասել է. «40.000 դրամ աշխատավարձ ստացող սովորական քույրից պահել են 7000 դրամ, իսկ բժիշկների աշխատավարձը կրկնապատիկ անգամ են իջեցրել: Երբ գնացիք, որ ասենք, թե այդ չնչին աշխատավարձով չենք աշխատի, պոլիկլինիկայի տնօրենն ասաց՝ եկեք բոլորս էլ գնանք քաղաքապետարան բողոքելու»,- ներկայացրեց աշխատակիցներից մեկը:
Ինչեւէ, անահգստացած աշխատակիցները պատմեցին, որ բողոքել են, սակայն ապարդյուն: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տնօրեն Աննա Սիսոյանը եւս հաստատեց տեղեկությունը, որ աշխատավարձը կրճատել են, բայց ճար չունեն: Արդյունքում որոշ աշխատակիցներ շուտով կհեռանան պոլիկլինիկայից:

 

ԴԱՏԻ Է ՏԱԼՈՒ
«Էդվագ Գրուպ» ՍՊԸ-ն երեք տարի է, ինչ վիճարկում է հայկական շուկայում իր մտավոր սեփականություն հանդիսացող նռան տեսքի ապակյա շշով գինիների նմանակների անօրինական առկայությունը: Բանն այն է, որ 2011թ.-ից «Վեդի Ալկո» ՓԲԸ-ն սկսել է արտադրել այն, այնուհետեւ ՏՄՊՊՀ պահանջով գրանցել է արտադրական նմուշը, որից հետո դատարանում վիճարկվել եւ առոչինչ է ճանաչվել այդ գրանցումը եւ «Վեդի Ալկո»-ն շուկայից հանել է այդ արտադրանքը: Այդ ընթացքում, երեք այլ արտադրողներ՝ Իջեւանի, Պռոշյանի գինու գործարանները եւ «Մառան» ընկերությունը նույնպես սկսել են արտադրել եւ իրացնել նման արտադրանքը, նույնիսկ այն դեպքում, երբ Մտավոր սեփականության գործակալությունը մերժել է այդ արտադրական նմուշների գրանցումը՝ շփոթեցնելու աստիճանի նման լինելու հիմքով: «Էդվագ Գրուպ»-ը դիմել է ՏՄՊՊՀ-ին պահանջով՝ շուկայից հանել չգրանցված արտադրանքները: Սակայն ավելի քան կես տարի տեւած վարչական վարույթի արդյունքում ՏՄՊՊՀ-ն 2013թ. ապրիլի 4-ին կայացրել է որոշում, ըստ որի՝ շուկայում առկա նռան տեսք ունեցող որեւէ ապակյա շիշ նույնությամբ չի կրկնում գրանցված արդյունաբերական նմուշը: Արդյունքում «Էդվագ Գրուպ»-ը առաջիկայում պատրաստվում է վիճարկել այս որոշումը ՀՀ առաջին ատյանի դատարանում՝ պաշտպանելով իր եւ իր բաժնետերերի շահերը: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանի հետ, ով էլ փոխանցեց. «Հանձնաժողովը մանրամասնորեն քննարկել է նռան տեսքով գինու շշերի նմանության հարցը: Վ. Գեւորգյանը պնդում է, որ շուկայում երեք արտադրողներ օգտագործում են իր կողմից գրանցված արդյունաբերական նմուշին նման շշեր: ՏՄՊՊՀ- ը կայացված որոշմամբ հիմնավորել է, որ դրանք նույնական չեն, ինչպես նաեւ շփոթության աստիճան նման չեն»:

 

 

ԲԼԹ

«Կամ մնում եմ, կամ չեմ մնում. երկուսից մեկն է. ընդամենը երկու տարբերակ կա»:

Հրայր Թովմասյան armlur.am

Սա ասում է այն պաշտոնյան, ով, խոսելով կառավարության հրաժարականի պահանջի մասին, ասել էր, թե 4 ուժերը ղալաթ են անում, որ հրաժարական են պահանջում: Հանգամանքները ցույց տվեցին, որ մարդիկ «ղալաթ անելով» հասան արդյունքի ու այսօր նույն Հրայր Թովմմասյանի լինել-չլինելու հարցն է քննարկվում կառավարության կազմում: Ու սա եւս մեկ լավ առիթ է պաշտոնյաների համար՝ մտորելու, որ խոսելուց առաջ մտածել է պետք: Եվ եթե դու ունես իշխանություն, նույնիսկ բացարձակ իշխանություն, չպետք է իրականության զգացողությունը կորցնել եւ մոռանալ անցյալը:

 

 

 

«Նախագահը սխալ որոշում չի կայացնում, հանուն ժողովրդի նա այս որոշումը կայացրել է, իսկ կյանքի փորձը ցույց է տվել, որ Հովիկ Աբրահամյանը ժողովրդի համար է աշխատում»:

Առաքել Մովսիսյան News.am

Դե, իհարկե, հանուն ժողովրդի է ամեն ինչ արվում, երբ քրեաօլիգարխն էլ ՀՀԿ-ական պատգամավոր է դառնում, դա էլ է հանուն ժողովրդի, նույնիսկ ԱԺ-ում հայհոյելն է հանուն ժողովրդի, պարզապես ապերախտ ժողովուրդը դա չի գնահատում: Հովիկ Աբրահամյանն էլ միշտ աշխատել է հանուն ժողովրդի, հանուն ժողովրդի ղեկավարել ՀՀԿ նախընտրական շտաբը, հանուն ժողովրդի պրոֆեսիոնալ կերպով կազմակերպել է ընտրակեղծիքներ, նպաստել է ոչ լեգիտիմ իշխանությունների վերարտադրմանը՝ ինքն էլ լինելով այդ նույն ոչ լեգիտիմ իշխանությունների անբաժան մասնիկը: Դե ժողովուրդն էլ երեւի հենց իրենք են, հանուն իրենց էլ անում են:

 

 

 

«Միանգամից (Հովիկ Աբրահամյանից) ակնկալիքներ չունեմ, իմ տարիքը չէ… Վստահ եմ, որ խնամի-բարեկամ հասկացությունը քաղաքական կատեգորիա չէ, խնամին նշանակություն չունի…»։

Մկրտիչ Մինասյան «Առավոտ»

Ծերակույտում շատ լավ գիտակցում են, որ վաղուց արդեն իրենց տարիքը չէ, բայց, միեւնույն է, թոշակի չեն գնում: Նրանք այնքան հին են, որ իրենց թվում է, թե դեռ 90-ականներն են եւ հնարավոր է՝ նույնիսկ գտնվեն մարդիկ, ովքեր կհավատան իրենց այն խոսքերին, թե Հայաստանում խնամի-բարեկամ հասկացությունը քաղաքական կատեգորիա չէ: Այնինչ, Հայաստանում խնամի-բարեկամը ոչ միայն քաղաքական կատեգորիա է, այլ նաեւ բոլոր ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու ամենակարեւոր նախապայմաններից է: Լավ կլինի իրողությունը չթաքցնել. սիրուն չէ: Բոլորս էլ ապրում ենք Հայաստանում:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս