«ԵԹԵ ՌԻՍԿ ՈՒՆԵՔ` ՄԻ ԳԻՇԵՐ ԵԿԵ՛Ք ՏԵՍԵՔ՝ ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երեք օր շարունակ ադրբեջանական կողմը օրուգիշեր գնդակոծում է ՀՀ Տավուշի մարզի գյուղերը: Իսկ երեկ՝ գիշերը, Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Տավուշի մարզի Կոթի գյուղի հենակետերի ուղղությամբ: Բարեբախտաբար, հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ հունիսի 5-ին՝ ուշ երեկոյան, ադրբեջանական կողմը անընդմեջ գնդակոծել է Տավուշի մարզի գյուղերը: Մովսես համայնքի գյուղապետ Լյուդվիգ Ապերյանը տեղեկացրեց, որ մինչեւ ժամը 22:00-ն թշնամին անդադար «ԴՇԿ» տեսակի զենքով գնդակոծել է գյուղը՝ ընդհուպ մինչեւ մարդկանց տները: Նույն վիճակում է եղել նաեւ Այգեպար գյուղը: Երեկ զրուցեցինք Այգեպար գյուղի բնակիչ Սարո Գալստյանի հետ: Վերջինս ասաց, որ ադրբեջանցիները ոչ միայն այս օրերի ընթացքում են իրենց գյուղի վրա կրակում, այլեւ մինչ այդ` գրեթե բոլոր օրերին. «Դե ի՞նչ պիտի անենք, տներից դուրս չենք գալիս, մեկ էլ մարդը ուզում ա զուգարան գնա, կրակում են: Բայց բոլոր ժամանակներում էլ Այգեպարի բնակիչներն իրենց գործին են եղել, երեխաները դպրոց են գնացել, մարդիկ իրենց աշխատանքն են կատարել, դե իրենց երբ հարմար ա լինում, իրանք կրակում են, չեմ ասում՝ օրվա 24 ժամը կրակում են, բայց դե կտրուկ-կտրուկ կրակոցներ են լինում»:
Այգեպարի բնակիչն ասաց, որ ամեն օր գնում են իրենց հողերը մշակելու, սակայն կրակոցների «դարդից» փախչում ու հետ են գալիս. «Առավոտը շուտ վեր ենք կենում, որ գնանք, մեր հողի վրա աշխատենք, կրակում են, փախչում ենք, աշխատելու փոխարեն մենք էկել, գյուղում նստել ենք: Ախր ոչ գիտես՝ կռիվ ա, ոչ գիտես՝ ինչ-որ բան ա, կարաս տնից դուրս գաս ու խփվես, դառնաս զոհ, թե ինչի զոհ, գիդում չես: Մի գիշեր էկե՛ք մնացեք Այգեպար, կտեսնեք՝ ինչ ա կատարվում, եթե հնարավորություն ունեք, ռիսկ ունեք, էկե՛ք»: «Չենք կարա ասենք, կարող ա վաղն ընդհանրապես կրակոց չլինի ու ամեն ինչ վերջանա: Ստեղ էլ մի 600 հոգի բնակիչ կա, չգիտենք՝ ինչ ա լինելու, եթե սենց շարունակվի»,-մեզ հետ զրույցում նշեցին այգեպարցիները:
Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանն էլ նշեց. «Ընդհանրապես կրակոցներ կան, բայց էս պահի դրությամբ նորմալ ա, Դովեղը սահմանին ամենամոտիկ գյուղերից մեկն ա, եթե ոչ առաջինը: Ճիշտն ասած` մենք վերջին դեպքերից հետո միջոցառումներ ենք ձեռնարկել, էն իմաստով, որ չենք թողնում էդ կողմերի վրա մարդիկ գնան, ասել ենք՝ հողի, դաշտի հետ կապված աշխատանքները դեռեւս մի՛ արեք,  մինչեւ տեսնենք՝ ինչ է լինելու»: Իսկ Մովսեսի գյուղապետ Լյուդվիգ Ապերյանը նշեց, թե գնդակոծումը տեւել է մինչեւ 22:00-ն ու դադարել. «Արդեն նորմալ է, զգուշացրել ենք, որ գյուղացիներն Ադրբեջանին սահմանակից տարածքներին մոտ չգնան, իրենց աշխատանքը չանեն, մինչեւ տեսնենք՝ ինչ է լինելու»:
Սահմանի ամենամոտ գյուղերից է նաեւ Բարեկամավանը, որի գյուղապետ Գարիկ Աբաջյանը նշեց, որ իրենց մոտ դեռեւս կրակոցներ չեն հնչել: Չինարիի եւ Կոթիի գյուղի բնակիչներն էլ ասացին, որ այդ կրակոցները արդեն սովորական են դարձել, իրենք եւս այս օրերին փորձում են տնից քիչ դուրս գալ, երեխաներին չեն թողնում՝ շատ մնան փողոցներում: «Մեր գյուղում միշտ էլ կրակոցներ հնչել են, դե մենք էլ արդեն սովորել ենք էս պայմաններում ապրել, ի՞նչ անենք, բան չենք կարում անենք, ամբողջ օրը տնից դուրս չենք գալիս: Դուք տեսե՞լ եք, թե մեր տների պատերի վրա ինչ ծակեր են բացվում էդ կրակոցներից, անգամ որ տունն ենք լինում, էդ կրակոցների ժամանակ մտածում ենք՝ հեսա տունը գլխներիս կփլվի, բայց դե կոթեցիների կյանքը միշտ էս ա եղել, ու սենց էլ պիտի շարունակվի, մինչեւ էս հարցին պատասխան չտրվի»,-վրդովված ասաց Կոթիի բնակիչ Սամվել Սարգսյանը:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հետ՝ պարզելու, թե հայկական կողմը որքանով է պատրաստ ադրբեջանական «ագրեսիային»: «Մեր ժողովուրդը ոչ մի վախենալու բան չունի, հաշվե՛ք նաեւ, որ իրանք ինչ անում են, արժանի պատասխան են ստանում մեր կողմից ու ավելի բեթար, այնպես որ, ես ըտեղ ոչ մի վտանգ էլ չեմ տեսնում: Ադրբեջանցիները փորձում են ինչ-որ բաներ անել, բայց սխալվում են, քանի որ մեր բանակը շատ ավելի մարտունակ ա: Ես հետեւում եմ էս քանի օրը կատարվող իրադարձություններին ու հասկանում եմ, որ մեր հայ զինվորները, մեր հրամանատարությունը կարողանում են Ադրբեջանին  համարժեք պատասխան տալ»,-ասաց գեներալը:
Սարոյանը վստահեցրեց, որ հայոց բանակն ամենաուժեղն է. «Միշտ էլ թուրքին շան ծեծ ենք տվել, էս անգամ էլ կտանք: Էնպես որ, դուխից մի՛ ընկեք, մենք հլը չենք մեռել, որ դուք դուխից ընկնեք, էտի հլը էրեխեքն են, բա որ մե՞նք գնանք հասնենք սահմաններ, հո էդ թուրքը մեզ չի՞ մոռացել, լավ գիտի: Թող թուրքերը մտածեն, մենք մտածելու ոչ մի բան չունենք: Էգուց, որ Աստված չանի, էլի կռիվ սկսվի, ո՞վ պիտի գնա կռիվ, իհարկե էլի մենք: Մեր հայոց բանակին չպետք է փնովեն, ես մի անգամ էլ եմ ասել, մի հեր եթե իր տղուն ամեն օր հանի փողոց, տփի ու քրֆի, էդ հերը հարգանք, պատիվ կունենա՞: Ա՛յ հենց տենց էլ մեր բանակն ա, ինքը մեր տղեն ա, մեր էրեխեն ա, որ ամեն օր մենք փնովենք, լավ չի լինի, ամոթ ա»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս