Երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը եւ «Նաիրիտի» գործով ենթահանձնաժողովը դռնփակ նիստ է անցկացրել: Սա հանձնաժողովի անդրանիկ նիստն է եղել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այն կարճ է տեւել, քանի որ դեռեւս ցանկացել են ծանոթանալ«Նաիրիտ»-ի գործի «նախաբանին», որից հետո պետք է հանձնաժողովը սկսի քննարկել մանրամասները: Ի դեպ, նիստին ներկա են գտնվել նաեւ «Նաիրիտ» գործարանի մի քանի աշխատակիցներ, որոնք «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեցին, որ իրենք պայմանավորվածություն են ձեռք բերել դեռեւս որեւէ բանի մասին չխոսել, մինչեւ հանձնաժողովն իր աշխատանքները կավարտի:
Հիշեցնենք, որ դեռեւս նոյեմբերի 7-ին տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում որոշում էր կայացվել «Նաիրիտ»-ի գործարանի մասնավորեցման եւ տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ժամանակավոր ենթահանձնաժողով ստեղծել, որը լինելու է տնտեսական հանձնաժողովի ենթակայության տակ: Տնտեսական հանձնաժողովը որոշել էր, որ «Նաիրիտի» հարցով ենթահանձնաժողովի աշխատանքներն ամփոփվելու է 2015թ-ի սեպտեմբերին:
Երեկ նիստի ավարտից հետո «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ, որոնք ընդգրկված են նաեւ ենթահանձնաժողովում:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ
-Պարո՛ն Այվազյան, Ձեր ղեկավարած հանձնաժողովը հանդիպել է «Նաիրիտի» գործարանի աշխատակիցների հետ: Խնդրում եմ նշեք, թե ի՞նչ է այժմ քննում «Նաիրիտի գործով» ժամանակավոր ենթահանձնաժողովը:
-Ստեղծվել է «Նաիրիտի գործով» ժամանակավոր ենթահանձնաժողով, տնտեսական հարցերի հանձնաժողովի ներքո, որը պետք է ուսումնասիրի «Նաիրիտ»-ի հարցերը: Հիմնական հարցն է՝ ուսումնասիրել «Նաիրիտ»-ի ռեալ հնարավորությունները, նրա գործարկումը: Սա է հիմնական մեր խնդիրը:
-Բայց ի՞նչ եք ուսումնասիրելու, ի՞նչ է քննարկվել, եթե անգամ հայտնի չէ, թե ո՞վ է գործարանի սեփականատերը, ո՞վ է այդ ամենի պատասխանատուն: Ո՞րն է այս ենթահանձնաժողովի նպատակը:
-Հանձնաժողովը դեռեւս նոր է սկսել աշխատել, ու դրանց մասին դեռեւս վաղ է ինչ-որ հայտարարություններ անել: Մենք մեր աշխատանքները նոր ենք սկսել:
-Իսկ ի՞նչ եք քննարկել «Նաիրիտ»-ի գործարանի աշխատակիցների հետ:
-Ոնց կարող ենք խոսել, քննարկել «Նաիրիտ»-ի հարցը՝ առանց նաիրիտցիների հետ խոսելու, խոսելու մասնագիտական կազմի, ղեկավար կազմի հետ:
-Կարծես թե նաիրիտցիները դժգոհ էին հանձնաժողովի աշխատանքներից, քանի որ մեզ հետ զրույցում հայտարարեցին, որ գնալու են ՀՀ նախագահի նստավայր՝ բողոքի ակցիա անցկացնելու:
-Ո՛չ, իրենք ասեցին, որ մենք շատ շնորհակալ ենք պարոն Այվազյան, բայց նախօրոք կանխորոշված է եղել այդ բողոքի ակցիան, դրա համար էլ իրենք նման բան են հայտարարել: Ես ինչքան գիտեմ՝ նրանք դժգոհ չեն գնացել:
ԱԺ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆ
-Պարո՛ն Քոքոբելյան, ի վերջո, ի՞նչ խնդիր է դրված հանձնաժողովի առջեւ, ի՞նչ պետք է բացահայտեք:
