ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՓՈՂԸ ԿԵՐԵԼ ԵՆ, ԳԱԶՆ ԷԼ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014թ. վերջին ամիսն է, իսկ ՀՀ վերահսկիչ պալատի՝ 2013թ հաշվետվության արդյունքները թեեւ գտնվում են Ազգային ժողովի օրակարգում, սակայն դեռ դրա քննարկման համար հստակ ժամանակ որոշված էլ չէ: Բայց միաժամանակ ՀՀ գլխավոր դատախազության հրահանգով ՎՊ հաշվետվության մեջ տեղ գտած չարաշահումների փաստերը դարձել են քրեական գործերի հիմքեր: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ գործ է հարուցվել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկի գործունեության, մասնավորապես՝ գազաֆիկացման շինաշխատանքներում թույլ տված խախտումների մասով:

«Ժողովուրդ»-ը նոյեմբերի 13-ին գրել էր, որ ՎՊ բացահայտումների հիման վրա բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել: Մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազությունը վերահսկիչ պալատի՝ 2013 թվականի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա, պետական միջոցները ոչ արդյունավետ ծախսելու կասկածով քրեական գործեր է հարուցել: Ըստ նույն տեղեկությունների՝ ՎՊ զեկույցի ուսումնասիրության արդյունքում առանձնացվել են քննության 20 ուղղություններ: Տեղեկացանք, որ քննության շրջանակներում արդեն իսկ հարցաքննվել են շուրջ 70 անձինք, որոնց թվում եղել են նաեւ գերատեսչությունների եւ պետական հիմնարկների ինչպես շարքային աշխատակիցներ, այնպես էլ՝ ղեկավարներ: Հարցաքննվել են նաեւ պետական պատվերով շինարարական աշխատանքներ իրականացրած, պետգնումներով ապրանքներ մատակարարած եւ պետական մարմիններին տարբեր կարգի ծառայություններ մատուցած ընկերությունների տնօրենները եւ աշխատակիցները: Քննության ընթացքում գերատեսչություններից եւ պետական հիմնարկներից առգրավվել են վերահսկիչ պալատի կողմից ուշադրության արժանացած գործարքների փաստաթղթերը, իրականացվել են տեղազննություններ պետպատվերով իրականացված շինարարություններում՝ դրանց իրական ծավալներն արձանագրելու եւ գնահատելու նպատակով:
Հրապարակումից երկու շաբաթ անց «Ժողովուրդ»-ը առայժմ կարողացավ պարզել, թե վերահսկիչ պալատի բացահայտումների արդյունքում որ ընկերության չարաշահումների փաստի առթիվ է հարուցվել քրեական գործ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկի գործունեության, մասնավորապես՝ գազաֆիկացման շինաշխատանքներում թույլ տված խախտումների մասով: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ այս գործի շրջանակներում էլ հարցաքննվել են 7 մարդ, եւ մի շարք փաստաթղթեր արդեն առգրավվել են:
Հիշեցնենք, որ 2013թ. վերահսկիչ պալատի ստուգման արդյունքում բացահայտվել էին, որ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից իրականացվող ծրագրերում կոռուպցիոն ռիսկեր կան: Թեեւ փաստաթղթերում գրված էր, որ «Գյուղական ենթակառուցվածքներ» ծրագրի նպատակն է եղել բարելավել գյուղական անապահով համայնքների բնակիչների կենսամակարդակը եւ ապահովել տնտեսական աճ, ինչի համար նախատեսվել է 31 մլն ԱՄՆ դոլար, սակայն Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի 28 համայնքների ենթակառուցվածքներում ներդրումների ¥հիմնականում` գազաֆիկացման աշխատանքներ¤ իրականացման համար ԾԻԳ-ը պայմանագրեր է կնքել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «ՍԱԴԵ ԲԸ (Ֆրանսիա) – Բլեսկ ՍՊԸ (ՌԴ)» ՀՁԳ-ի եւ «Եվրոպրոֆայլ» ՓԲԸ-ի հետ՝ համապատասխանաբար 4.9 մլրդ դրամ եւ 803.4 մլն դրամ արժեքով:
ՀՀ ՎՊ-ն գազաֆիկացման աշխատանքներից ընտրանքային կարգով ստուգել է 7 համայնքում կատարված աշխատանքները եւ բացահայտել, որ Խոզնավար, Խնածախ, Վաղատուր եւ Արտանիշ համայնքների գազաֆիկացման համար թեեւ 613.3 մլն դրամ գումար է ծախսվել, սակայն աշխատանքների ավարտից հետո էլ նշված համայնքները չեն կարող գազաֆիկացվել: Պատճառն այն է, որ գազատարները փտած վիճակում են եղել, ինչի համար էլ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն մինչ օրս չի ընդունել այդ գազատարները: Այսինքն՝ վերը նշված ընկերությունները վերցրել են պետության փողերը, փաստաթղթերով ցույց են տվել, թե գազատար են անցկացրել գյուղացիների համար, բայց իրականում փտած խողովակներ են փռել համայնքներում՝ յուրացնելով գումարը: Իսկ թե ովքեր են այս ընկերությունների սեփականատերերը, կփորձենք պարզել առաջիկայում: Հավելենք, որ միայն գազատարների շինարարության վրա ծախսվել 147.6 մլն դրամ:
Հուսանք, որ այս անգամ եւս հարուցված քրեական գործը չի ավարտվի ներողամտությամբ, եւ պետությանը հասցված վնասները փոխհատուցելուց հետո ընկերությունների սեփականատերերը չեն շարունակի «շվշվացնելով» շրջել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՊՆ-ԻՆ «ՔՑԵԼՈՒ» ԳՈՐԾԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ օրերս ՀՀ քննչական կոմիտեի կողմից կալանավորվել է ՀՀ պաշտպանության նախարարության խոշոր մատակարարներից մեկը` գործարար Աշոտ Սարգսյանը:

Ինչպես արդեն «Ժողովուրդ»-ը գրել էր՝ Աշոտ Սարգսյանը ՊՆ-ին ապահովել է վիդեոկոնֆերանս սրահների տեխնիկայով: Մատակարարելուց հետո պարզվել էր, որ տեխնիկան ՊՆ-ի վրա վաճառվել է շուկայականից շատ բարձր գնով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աշոտ Սարգսյանը հանդիսանում է «ԱՍ-Թեչ անվտանգության համակարգեր» ընկերության տնօրենը: Այս ընկերությունը գործում է 2005 թվականից եւ հիմնականում ծառայություններ է մատուցել պետական եւ հանրային կառույցներին` նրանց շենքերը կահավորելով համապատասխան սարքավորումներով: Այս ընկերությունը տեխնիկայով է ապահովել մասնավորապես ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ Կառավարության, դատարանների շենքերը:
Աշոտ Սարգսյանի կալանավորումից հետո նրա ընկերության աշխատակիցները սկսել են ազատվել աշխատանքից, քանի որ ընկերության հետագա ճակատագիրն անհայտ է: Աշխատակիցները չգիտեն, թե ով եւ որտեղից պետք է վճարի իրենց աշխատավարձերը: «Ժողովուրդ»-ը փորձեց ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ Աշոտ Սարգսյանի հարազատներից, սակայն վերջիններս հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ:

Ք. Մ.

 

 
ԼՈՒՐԵՐ

«ԳԱՖԵՍՃՅԱՆ»-Ը ՏՈՒԳԱՆՎԵՑ
ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային կոմիտեն տուգանել է «Գաֆեսճյան» թանգարան-հիմնադրամին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ դեռեւս 2012թ. հոկտեմբերի 10-ին «Ա.Բ.Ս. Քորփորեյշն» ՍՊԸ-ի մաքսային ձեւակերպումների մասնագետ Ալինա Հովհաննիսյանը «Գաֆեսճյան» թանգարան-հիմնադրամի անունով հայտարարագրել է Մեծ Բրիտանիայից ներկրված երկու հատ թանգարանային արվեստանմուշներ: Ավելի ուշ Ա. Հովհաննիսյանը դիմել է մաքսային մարմին եւ հայտնել, որ հայտարարագրման ժամանակ սխալ է թույլ տվել: Արդյունքում 2 տարի անց` նոյեմբերի 26-ին, ֆինանսների նախարարությունը մաքսային մասնագետին տուգանել է 50 հզ. դրամ:

 

ԳՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԱՐԵԼ
Օրերս գողություն է տեղի ունեցել CPS բենզալցակայանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մի երիտասարդ, որը բենզալցակայանի տնօրինության կողմից փորձաշրջան պետք է անցներ եւ նոր ընդունվեր աշխատանքի, բենզալցակայանի աշխատողից հափշտակել է 130 հազար դրամ: Բենզալցակայանի տնօրինությունը սկզբում կասկածներ չի ունեցել, որ դա կարող է իրականացրած լիներ փորձաշրջան անցնող երիտասարդը, սակայն ավելի ուշ՝ հսկման տեսախցիկների տեսագրությունները վերադիտելուց հետո, կարողացել են բացահայտել գողության դեպքը:

 
ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ԱՆՈ՞ՒՄ
Armlur.am-ին տեղեկություններ են հասել, որ ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից դուրս է գրվել 27 ազատազրկված, որոնցից 6-ը հացադուլ են հայտարարել: Հավանական հացադուլի պատճառը, ըստ տեղեկությունների, այն է, որ դուրս գրված ազատազրկվածները բողոքում են, թե իրենք լիովին չեն բուժվել, ինչը ԴՀ-ն հաշվի չի առել: Armlur.am-ին արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը հայտնել է, որ իրականում դուրս գրվածների թիվը 18 է, 2-ը տեղափոխվել են հիվանդանոցի այլ բաժանմունքներ: Իսկ հացադուլ չի եղել:

 

ՀՈՐ ՊԱՏՃԱՌՈՎ
Կոտայքի մարզի 45-ամյա բնակիչ Ռ. Մ.-ն դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման անչափահաս դստերը՝ Շուշանիկին, անզգուշությամբ մահ պատճառելու մեղադրանքով. այս մասին Armlur.am-ը տեղեկացել է դատական տեղեկատվական համակարգից: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ պատճառաբանելով, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը փաստացի կրելու, եւ որ վերջինիս նկատմամբ ազատազրկման ձեւով նշանակվող պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով սույն գործով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը եւ հանցագործությունների կանխմանը:
Իսկ դեպքը տեղի է ունեցել 2014 թվականի հունվարի 29-ին: Այսպես՝ Ռ. Մ.-ն, խախտելով «անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը, ինքնակամ տեղադրել է արագահոս ջրատաքացուցիչ, որի շահագործման հետեւանքով կարբօքսիհեմոգլոբին սուր թունավորումից անզգուշությամբ առաջացրել է դստեր մահը: Թե՛ դատաքննության, թե՛ նախաքննության ընթացքում հայրն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը. խնդրել է արագացված կարգով դատական քննություն:

 

ԾԵԾԵԼ ԵՆ
2014 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ ժամը 05:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնին կից պահպանության բաժնի ոստիկանը եւ նրա եղբայրը Երեւան-Երասխ ավտոմայրուղու աջ կողմում տեղադրված վագոն-տնակի դիմաց անձնական փոխհարաբերությունների շուրջ առաջացած վեճի ընթացքում մեծ մետաղական բանալիով եւ մետաղական ամբարձիչով ծեծել են եղբայրներ Եղիշե Մ.-ին եւ Արթուր Մ.-ին: Այդ մասին Armlur.am-ը տեղեկացել է հատուկ քննչական ծառայությունից: Վիճաբանության ընթացքում ոստիկանը դիտավորյալ կոտրել է Եղիշե Մ.-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետեւի ապակու եւ հետեւի աջ կողային ապակու արեւի պաշտպանիչները, այնուհետեւ փախցրել է ավտոմեքենան, դրա միջից եւ վրայից գողացել զգալի չափի արժողության «Նոկիա» բջջային հեռախոսները եւ «Մերսեդես»-ի տարբերանշանը, իսկ մեքենան թողել Արարատ քաղաքում: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս