Ովքեր և ինչու են բոյկոտել ԵՏՄ պայմանագրի քվեարկությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՏՄ-ին միանալու պայմանագրի քվեարկության ժամանակ միակ ձեռնպահ քվեարկողը ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն էր: Մյուս դաշնակցականները կողմ էին:

Իսկ դեմ քվեարկողներն էին Էդմոն Մարուքյանը, Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ռուբեն Հակոբյանը, Զարուհի Փոստանջյանը, Թեւան Պողոսյանը:

Տեղեկացնենք, որ ԱԺ-ում գրանցվել էր 124, սակայն` քվեարկել 111 պատգամավոր, որոնցից 103-ը՝ կողմ:

Ովքե՞ր են քվեարկությունը բոյկոտած 13 պատգամավորները. Հրանտ Բագրատյանը, ՀՀԿ-ից` Առաքել Մովսիսյանը, Սպարտակ Մելիքյանը, ԲՀԿ-ից` Գրիգորի Մարգարյանը, Լյովա Խաչատրյանը, Էլինար Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանը, Կարո Կարապետյանը, Վահան Կարապետյանը, Հայկ Խաչատրյանը, Արա Արամյանը, Արայիկ Աղաբաբյանը, Վահե Հովհաննիսյանը:

Ի դեպ, քվեարկությունից անմիջապես հետո ՀՀԿ խմբակցության անդամները, ոգելից խմիչքի բաժակները ձեռքներին, արդեն նշում էին իրենց «հաղթանակը»` ԵՏՄ անդամակցության պայմանագրի եւ 2015 թվականի պետական բյուջեի մասին նախագծի վավերացումը:

«Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանից պարզել, թե որն է եղել քվեարկության չմասնակցելու պատճառը: Պարզվեց՝ Բագրատյանը տեղյակ չի եղել, որ նույն օրը` քննարկումից անմիջապես հետո, կայանալու է նաեւ բյուջեի քվեարկությունը: Ու քանի որ նա մինչ այդ որոշած է եղել, որ բոյկոտելու էր ՀՀ-ի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու պայմանագրի քվեարկությունը եւ չէր մասնակցելու դրան, արդյունքում ստացվել էր, որ նա բյուջեի քվեարկությանը եւս չէր մասնակցել:

Բանն այն է, որ ԵՏՄ պայմանագրի քվեարկությունից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անմիջապես քվեարկության էր դրել 2015 թվականի բյուջեի նախագիծը: «Դա չգիտեմ, տեղյակ չեմ եղել, բյուջեի մասով մեզ չեն ասել, ես սպասում էի, որ մեր առաջարկությունների հետ կապված մանրամասն բացատրություններ կլինեն, բայց ես չեմ իմացել, որ ԵՏՄ-ից հետո բյուջեի քվեարկություն է լինելու»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Հարցին, թե եթե ներկա լինեիք, ինչպե՞ս կքվեարկեիք, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դա արդեն չեղավ, եթե ներկա լինեինք, կխոսեինք, դա եղավ, եթե հորեղբայրս կին լիներ, հորաքույրս կլիներ տարբերակը»: Նշենք, որ Հ. Բագրատյանը եղել է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության ամենաակտիվ քննադատողներից մեկը:




Լրահոս