ԴԻՎԵՐՍԻՈՆ ԽՈՒՄԲԸ՝ ԼՂՀ ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը` ժամը 04:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային հատվածում՝ Հորադիզի ուղղությամբ, հակառակորդի դիվերսիոն խմբի կողմից ձեռնարկվել է ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական դիրքերից մեկը ներթափանցելու հերթական փորձը: Ադրբեջանական դիվերսիոն խմբի վնասազերծման գործողության ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Վարդան Ռոբերտի Օհանյանը, վիրավորվել են շարքային զինծառայողներ Արայիկ Գեղամի Մավրեյանը եւ Վոլոդյա Յուրայի Ծատրյանը:
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ղարաբաղյան ուժերի առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով դարանակալ հակառակորդի նախահարձակ գործողությունը, դիմել են պաշտպանական մարտի եւ վերջինիս ետ շպրտել իր ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդին հասցվել են նշանակալի կորուստներ: Պաշտպանական մարտերի ընթացքում կորուստներ է ունեցել նաեւ հայկական կողմը:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողության ժամանակ զոհվածը 20-ամյա կրտսեր սերժանտ Վարդան Օհանյանն է, որը բանակ է զորակոչվել Աշտարակի զինկոմիսարիատից: Փորձեցինք  զրուցել Վարդանի ծանոթ-բարեկամների հետ: Մեր զրուցակիցները հիմնականում խուսափում էին որեւէ բան ասել կատարվածի մասին` պատճառաբանելով, որ դեռեւս սպասում են, մինչեւ հասկանան, թե իրականում ինչ է կատարվել:
«Գիտենք, որ շատ խելոք ծառայում էր իր հայրենիքի համար ու շատ ուրախ էլ գնացել էր ծառայության: Խելացի ընտանիքի տղա էր, ինչքան գիտեմ` ծնողներին արդեն տեղյակ են պահել, որ իրենց տղուն ադրբեջանցիները սպանել են: Եսիմ, է՜, ո՞վ կպատկերացներ, որ սենց վիճակ ա լինելու, էս քանի օրը լսում ենք, որ վիճակը լուրջ ա, բայց որ էսքան զոհ կունենայինք, չէինք պատկերացնում»,-վրդովված  նշեց զոհվածի հարեւաններից տիկին Անուշը:
 Իսկ ադրբեջանցիների դիվերսիոն գործողություններից վիրավորված 20-ամյա շարքային զինծառայողներ Արայիկ Մավրեյանը, որն Արտաշատի բնակիչ է, եւ 19-ամյա Վոլոդյա Ծատրյանը, որը ծնունդով Քաշաթաղից է, այժմ գտնվում են զինվորական հոսպիտալում: Ըստ մեր տեղեկությունների՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Նշենք, որ հունիս ամսվա ընթացքում սա ադրբեջանական բանակի կողմից իրականացված 4-րդ հետախուզադիվերսիոն գործողության փորձն է, որը հիմք է տալիս ենթադրելու, որ Բաքուն հակված չէ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:
Երեկ Տավուշի մարզի Այգեպար գյուղում ադրբեջանական կողմը կրակ է բացել «Կարմիր խաչ»-ի ներկայացուցիչների վրա, որի մասին հայտնել է ներքին Կարմիրաղբյուր գյուղի նախկին բնակիչ, Երեւանի պետական համալսարանի դասախոս Ռուբեն Աբրահամյանը: «Կարմիր խաչ»-ի կամավորները կիսատ են թողել իրենց գործն ու հեռացել: «Դուք դա չեք կարող պատկերացնել, հարց կարելի է տալ, թե ինչու մինչ օրս ոչ ոք չէր անդրադառնում այս թեմային, եւ հենց այս օրերին մամուլը հեղեղվեց այս նյութերով: Այս թեման չպետք է մոռացվի, սակայն հարցը բարձրացնելիս պետք է այն անել շատ զգուշությամբ, որպեսզի հակառակ ազդեցությունը չունենա»,-նշել է Աբրահամյանը:
Ի դեպ, 2012թ. հունվարից մինչեւ հունիսի 6-ը ադրբեջանական կողմից եղել է 48 զոհ, որի մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել ԼՂՀ ՊԲ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժինը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս