Ղազարոս Աղայանի առաջին անիմացիոն էկրանավորումը՝ երկար սպասված «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմը, շուտով կհանձնվի հանդիսատեսի դատին: Մուլտիպլիկատոր, ռեժիսոր Դավիթ Սահակյանցը «Ժողովուրդ»-ի հետ զրուցել է մուլտֆիլմի թողարկման երկարաձգվելու պատճառների մասին, անդրադարձել անիմացիոն ոլորտի ներկայիս խնդիրներին:
-«Անահիտ» մուլտֆիլմը նկարահանելու համար 5 տարի պահանջվեց. ֆինանսական միջոցնե՞րն էին սուղ: Ի վերջո, ե՞րբ ակնկալենք այդքան սպասված պրեմիերան:
-Հիմա պատկերի հետ կապված որոշ շտկումներ են տարվում: Անում ենք ամեն բան, որ տարվա ավարտին հասցնենք մուլտֆիլմը հանձնել հանդիսատեսի դատին: Ձգձգվելու պատճառը տարվող ծավալուն աշխատանքն է, իհարկե, ֆինանսի գործոնն էլ կա. պետական հատկացումների շնորհիվ կարողացանք նկարահանել մուլտֆիլմի 20 րոպեն միայն, այնինչ «Անահիտն» ունի 1 ժամ 20 րոպե տեւողություն, ուստի փորձեցինք այլ աղբյուրներից աջակցություն ստանալու ուղիներ փնտրել:
-Անիմացիոն ոլորտում շարունակվում է մասնավոր ներդնողների պակաս զգացվել: Նրանք չե՞ն հավատում, որ մուլտֆիլմի միջոցով կարող են հետ բերել իրենց ներդրած գումարները:
-Այո՛, այդ պակասը կա: Առհասարակ, մուլտֆիլմը համարվում է ամենածախսատար արտադրանքներից մեկն աշխարհում, ուստի աջակցության կարիք միշտ ունենում ենք: Իսկապես, շատ դժվար է վերադարձնել անիմացիոն ֆիլմի վրա արված ծախսերը. դա արագ լուծվող հարց չէ: Բայց շռայլություններ թույլ տալու փոխարեն կարելի է նպատակաուղղված կերպով ներդրումներ անել, օգնել մշակույթի ոլորտին, աջակցել դրա զարգացմանը:
-Հայկական հեռուստաընկերություններն էլ իրենց հերթին նախընտրում են էժան արտասահմանյան մուլտֆիլմեր գնել: Ի՞նչ պետք է անել, որպեսզի նույն ակտիվությամբ հայկական մուլտֆիլմերն էլ գնվեն ու ցուցադրվեն:
-Այն, ինչն էժան է, հեշտ է գնել, իսկ հեռուստաընկերությունները շատ անգամ այլընտրանք չունեն: Միակ ուղին մեր արտադրանքը ստեղծելն է, դրա ծավալները հասցնել արտասահմանյանին: Միայն մեծամասշտաբ մուլտֆիլմեր արտադրելով կարող ենք հաղթել շատ անգամ ցածրորակ մուլտֆիլմեր թողարկող այդ շուկային:
-Կա կարծիք, ըստ որի հայ անիմատորները հայկական հեքիաթներից այն կողմ դժվարանում են ինչ-որ բան նկարահանել՝ բոլորովին նոր սյուժեով եւ առանց պատրաստի հենքի:
-Ես կատեգորիկ համաձայն չեմ այդ կարծիքի հետ. աշխարհում ամեն բան արդեն ասված է, մենք ընդամենը հիշեցնողներ ենք: Այն հեքիաթները, որոնք մենք ունենք, կրում են խորը իմաստ, գաղափարախոսություն, եւ եւս մեկ անգամ դրանց անդրադառնալը տեղին է: Բացի այդ՝ մենք այդ մուլտֆիլմերը նոր ինտերպրետացիայով ենք ներկայացնում՝ պահպանելով հիմքը:
-Այսօր կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտը հատուկ բաժին ունի, որը պատրաստում է անիմացիոն ոլորտի կադրեր, միեւնույն ժամանակ մասնագետների պակասն այս բնագավառում, կարծես թե, չի լրացվում…
-Կադրերի պակասը շատ ավելի հեշտ լուծվող խնդիր է, քան պատրաստի կադրերին գործով ապահովելը: Ռոբերտ Սահակյանցի անիմացիայի կենտրոնը, որը պատրաստում ենք բացել, կփորձի ներգրավել այդ կադրերին: Այն բազան, որը հարկավոր է անիմացիոն ոլորտին կրթելու համար, ինստիտուտում գրեթե չկա, եւ դա շատ ցավալի է: Մենք կփորձենք ապագա նկարչին կամ անիմատորին ոչ թե թուղթ ու մատիտ տալ, այլ պետքական տեխնիկա: Իսկ «հետո»-ն, նրանց ապագան, իսկապես, մեծ խնդիր է…
-Խորհրդային Միության տարիներին արվեստագետները միայն ստեղծագործելու մասին էին մտածում. հիմա դժվար չէ՞ անընդմեջ կողմնակի հոգսերով ծանրաբեռնվելուն զուգընթաց աշխատելը:
-Իսկապես, շատ դժվար է ստեղծագործել, երբ ուշքումիտքդ կենցաղային հարցերն են, ասենք՝ ստուդիայի ջեռուցման խնդիրը: Իսկ, ահա, Խորհրդային Միության տարիներին այդ խնդիրները լուծված էին. գուցե հենց դա էր այն ազատությունը, որի մասին մենք այսօր երազում ենք, եւ որն այն ժամանակ չէինք գիտակցում:
-Ձեր ոլորտի հետեւորդներին արդեն տեսնո՞ւմ եք: Գալիք սերնդի շրջանում ի՞նչ պոտենցիալ եք նկատում:
-Այս պահին ավագ որդիս զբաղվում է գեղարվեստական ֆիլմերով եւ այդ ոլորտում է իրեն տեսնում, իսկ կրտսեր որդիս արդեն անիմացիոն ոլորտում իրեն դրսեւորելու ցանկություն ունի: Առհասարակ, երիտասարդների շրջանում միանշանակ տեսնում եմ շատ մեծ պոտենցիալ, կոնկրետ մեր ստուդիան ունի խոստումնալից անիմատորներ, որոնց մեծ ապագա է սպասվում:
-Ուրեմն կոչ անենք, որ պետությունն ու մասնավոր ներդնողներն աջակցեն նրանց:
-Այո՛, դա անհրաժեշտություն է, եւ միայն այդ կերպ մեր ոլորտը տարեցտարի կզարգանա:
«ՈՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԼԻՆԵԻ, ԻՆՁ ԱՅՍՊԵՍ ՉԷԻՔ ՍԻՐԻ»
Երբ բուռն ու կարոտագին ծափահարությունների ներքո Սունդուկյանի անվան թատրոնի բեմ բարձրացավ ՀՀ Ժողովրդական արտիստուհի, պետական մրցանակների դափնեկիր, դերասանուհի Վիոլետա Գեւորգյանը, նա ձեռքի թեթեւ շարժումով հրաժարվեց իր համար նախատեսված ճոխ նստատեղից եւ տեղավորվեց անշուք մի աթոռի վրա:
Տեւական ժամանակ հայրենիքից բացակայած արտիստուհին, ով օրերս ԱՄՆ-ից ժամանել է Հայաստան ու նոյեմբերի 26-ին էլ նշեց իր 70-ամյա հոբելյանը, բեմից հանդիսատեսին հիշեցրեց իր կերտած կերպարները՝ Աննա Ֆրանկից մինչեւ Աղուն: Երբ նա տարիներ անց հնչեցրեց Մաթեւոսյանի հերոսուհու հայտնի խոսքերը, դահլիճն ուղղակի պայթեց ծափահարություններից:
Թատերագետ Լեւոն Մութաֆյանը հիշեց Սոս Սարգսյանի խոսքերը, որոնք նա ասել էր 10 տարի առաջ՝ դերասանուհու 60-ամյակին. «Ա՛յ շաշ, Էդ ամերիկաները թո՛ղ, արի՛ տուն…»:
Բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մեր պետությանը, պատկան մարմիններին կոչ արեց, որ դերասանուհուն հայրենիք վերադարձնելու համար նրա հետ երկխոսություն սկսեն. «Թող ոչ միայն հրավիրեն, այլեւ ստեղծեն բոլոր պայմանները, որպեսզի նա վերադառնա: Երազել ու ասել, որ բոլորը հետ կգան, չի լինի, սակայն գոնե նրանց, ովքեր ունեն այդ ցանկությունը, կարող են ապրել այստեղ ու հարստացնել մեր թատերական արվեստը, պետք է ամեն կերպ բերել Հայաստան»,-ասաց նա:
Միջոցառման ընթացքում դերասանուհուն բոլորը հրավիրում էին տուն, միայն թե, ինչպես նկատեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը, այդ վերադարձը չպետք է լինի «Արի տուն»-ի տրամաբանության շրջանակներում: Արտիստուհուն շնորհվեցին նաեւ մեդալներ, ու թեեւ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը շփոթեց Վիոլետա Գեւորգյանի տարիքը եւ շնորհավորեց նրա 75-ամյա հոբելյանը, այնուամենայնիվ, վերջինս շատ հուզվեց իր հանդեպ ուշադրության «տարափից»: «Այս ինչ արեցիք ինձ հետ… Այսօր ես թատրոնում չեմ, բայց թատրոնն իմ մեջ է, երբեք չի թողել ինձ մենակ: Եվ հետո, կարոտն էլ լավ բան է, որ հայրենիքում լինեի, ինձ այսպես չէիք սիրի…»,-կես-կատակ, կես-լուրջ ասաց Վիոլետա Գեւորգյանը՝ հավելելով, որ այսօր թատրոնում աշխատում են չտեսնված երիտասարդ դերասաններ, որոնք իրեն վաղվա օրվա հանդեպ հույս են ներշնչում:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԼՈՒՐԵՐ
ԻՍՊԱՆԱՑԻՆ ՀԱՅԵՐԵՆ Է ԵՐԳԵԼ
«Հայաստանի ձայնը-3» նախագծում մեկնարկել է «նոկաուտի» փուլը, որի առաջին համերգային օրը հանդես են եկել մարզիչներ Հայկոյի եւ Սոնայի թիմի մասնակիցները:
Հայկոյի թիմից միմյանց հետ մրցել են գյումրեցի,16-ամյա երգչուհի Մելինե Գալոյանն ու իսպանացի Դեւիդ Ռոդրիգեսը: Վերջինս համերգի ընթացքում անգամ հայերեն երգ է կատարել՝ Էրիկի «Առաջին ու միակ» ստեղծագործությունը, որը, սակայն, իսպանացու համար վճռորոշ չի եղել. այնուամենայնիվ, Հայկոն նախագծում թողել է Մելինեին:
ԱՐԳԵԼՎԱԾ ՈՐՍ Է ԱՐԵ՞Լ
Մովսես Երեմյանը կասկածվում է թռչնի արգելված որսի համար, իսկ պատճառը համացանցում տարածում գտած լուսանկարն է եւ կայքերից մեկում դրան առնչվող հրապարակումը: Դեպքի մանրամասները պարզելու համար BRAVO.am-ը զրուցել է դերասան-մոդելի հետ:
«Իմ կյանքում ոչ մի կենդանի միտումնավոր չեմ սպանել»,-ասել է նա՝ հավելելով, որ զարմացած է լուսանկարի շուրջ բարձրացած աղմուկից. «Ես, առհասարակ, որսով չեմ զբաղվում: Ինձ մոտ անգամ զենք չի եղել»,-պարզաբանել է նա՝ հավելելով, որ մոտ երկու տարի առաջ ընկերոջ հետ Հատիս լեռան մոտակայքում է տեսել թռչնին, որն արդեն սատկած է եղել:
ՍԱՅՐՈՒՍԸ ՀՂԻ Է
Օրերս հայտնի է դարձել, որ երգչուհի Մայլի Սայրուսը հղի է Առնոլդ Շվարցենեգերի որդուց: Inquisitr.com-ի փոխանցմամբ՝ նա հղիության երկու թեստ է անցկացրել, մեկը՝ բացասական, մյուսը՝ դրական արդյունքով: Լրատվամիջոցի աղբյուրի փոխանցմամբ՝ Մայլիի ընկերները համոզված են, որ աղջիկը հղիության վաղ փուլում է:
Հիշեցնենք, որ ամերիկյան հանրահայտ, 22-ամյա երգչուհին հանդիպում է հոլիվուդյան դերասան, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի եւ կինոռեժիսոր Մարի Շռիվերի որդու՝ Պատրիկ Շվարցենեգերի հետ:
Նրանք վաղուց արդեն հանրությունից չեն թաքցնում իրենց սիրային հարաբերությունները՝ հարմար առիթի դեպքում կրքոտ համբուրվելով հենց լրագրողների տեսախցիկի առջեւ:
Հիշեցնենք, որ զույգը հանդիպում է ընդամենը մեկ ամիս, նրանց հարաբերություններին դեմ է Շվարցենեգեր կրտսերի մայրը: