Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Շողեր Գրիգորյանը, ով հանրությանը հայտնի է նաեւ սերիալներից, այն կարծիքին է, որ ինչպես, օրինակ, հեռուստատեսության ոլորտում, արեւմտյան թատրոնում այսօր այլասերության գիծ է նկատվում: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ Հայաստանը իր ավանդույթների մեջ «կարծրացած լինելով»՝ գուցե կարողանա զերծ մնալ դրանից, սակայն, միեւնույնն է, երբ քամին փչում է, անցնում է բոլոր ճեղքերով:
-Դոստոեւսկու հերոսուհիներից Նաստասիա Ֆիլիպովնայի դերը Վարդուհի Վարդերեսյանից, Մետաքսյա Սիմոնյանից հետո հայ բեմում խաղալը պարտավորեցնող չէ՞ր:
-Հատկապես Մետաքսյա Սիմոնյանի դերակատարումը շատերի մտքում է մնացել, բեմադրիչ Վահե Շահվերդյանն էլ չի մոռանում այն, ինչ ստացել էր մեծ դերասանուհին: Բայց մենք նորովի լուծում տվեցինք իմ կերպարին, ես բեմ բերեցի իմ պատկերացրած Նաստասիա Ֆիլիպովնային:
-Դուք համարձակություն գտաք անգամ հանդես գալու որպես երգչուհի: Որպես արտիստուհի՝ դերասանական արվեստում ներկայանալը քի՞չ էր թվում:
-Այո՛, ինձ տրվել է այնպիսի հնարավորություն, որի նմանը շատ երգիչներ կփնտրեն ու չեն գտնի: Առաջիկայում կունենամ ակումբային կենդանի համերգներ, հիմնականում հանդես եմ գալու բլյուզ ոճում:
-Հայկական թատրոնն այսօրվա խնդիրներին կարողանո՞ւմ է անդրադառնալ առհասարակ, ըստ Ձեզ՝ նորովի ներկայանալու խնդիր ունի՞:
-Ինչպես հեռուստատեսությունում, այնպես էլ թատրոնում այսօր այլասերության գիծ է նկատվում. խոսքը արեւմտյան թատրոնի մասին է: Դրան առնչվող ընդհանուր քարոզ կա աշխարհում, որն աստիճանաբար ավելի ակնհայտ է դառնում: Երբեմն մտածում եմ, որ Հայաստանը իր ավանդույթների մեջ «կարծրացած լինելով»՝ գուցե կարողանա զերծ մնալ դրանից, սակայն, միեւնույնն է, երբ քամին փչում է, անցնում է բոլոր ճեղքերով: Եթե մենք կանգուն լինենք, քրիստոնյայի մեր կերպը պահենք, գուցե հաջողվի արեւմուտքից եկող այդ քամուն ընդդիմանալ:
-Սովորել եք Փարիզի ազգային բարձրագույն թատերական կոնսերվատորիայում. ֆրանսիացի դերասանները մերոնց պես շո՞ւտ են վարակվում «աստղային հիվանդությամբ»:
-Այնտեղ դերասանները զարմանալիորեն աշխատասեր են՝ այդքան շնորհալի լինելուն զուգահեռ: Իսկ մեր դերասանը, չգիտես ինչի հաշվին, շատ շուտ համոզվում է, որ ինքն իր կարիերայի պիկին է. դա շատ ծիծաղելի է, նույն ֆրանսիացուն դա երբեք չես համոզի:
-Ձեր անունը կապվում է ֆրանսահայ ռեժիսոր Ռոբերտ Կետիկյանի հետ. նա Ձեզ հովանավորո՞ւմ է, ինչ-որ բանում օգնո՞ւմ է:
-Կետիկյան ամուսիններն ինձ շատ հարցերում օգնել են, կարելի է ասել, հոգեւոր ծնողների դեր են տարել: Ուրախ եմ, որ դասական կինոյի ներկայացուցիչ հայրենակից ունեմ, կարելի է ասել, այո, Կետիկյան ամուսիններն ինձ համար հովանավորի պես մի բան են:
-Նաեւ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության հետ առնչության մասին է խոսվում. ոմանք քննադատաբար են մոտենում այն հանգամանքին, որ արտիստը կարող է իր արվեստը «սահմանափակել» կրոնական գաղափարներով:
-Ուզում եմ, որ մեզ որակավորելու, անուններ դնելու հարցը թողնենք Աստծուն: Այսօր շատ հեշտ է մարդուն պիտակավորելը, եկեք պարզապես ապրենք, ու ամեն մարդ իր արած գործի չափով պատասխան կտա Աստծուն:
-Մի ժամանակ «Կիսաբաց լուսամուտներ» թոք-շոուի սցենարիստներից էիք. հիմա կարծես էլ ոչ. քննադատություններից «փախա՞ք»:
-Չէ՛, այն իր բնույթով աստիճանաբար դարձավ սոցիալական ոլոտին առնչվող ծրագիր: Ի դեպ, թոք-շոուի շրջանակներում աշխատելով՝ մի լավ ձեռքբերում ունեցա՝ մի հաղորդում պատրաստեցի սոցիալական ծանր դրության մեջ ապրող երաժիշտների ընտանիքի մասին: Տեսանյութը ձեռքիս գնացի մեր գործարարներից մեկի մոտ ու ռոմանտիկ բաներ ասացի այն մասին, որ հարուստները պետք է իրենց ունեցվածքը կիսեն աղքատների հետ: Եվ…չեք պատկերացնի, բայց նա իմ անկեղծ հավատս չկոտրելով՝ ֆինանսապես օգնեց այդ ընտանիքին. այդ մարդիկ կարողացան իրենց համար տան հիմք գցել:
-Զրույցի ավարտին մի քիչ էլ անձնականից խոսենք: Մի առիթով նշել եք, որ տղամարդը չպետք է վախենա կնոջը պարտվելուց. իսկ հակառա՞կը:
-Կարծեմ Բրիջիդ Բորդոն էր ասել՝ կինը որքան ուժեղանում է, նա այնքան դժբախտ է: Եթե ուզում ես միայնակ չլինել, պետք է գտնես այն տղամարդուն, որին «պարտվելիս» սրտիցդ արյուն չկաթի (ծիծաղում է): Առհասարակ, կինն ու տղամարդը պետք է տարբեր լինեն՝ իրար սիրելու համար եւ պետք է նման լինեն՝ միմյանց հասկանալու համար…
Աննա Բաբաջանյան