Ընտանեկան բռնությունների դեմ կպայքարենք գովազդներով. Ջոն Հեֆերն (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Մեդիա կենտրոն»-ում «ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում մի շարք առաջարկներ եղան, որոնք միտված են բռնության ենթարկված կանանց օգնությանը: Ոստիկանության տրամադրած տվյալների համաձայն`  2014 թվականի ընթացքում 1500 ահազանգ է ստացվել ընտանեկան բռնության հետ կապված:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ Պերճուհի Կաժոյանի խոսքով` 2015 թվականին Ժնևում ներկայացվելու է համապարփակ զեկույց հենց այս թեմայի առնչությամբ: «Մեր կոալիցիան արդեն մի քանի տարի է՝ ընտանեկան բռնության դեմ պայքար է սկսել: Վերջին իրադարձություններից կարող եմ նշել նոյեմբերի 25-ի երթը: Տեղեկացնեմ նաև, որ այսօր ԱԺ-ում Պետաիրավական հանձնաժողովում քննարկվելու է մեր կողմից ներկայացված փաթեթը: Մեր քաղաքական գործիչները շատ քիչ են հետաքրքրվում այս ամենով: Դա շատ վատ է: Քաղաքական կամքի պակասից է այս ամենը գալիս: Եթե օրենքը կարգավորվի, այս հարցի լուծման մեխանիզմներ էլ կստեղծվեն»,- ասաց Պերճուհի Կաժոյանը:

ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի խոսքով` ինքն էլ է մասնակցել «ընդդեմ կանանց նկատմամբ» կոալիցիայի կազմակերպած միջոցառումներին: «Պետք է ասեմ, որ նման հարցերում անչափ կարևոր է իրազեկման հարցը: Մենք մի շարք սոցիալական գովազդներ ենք նախաձեռնել այս թեմայի շրջանակներում: Թեժ գծի հեռախոսահամար էլ է հրապարակվել սոցիալական գովազդներում»,- ասաց դեսպանը:

Վերջինս հորդորեց անհրաժեշտության դեպքում անպայման զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներով և դիմել կոալիցիայի օգնությանը: Դեսպանի կարծիքով`ընտանեկան բռնությունները մեծ ներգործություն ունեն նաև երկրի տնտեսության վրա:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը նշեց, որ, խոսելով բռնությունների մասին, պետք չէ կենտրոնանալ միայն կանանց նկատմամբ իրականացվող բռնությունների վրա. բռնության են ենթարկվում նաև տղամարդիկ: Պետք է պայքարել առհասարակ բռնությունների դեմ, ոչ թե կենտրոնանալ սեռային խտրականության վրա:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս