Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան… նրանք անկախության հետ կապ չունեն (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն փաստը, որ Հայաստանի խորհրդարանի 103 պատգամավորներ կողմ քվեարկեցին Հայաստանը Եվրասիական տնտեսական միության կազմ մտցնելու մասին պայմանագրին, բազում քննարկումների առիթ է դարձել: Հիմնական հարցը, որ հնչում է, այն է, թե ինչպես կարող է անկախ պետութան խորհրդարանի պատգամավորների 80 տոկոսը կողմ քվեարկել իրենց երկիրը մեկ այլ պետության ենթակայութանը հանձնելու փաստաթղթին:

Այս հարցի պատասխանը գտնելու համար, թերեւս, հարկավոր է հայացք գցել ներկայիս Հայաստանի քաղաքական էլիտայի` իշխանութան եւ ոչ իշխանականների ղեկավարության կենսագրությանը: ՀՀԿ-ական մեծամասնության պարագայում առանձնացնենք Սերժ Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին եւ Գալուստ Սահակյանին, ոչ իշխանականների դեպքում դիտարկենք Լեւոն Տեր-Պետրոսյանին (ՀԱԿ), Ռոբերտ Քոչարյանին (ԲՀԿ) եւ Գագիկ Ծառուկյանին (ԲՀԿ): Թվարկվածներն այն անձինք են, որոնց խոսքը որոշիչ է եղել նշված 103 պատգամավորների քվեարկության հարցում:

serj sargsyan

Սերժ Սարգսյանը Ղարաբաղյան շարժման մեկնարկի ժամանակ եղել է 34 տարեկան: 1979-ից 1988 թվականներին եղել է ԼԿԵՄ (Լենինյան կոմերիտական երիտասարդական միութան) Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի կուսկազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական: Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հրապարակային ելույթներից մեկում մի անգամ ակնարկեց, որ Սերժ Սարգսյանը եղել է Խորհրդային Միության պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ-ի) գործակալ «Նարիմանով» կեղծանունով:

Hovik-Abrahamyan1

Հովիկ Աբրահամյանը Ղարաբաղյան շարժման մեկնարկին եղել է 30 տարեկան, բայց պաշտոնապես անհայտ է, թե ինչով է զբաղվել, նրա պաշտոնական կենսագրությունը սկսվում է 1990-ից, Բուրաստանի կոնյակի գործարանի բաժնի պետի պաշտոնից: Աբրահամյանի կենսագրության բացակայող հատվածում, ըստ ոչ պաշտոնական տվյալների, նա արհեստանոցում ավտոմեխանիկ է («դզող-փչող») եղել: Խորհրդային կարգերի փոխվելու շրջանում, արագ կողմնորոշվելով, սկսել է սրընթաց կարիերա կառուցել` չնայած կրթություն չի ունեցել: Մի դիտարկում էլ՝ Աբրահամյանի առաջընթացում նշանակալի ներդրում է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հովիկ Աբրահամյանն առաջին անգամ ընտրություններ կեղծել է 1996-ի նախագահական ընտրությունների ժամանակ` հօգուտ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահի պաշտոնում:

galust

Գալուստ Սահակյանը Հայաստանի անկախությունը դիմավորել է 43 տարեկանում: 1972-ից մինչեւ 1991 թվականը Գալուստ Սահակյանը եղել է հայոց լեզվի ուսուցիչ, վերջին տարիներին եղել է Երեւանի թիվ 185 դպրոցի տնօրենը: Հայաստանի անկախանալուց հետո աշխատանքի է տեղափոխվել Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալի պաշտոնում: Հայտնի է, որ այս պաշտոնում Գալուստ Սահակյանը նշանակվել է իր աներորդու` Աշոտ Աղաբաբյանի շնորհիվ, որը մասնակցել է ղարաբաղյան պատերազմին եւ լավ հարաբերությունների մեջ է եղել երջանկահիշատակ սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ:

robert qocharyan

Ռոբերտ Քոչարյանը ղարաբաղյան շարժման մեկնարկի ժամանակ՝ 1988-ին եղել է 34 տարեկան: Քոչարյանի պաշտոնական կենսագրության համաձայն՝ «1980-ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի կոմերիտական եւ կուսակցական մարմիններում»: Այսինքն՝ եթե ղարաբաղյան շարժումը չլիներ, Քոչարյանը կուսակցական կարիերա պետք է ունենար, սկզբում պետք է ձգտեր Բաքու տեղափոխվել, անուհետեւ՝ Մոսկվա: Բոլորին է հայտնի, որ ԽՍՀՄ-ում կուսակցական պաշտոններ զբաղեցնողները անպայման ՊԱԿ-ի հետ սերտ առնչություն են ունեցել:

gagik_carukyan-600x450
Գագիկ Ծառուկյանի պաշտոնական կենսագրությունը սկսվում է 1989 թվականից, երբ նա արդեն 33 տարեկան է եղել: Այդ տարի նա ավարտել է ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը: Ի սկզբանե զբաղվել է գործարարությամբ եւ չնայած արդեն հասուն տղամարդ է եղել, բայց երազել է ուժեղ տղա դառնալու մասին, արդյունքում՝ 1996-ին՝ 40 տարեկանում դարձել է բազկամարտի աշխարհի չեմպիոն, իսկ 1998-ին 42 տարեկանում՝ բազկամարտի Եվրոպայի չեմպիոն: Ծառուկյանի պաշտոնական կենսագրությունում ոչինչ նշված չէ, բայց հայտնի է, որ 80-ականների սկզբին նա սովետական միլիցա է եղել: Այս տվյալները Ծառուկանն ամեն կերպ փորձում է ջնջել իր կենսագրությունից:

levon ter-petrosyan

Լեւոն Տեր-Պետրոսյանը ղարաբաղյան շարժման մեկնարկին եղել է 42 տարեկան, 1972-ից զբաղվել է գիտական գործունեությամբ: 1987-ին արդեն դոկտորական թեզը պաշտպանած է եղել: Լեւոն Տեր-Պետրոսյանը, ի տարբերություն վերը թվարկվածների, մեծ մտքի տեր գործիչ է, 1988-ին նա «Ղարաբաղ» կոմիտեին միացել է, երբ այն արդեն մի քանի ամիս գործելիս է եղել, բայց կարճ ժամանակ անց դարձել է նրա առաջնորդներից մեկը:

Վերը բերված գործիչներն այսօրվա Հայաստանի քաղաքական կյանքի առաջնահերթ որոշումներ կայացնողներն են: 103 կողմերը նրանց «ձեռքբերումն» է: Նշված գործիչները, անկախ այն բանից, որ տարբեր մտքի տեր անձինք են, ունեն մեկ ընդհանրություն. նրանք Խորհրդային Միությունում իրենց լավ են զգացել, կարիերա են կառուցել, սիրահարվել են, ամուսնացել են եւ այսպես շարունակ:

Նրանք չեն նեղսրտել, որ Հայաստանն անկախ պետություն չէ, որ Հայաստանը ռուսական կայսրության մի փոքր մասն է: Նրանք անկախության համար չեն պայքարել եւ չեն հետապնդվել: Ղարաբաղյան շարժումը նրանցից մի քանիսի կյանքը փոխել է, քանի որ հասցրել են ճիշտ պահին ճիշտ տեղում լինել: Այսինքն՝ այն փաստը, որ այսօր Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանությունը, բնական է, որ նրանց չպիտի մտահոգի:

Ավելին՝ կասկածից վեր է, որ յուրաքանչյուրն իր ծրագիրն է մշակել եւ մշակում, թե ինչպես պետք է ռուսների միջոցով իր ունեցած իշխանությունը եւ ֆինանսական կարողությունն ավելացնի: Այս մարդկանցից ակնկալել, որ նրանք անկախության համար կպայքարեն կամ ինչ-որ զոհողությունների կգնան, մեղմ ասած, միամտություն է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս