ՈՒՐԻՇ ԿԵՐՊ ՉԷՐ ԷԼ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը երեկ տեղեկացավ, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը դեռեւս նոյեմբերի 25-ին օրաթերթի դեմ վճիռ է կայացրել՝ որոշելով բռնագանձել1 մլն 783 հազար ՀՀ դրամ: Այս դատավորը պատահական չէ, որ լրատվամիջոցներին, մեղմ ասած, չի սիրում: 2007-ի դեկտեմբերի 1-ին «Հետք»-ը գրել էր նրա կողմից փաստաթուղթ կեղծելու եւ անպատիժ մնալու մասին: «Հայկական վարկած» կայքը 2013-ի մարտի 19-ին գրել էր, որ դատավոր Ռուբեն Ներսիսյանի մայրը չունեցած սեփականության դիմաց կես միլիոն դոլարի փոխհատուցում է ստացել: Այս տարվա մայիսին էլ լրատվամիջոցներն ավետեցին, որ Ռուբեն Ներսիսյանը հաջողացրել է իր որդուն բանակից ազատել` ուղարկելով Մոսկվայի ինչ-որ ԲՈՒՀ-ում սովորելու: 2000-ականների սկզբներին էլ պարբերաբար անդրադառնում էին Ներսիսյանի կողմից քաղաքական պատվերով մարդկանց ազատությունից զրկելու պատմություններին:

Հ.Գ. Հայաստանի որոշ դատավորներ միայն մամուլի նկատմամբ տածած հակակրանքով չէ, որ առանձնանում են: Ասում են՝ նրանց մեջ կա մեկը, որն աներոջ շնորհիվ է այդ պաշտոնը ստացել եւ յուրահատուկ հոբբի ունի, որի մասին միայն նեղ շրջապատում գիտեն. սիրում է թուրքական մուղամ լսել: Ավելին՝ հատուկ վրացական ռոոմինգով համար է պահում եւ գինովցած ժամանակ զանգում է իր բաքվեցի ընկերներին, որոնք հեռախոսով մուղամ են միացնում ու իրենց դատավոր «ախպորն» ուրախացնում:

 

 

 

 
Այսօր ՀՀ ԱԺ-ն կավարտի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի քննարկումը: ԵՏՄ պայմանագրի քննարկումները ցույց տվեցին, որ պատգամավորներից միայն մի քանիսն են դեմ պայմանագրին: Իշխող ՀՀԿ-ի, ոչ իշխանական ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի պատգամավորները որքան էլ փորձում էին ներկայացնել, թե իբր ԵՏՄ պայմանագիրը Հայաստանի համար օգտակար է, որ իրենք ռուսի վախից չէ, որ կողմ են փաստաթղթին, միեւնույն է, չէր հաջողվում: Այսօրվա դրությամբ փաստն այն է, որ մենք լայն քայլերով գնում ենք դեպի անորոշություն, քանի որ աշխարհաքաղաքական զարգացումները տանում են Ռուսաստանի Դաշնության տնտեսության փլուզման: «Ժառանգության» պատգամավորները երեկ լոբբինգ էին իրականացնում գործընկերների շրջանում, որպեսզի գոնե չմասնակցեն քվեարկությանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ում, օրինակ, քննարկել են, որ պատգամավորներից մի քանիսին թույլ տան դեմ քվեարկել կամ չմասնակցել քվեարկությանը, որպեսզի ապագայում կարողանան արդարանալ: Տեսնենք՝ ինչ կստացվի:

 

 

 

 

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, որոշել է կարճել ՀՀ քննչական կոմիտեի քննիչների պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Քննչական կոմիտեի քննիչների կողմից չարաշահումներ թույլ տալու մեղադրանքով քրեական գործ հարուցելու որոշումը կայացվել էր դեռեւս հոկտեմբերի 27-ին: Իհարկե, ի սկզբանե հայտնի էր, որ այդ գործը կարճվելու է: Սկզբում՝ նոյեմբերի կեսերին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը փորձեց գործը կարճել, բայց դատախազությունը նոյեմբերի 18-ին հայտարարեց քրեական գործը կարճելու որոշումը վերացնելու մասին: Ակնհայտ էր, որ դատախազությունը քննչական կոմիտեին եւ ՀՔԾ-ին հասկացնում էր, որ «որոշողն» իրենք են, եւ քանի դեռ այդ իրողության հետ չեն համակերպվել, այս գործը չի փակվի: Հիմա արդեն Կոստանյանը համոզվել է, որ կոշտ քայլերով արված իր ակնարկները տեղ են հասել, բոլորն ամեն ինչ հասկացել են, դրա համար էլ գործը կարճել է: Հուսանք՝ իրավական «տունտունիկն» այսքանով կավարտվի:

 

 

 

 

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Արարատի մարզպետարանն այս տարվա նոյեմբերի 25-ին «Գ.Ս. սգո սերվիս» ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրի հիման վրա ութ հատ ծաղկեպսակներ է ձեռք բերել, որոնց համար պետբյուջեի միջոցներից, այսինքն՝ հարկատուներիս գումարներից ծախսել է 120 հազար դրամ: Մեկ ծաղկեպսակի համար վճարվել է 15 հազար դրամ: Պայմանագրի համաձայն՝ ծաղկեպսակների գումարը նախատեսված է եղել վճարել նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին: Տեղեկացնենք, որ փաստաթուղթը կնքել է մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ա. Մարգարյանը: Պայմանագրի բովանդակությունից պարզ չի դառնում, թե ծաղկեպսակները հատկապես ինչ նպատակով են ձեռք բերվել, եւ ինչու Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը եւ նրա ենթականերն իրենց միջոցների հաշվին չեն գնել դրանք: Փաստն արդեն իսկ խոսուն է: Եթե այսպես շարունակվի, ապա մի օր էլ մարզպետները կարող են սկսել իրենց հարազատների ծննդյան նվերները պետբյուջեի միջոցների հաշվին գնել:

 

 
ԱՂԵՏԻ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը երեկ խորհրդարանում հայտարարել է, որ մինչեւ 2015թ. վերջ Հայաստանի Կառավարությունը կլուծի 1988թ. երկրաշարժից տուժած Գյումրիի բնակիչների բնակարանների հարցերը: Իհարկե, այսպիսի խոստումներ աղետի գոտու բնակիչները շատ են լսել, նույնիսկ դեմ առ դեմ զրույցներում՝ ամենատարբեր մակարդակի չինովնիկների շուրթերից, սակայն դրանք այդպես էլ մնացել են խոստումներ: Փաստն այն է, որ Սպիտակի աղետալի երկրաշարժից անցել է արդեն 26 տարի (դեկտեմբերի 7-ին կլրանա), սակայն անգամ պաշտոնական տվյալներով բնակչության թվաքանակով Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքում 430 տուժած ընտանիքներ մնացել են առանց նոր բնակարանի:
Իհարկե, ամեն տարի ՀՀ Կառավարությունը պարտաճանաչ կերպով ՀՀ գլխավոր ֆինանսական փաստաթղթի մեջ ներառում է հատուկ տող աղետի գոտու համար, սակայն երկրաշարժի հետեւանքները ոչ մի կերպ չի լինում հիմնովին վերացնել: Ընդհակառակը՝ աղետի գոտում շինարարություն անելն ու «ատկատներ» վերցնելը որոշ պաշտոնյաների ու շինարարների համար դարձել է կենսակերպ կամ պարզապես հարստանալու միջոց: Այնտեղ միշտ շինարարական եռուզեռ է, բայց վագոն-տնակներում ապրողների կյանքում ոչինչ չի փոխվում: Այս տարի էլ ՀՀ Կառավարությունն արդեն 1 մլրդ 450 մլն դրամ առանձնացնելու որոշում է ընդունել, որպեսզի 2015թ. հունիսին բնակարաններով ապահովվեն տուժածների մոտ կեսը, եւ այդքան էլ կտրամադրվի մինչեւ տարվա վերջ՝ մյուս մասին բնակարանով ապահովելու համար: Ըստ պաշտոնական տեղեկության՝ եւս մեկ տարի անց՝ մինչեւ 2016թ. վերջը, կլուծվի Շիրակի եւ Լոռու մարզերի տուժած գյուղացիների բնակարանների հարցը: Թե որքանով իրական կդառնան հրապարակային խոստումները, որոնք այս անգամ էլ ի պաշտոնե հնչեցրել է ՀՀ քաղաքաշինության նախարարը, դժվար է ասել, բայց պետք է փաստել, որ աղետի գոտում միայն բնակարանների խնդիրը չէ հրամայական:
Խոնարհված եկեղեցիներից շատերը դեռ չեն վերականգնվել: Շիրակի մարզում պատմաճարտարապետական հուշարձաններն անգամ լիարժեք ուսումնասիրված չեն: Բանն այն է, որ եկեղեցիների մի մասը հենց աղետի առաջին վայրկյաններին է հողին հավասարվել, կան սակայն կառույցներ, որոնք փլուզվել են աղետին հաջորդած տարիներին՝ հետցնցումներից կամ էլ նախկինում ունեցած վնասվածքներից: Այնպես որ, բնակարաններով ապահովելու գործընթացի ավարտով խնդիրը չի լուծվի: Մեր լեզվամտածողության մեջ դեռ կմնա «աղետի գոտի» հասկացությունը:




Լրահոս