Գագիկ Ծառուկյանն իր ասածի տեր մնաց. Գրիգորի Մարգարյան՝ Բելաջիոյի Գրիշ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ խորհրդարանը հաստատեց 2015 թվականի բյուջեն՝ 71 կողմ, 46 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով: Ինչպես արդեն «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր՝ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը որոշել էր, որ ԲՀԿ-ականների մի հատվածը չմասնակցի քվեարկությանը. այդպես ավելի հարմար է: Ու քանի որ նախքան բյուջեի քվեարկությունը, քվեարկվեց նաեւ ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը, այլ կերպ ասած՝ ԲՀԿ-ն «մեկ գնդակով երկու նապաստակ խփեց»:

Ի դեպ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության ներկայացրած բյուջեի նախագծին դեմ քվեարկողներն ավելի քիչ էին, քան Հովիկ Աբրահամյանի ներկայացրածին: Տիգրան Սարգսյանի բյուջեն ստացել էր 71 կողմ, 37 դեմ ձայներ:
Եւ այսպես՝ 2015 թվականի բյուջեին չեն քվեարկել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Գրիգորի Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ), Արագած Ախոյանը, Արա Արամյանը, Ռուստամ Գասպարյանը, բացակա են եղել ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, Մարտուն Գրիգորյանը, Արշակ Մխիթարյանը (Բռլիանտի Արշակ), Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբո), Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո): Պարզվում է՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներից եւս գտնվել են մարդիկ, որոնք չեն քվեարկել՝ Սպարտակ Մելիքյան (ԺԱԿ առաջնորդ) եւ Առաքել Մովսիսյան (Շմայս):

«Ժողովուրդ»-ը փորձել է ԱԺ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչներից պարզել, թե ինչո՞ւ են որոշել չքվեարկել 2015 թվականի բյուջեի նախագծին:

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ԳՐԻԳՈՐԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ

-Պարո՛ն Մարգարյան, ԱԺ ԲՀԿ խմբակցությունը որոշում էր կայացրել 2015 թվականի բյուջեին դեմ քվեարկել, սակայն Դուք չմասնակցեցիք քվեարկությանը: Ինչո՞ւ չեք քվեարկել:

-Ես առողջական խնդիր եմ ունեցել, չեմ մասնակցել, ինչո՞ւ պետք է միտումնավոր չմասնակցեմ քվեարկությանը:

-Տեղեկություն կար, որ ԲՀԿ խմբակցությունում որոշվել է՝ մի հատվածը չմասնակցի քվեարկությանը: Ձեզ ասե՞լ են, որ քվեարկությանը ներկա չլինեք, այդպես ճիշտ կլինի:

-Նման բան չի ասվել, ուղղակի ես առողջական խնդիրների պատճառով է, որ չեմ մասնակցել: Եթե ֆրակցիան որոշել էր, որ պետք է դեմ քվեարկի, եթե ես ներկա լինեի, պետք է դեմ քվեարկեի:

-Այսինքն՝ Դուք եւս այն կարծիքին եք, որ 2015 թվականի բյուջեն սոցիալական ուղղվածություն չունի՞, «յոլա» գնալու բյուջե՞ է:

-Խմբակցությունն է այդպես որոշել:

-Նշվում է նաեւ, որ ԲՀԿ-ականներից շատերը չեն մասնակցել 2015 թվականի բյուջեի քվեարկությանն այն բանի համար, որ ՀՀ վարչապետը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամին է:

-Բազմիցս Ծառուկյանն ասել է, որ բարեկամը քաղաքական կատեգորիա չէ, ու թերեւս վերջին քվեարկությունը բյուջեին նշանակում էր, որ կապ չուներ, եթե չէ՝ կողմ կքվեարկեինք: Այսինքն՝ կապ չունի՝ Ծառուկյանը մնաց իր ասածի տեր, այսինքն՝ բարեկամը քաղաքական կատեգորիա չէ:

-ՀՀ Կառավարությանը առաջարկություն էիք ներկայացրել բյուջեի նախագծի վերաբերյալ. մերժե՞լ թե՞ ընդունել են այն:

-Ասեմ Ձեզ՝ վերջին երեւի մի 4-5 տարին ինչ առաջարկություններ արել եմ, չի ընդունվել, կապված երեւի տնտեսական ճգնաժամի հետ, ու դրանք հաշվի առնելով՝ այլեւս առաջարկություններ չեմ ներկայացրել, անմիտ է: Մի բանը 10 անգամ չպետք է կրկնես, ես 2003 թվականից պատգամավոր եմ, միշտ աշխատել եմ, որպեսզի իմ տարածքի դպրոցաշինության համար գումարներ տրամադրվեն, սակայն վերջին տարիներին նման բան չի եղել: Բազում անգամներ դիմել եմ, հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել եմ, առաջարկություններ եմ ներկայացրել, բայց 5-6 տարի է՝ 2008 թվականից հետո, իմ ոչ մի առաջարկություն չի բավարարվել:

-Բայց ՀՀ Կառավարությունը փոխվել է ՀՀ վարչապետի գլխավորությամբ, գուցե՞ այս անգամ այլ կերպ ամեն ինչ լիներ:

-Դե, նշեցի, որ նախկին փորձը հաշվի առնելով՝ այլեւս անմիտ եմ համարել դիմելը: Սյսօրվա դրությամբ մոտ 10 դպրոց կարիք ունի ֆինանսավորման, տանիքի խնդիր ունեն եւ այլն:

Սոնա Գրիգորյան




Լրահոս