ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ armlur.am-ի

Երեկ Ազգային ժողովի դիմաց մի խումբ քաղաքացիներ հավաքվել են խորհրդարանի մուտքի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու դեմ: ԱԺ-ի դեմ հավաքված «ամբոխը» հորդորել եւ կոչ է արել ԵՏՄ-ին դեմ քվեարկել: Պարզ է, որ տնտեսապես փակուղում հայտնված երկրի քաղաքացիները, Ամանորին ընդառաջ գնաճի եւ թանկացումների շեմին, փորձում են գոնե այս կերպ խոչընդոտել ԵՏՄ-ի անդամակցությանը: ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամներ Լյուդմիլա Սարգսյանի եւ Արամ Մանուկյանի դուրս գալուց հետո բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկել են «Ամո՛թ, ամո՛թ», քանի որ ընդդիմադիր պատգամավորները եւս կողմ են ԵՏՄ պայմանագրի վավերացմանը:

 

 

 
ՀԱՐՑ. ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությամբ պայմանավորված սննդամթերքի ոլորտում որոշ օրենսդրական փոփոխություններ են կատարվելու, մասնավորապես սանիտարական, անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական հսկողության ենթակա պարենային եւ ոչ պարենային ապրանքների անվտանգության չափանիշների, ինչպես նաեւ տնտեսավարող սուբյեկտների եւ ապրանքների գրանցմանը վերաբերող: Կցանկանայի տեղեկանալ՝ ինչպիսի՞ նոր չափորոշիչներ են սահմանվելու, եւ ի՞նչ փոփոխություններ են արվելու՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո նշված ոլորտում: Կխնդրեի պարզաբանել նաեւ՝ մի՞թե մինչ այդ ՀՀ-ում գործող ե՛ւ սննդամթերքի ոլորտում առկա պայմանները, ե՛ւ սահմանված չափորոշիչները թերի են եղել:

Աննա Առաքելյան (38 տարեկան, Էկոլոգ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Սննդամթերքի անվտանգության մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին», «Կերերի մասին» ՀՀ օրենքների կիրարկումն ապահովելու նպատակով ՀՀ Կառավարության կողմից ընդունվել են մի շարք որոշումներ, որոնք նաեւ հանդիսացել են Եվրասիական տնտեսական միության անդամակցության ճանապարհային քարտեզով նախատեսված կետեր, ընդունված իրավական ակտերի ամբողջական փաթեթը զետեղված է ծառայության պաշտոնական կայքում՝ հետեւյալ հղմամբ՝ http://ssfs. am/hy/main/content/id/1789: Ընդունված իրավական ակտերով հստակեցված են պետական գրանցման ենթակա սննդամթերքի ցանկը, սանիտարահիգիենիկ պահանջները, գրանցման արդյունքում տրվող փաստաթղթերի ձեւերը եւ այլն:
Գործող մի շարք իրավական ակտերով կարգավորումները կատարվում էին միայն հիգիենայի տեսանկյունից, սակայն այժմ հաշվի են առնված մի շարք այլ պահանջներ: Որպես օրինակ ցանկանում ենք նշել «Շշալցված խմելու ջրին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշումը:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ մինչ այդ սննդամթերքի ոլորտում առկա եւ սահմանված որոշ չափորոշիչներ թերի են եղել եւ այժմ, բացի հիգիենայի պահանջներից, հաշվի են առնվելու մի շարք այլ պահանջներ եւս: Իսկ եթե ԵՏՄ-ին չանդամակցեինք, ստացվում է, որ ամեն ինչ նույնքան բարձիթողի վիճակում էր շարունակելու մնալ, որքան մինչեւ հիմա է: Թեեւ դեռ հարց է, թե հունվարի մեկից հետո ինչն ինչպես է փոխվելու մեր երկրում:

 

 

 
ՀԱՐՑ. Եթե մասնավոր ընկերությանը ցանկանում եմ դատի տալ՝ աշխատավարձը ուշացնելու համար, ապա այդ դեպքում հնարավո՞ր է՝ աշխատանքի վերջնահաշվարկ կատարելու գործընթացը եւս ուշանա:

Հայկ Գրիգորյան (30 տարեկան, տեխնոլոգ)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում եւ աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ՝ մինչեւ հաջորդ ամսվա 15-ը: 198-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է օրենսգրքով, կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք՝ վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը: ՀՀ ԱՕ 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը: Աշխատանքային իրավունքների պաշտպանության եղանակները սահմանված են նույն հոդվածի 3-րդ մասով: Վկայակոչված իրավանորմերի հիման վրա քաղաքացին իրավունք ունի իր խախտված աշխատանքային իրավունքների պաշտպանության նպատակով տվյալ դեպքում աշխատավարձը, ինչպես նաեւ՝ աշխատավարձը ուշ վճարելու կետանցված յուրաքանչյուր օրվա համար հաշվարկված 0,15 տոկոսի չափով տուժանք բռնագանձելու պահանջով հայցադիմում ներկայացնել գործատուի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին:

ՀՀ աշխատանքի պետական տեսչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով՝ աշխատավարձն ուշացնելու համար քաղաքացին կարող է հայց ներկայացնել դատարան, եթե գործատուի եւ աշխատողի միջեւ պայմանագրով փոխհամաձայնեցված այլ կետեր սահմանված չեն: Հասկանալի պատճառներով գործատունները խուսափում են վերջնահաշվարկ կատարելուց: Չէ՞ որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը դժվարին կացության մեջ է գցում ոչ միայն քաղաքացիներին, այլեւ գործատուներին:




Լրահոս