-Նորանկախ ՀՀ-ի պառլամենտական դառը փորձը ցույց է տալիս, որ, որպես կանոն, հանձնաժողովները ստեղծվում են ու հնարավորություն են տալիս հարցը հետաձգելու: Օրինակ՝ այդպես եղավ գազի հետ, այդպես եղավ Մարտի 1-ի հետ, ես կուզենայի՝ Դուք մատնացույց անեք մի դեպք, խորհրդարանական ստեղծված մի հանձնաժողով, որը նման բան է բացահայտել: Ես չեմ հիշում, գուցե եղե՞լ է: Ես չեմ կարծում, որ այդ հանձնաժողովը ինչ-որ հուսադրող քայլեր կանի, Աստված տա լինի, բայց ես այդ ամենը չեմ տեսնում: Ես, որպես ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀ քաղաքացի, ԱԺ պատգամավոր, ուշադիր հետեւել եմ այն պրոցեսներին, որոնք տեղի են ունեցել նաիրիտցիների հետ, ու հասկացել եմ, որ այդ մարդիկ անընդհատ հայտնվում են չվճարված վիճակում: Իսկ պարտքերն ունենում են տերեր, իսկ այդ տերերը պարտավոր են վճարել: Այլ խնդիր է, որ պետությունը, ԱԺ-ն պարտավոր են պարզել, թե ովքե՞ր են այդ պարտատերերը ու ովքե՞ր պետք է հատուցեն այդ գումարները:
-Այսինքն՝ կարծում եք, որ հանձնաժողովը որեւէ բան չի կարող փոխել, ու անիմաստ է նման ուսումնասիրություններ սկսե՞լը:
-Ես ասում եմ, որ նման խնդիրները չպետք է տեղափոխել հանձնաժողովի դաշտ, պետք է գործադիրը իր մեջ կարողանա այդ լուծումը գտնել: Դա այլեւս սոցիալական խնդիր է, դա արդարության խնդիր է: Նշեմ նաեւ, որ այդ հանձնաժողովում կան մարդիկ, որ ուզում են ամեն ինչ անել, որպեսզի բացահայտվի իրական պատմությունը, խնդիրը լուծում գտնի: Բայց հարցի լուծումը պետք է փնտրել այլ տեղ:
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
-Պարո՛ն Մելքումյան, Դուք պարզեցիք՝ ի՞նչ է կատարվում «Նաիրիտ»-ում, ինչ էիք քննարկում:
-Տեղեկատվական բնույթ էր կրում այս հանդիպումը, ենթահանձնաժողովը հարցաշարեր կկազմի, իրենց հետ համագործակցություն կլինի: Հիմնականում քննարկվում է «Նաիրիտ»-ի վերագործարկման հնարավորությունները:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԵՏՄ-ԻՆ ՄԻԱՑԵԼ ԵՆՔ 1994-ԻՑ ՈՒ ՉԳԻՏԵ՞ՆՔ ԱՅԴ ՄԱՍԻՆ
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նախօրեին Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) պայմանագրի քննարկման ժամանակ նշեց, որ Հայաստանի կողմից 1993 թվականին կնքվել եւ 1994-ին վավերացվել է տնտեսական միություն ստեղծելու մասին մի պայմանագիր: Այսինքն՝ այդ պայմանագիրը ստորագրվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, որը, սակայն, Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին պարզապես մոռացության է մատնվել: «Ժողովուրդ»-ը դաշնակցական պատգամավորից փորձեց ճշտել` ինչու նա ավելի շուտ չէր բարձրաձայնում այդ պայմանագրի գոյության մասին:
Ըստ Արծվիկ Մինասյանի` նշված պայմանագիրը գործում է առ այսօր եւ վերաբերում է համաձայնեցված դրամավարկային, բյուջետային, հարկային, արտաքին տնտեսական, մաքսային եւ արժութային քաղաքականությանը, որը հիմնված է լինելու ռուսական ռուբլու վրա: Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը ՀՅԴ-ականի ասածին արձագանքեց հետեւյալ կերպ. «Այդ պայմանագիրը դեռ ուժի մեջ է, բայց մենք ավելի հստակ պայմանագիր ենք ստորագրել, որն է ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը»:
Իսկ ինչո՞ւ Արծվիկ Մինասյանն ավելի շուտ չէր բարձրաձայնում 1994 թվականից գոյություն ունեցող պայմանագրի մասին: «Ժողովուրդ»-ի այս հարցին պատգամավորը պատասխանեց. «Ես ավելի շուտ չեմ էլ իմացել այդ մասին: Երբ ԵՏՄ պայմանագիրը մտնում էր Սահմանադրական դատարան, այդ ժամանակ եմ միայն ծանոթացել վերոնշյալ պայմանագրին: Պետք է նշեմ, որ մեկը մյուսին չի խանգարում, եւ եթե 1994 թվականի պայմանագիրը զուտ ընդհանուր ուղղվածությանն էր վերաբերում, ապա ԵՏՄ-ն ավելի շատ բացված է եւ ավելի նպատակաուղղված է տնտեսական առումով»:
Հիշեցնենք, որ դաշնակցությունը կողմ է ԵՏՄ պայմանագրին: Եւ Արծվիկ Մինասյանն էլ թեեւ մտահոգություններ ունի պայմանագրի առումով, սակայն մատնանշեց՝ իդեալական վիճակից չէ, որ Հայաստանը գնում է ԵՏՄ անդամագրման ճանապարհով:
Զրուցեցինք նաեւ ՀԱԿ պատգամավոր, նախկին ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի հետ, ով 1990-1995 թվականներին ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր է եղել եւ պետք է որ տեղյակ լիներ, թե 1994 թվականին այսօրվա ԵՏՄ-ն հիշեցնող ինչ պայմանագիր է ստորագրվել: Պարզվեց՝ Մանուկյանը տեղյակ է եղել այդ պայմանագրից, սակայն չցանկացավ մեկնաբանել, թե ինչու ավելի վաղ չէր բարձրաձայնում: «Այդ պայմանագիրը կա, բայց չի գործում»,-հակիրճ ասաց պարոն Մանուկյանը՝ խուսափելով պատասխանել մեր այն հարցին, թե արդյո՞ք Լեւոն Տեր-Պետրոսյանի` ԵՏՄ-ին կողմ լինելը կապ ունի 1994 թվականին կնքված պայմանագրի հետ: ՀԱԿ պատգամավորն ասաց, որ իրենք հայտարարությամբ հանդես կգան:
Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ չի պատրաստել տեքստը, ուստի խմբակցության անդամ պատգամավորները չգիտեն՝ ինչպես պատասխանել: Սպասենք առաջին նախագահի առանձնատանը ծնված տեքստի հրապարակմանը:
ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԱՄԱՆՈՐՅԱ ԲԱՑԻԿՆԵՐ
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը Ամանորի բացիկների համար ծախսել է 494 հազար դրամ: «Բագրիգ» ընկերությանը քաղաքացիական ծառայության խորհուրդը պատվիրել է Սուրբ ծննդյան տոնի 400 բացիկ` հատը 460 դրամով, հազար հատ ամփոփաթերթ` հատը 120 դրամով, քաղաքացիական ծառայության լոգոտիպով բացիկներ 100 հատ` հատը 500 դրամ եւ 50 հատ օրացույց` հատը 2 հազար 800 դրամ: Ի դեպ, Ամանորի տոներին մի քանի հարյուր հազար դրամ բացիկների վրա ծախսելու սովորություն միայն այս գերատեսչությունը չէ, որ ունի: Այդ գործելաոճը հատուկ է բոլոր գերատեսչություններին, այդ թվում նաեւ՝ նախարարություններին:
ԲՀԿ-Ն ՓՈՇՄԱՆԵՑ
Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը երեկ հանդես է եկել առաջարկությամբ, որը վերաբերում է մայրաքաղաքի 2015թ. բյուջեի նախագծին: Ըստ այդ առաջարկության՝ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության գրադարանների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման համար մայրաքաղաքի բյուջեում նախատեսված է 81 միլիոն 549 հազար 300 դրամի ավելացում: ԲՀԿ-ն առաջարկում է այդ թիվը դարձնել 122 միլիոն 549 հազար 300 դրամ: Այս դեպքում վերը նշված հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան շուրջ 30 տոկոսով: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը առաջարկել էր գրադարանավարների աշխատավարձերը բարձրացնել շուրջ 20 տոկոսով: Երեւանի քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման համար էլ ԲՀԿ-ականներն առաջարկել են հատկացնել 1 միլիարդ 501 միլիոն 383 հազար 150 դրամ, Տարոն Մարգարյանի առաջարկած 1 միլիարդ 922 հազար 100 դրամի փոխարեն: Օրեր առաջ, երբ Երեւանի ավագանու նիստում քննարկվել էր 2015 թվականի բյուջեի նախագիծը, ավագանու ԲՀԿ անդամները բոյկոտել էին այն: Սակայն հետագայում հավանաբար հասկացել են, որ աշխատավարձի բարձրացմանը դեմ արտահայտվելը, մեղմ ասած, լավ բան չէ, որոշել են լավամարդ լինել` առաջարկելով աշխատավարձի ավելի մեծ բարձրացում, քան իշխանություններն են նախատեսել:
ՄԵՐԺՎԱԾ ՀՀԿ-ԱԿԱՆԸ
ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման արդյունքում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԵԿՄ անդամ Մանվել Գրիգորյանի եղբորորդի Հրանտ Գրիգորյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, 133 առաջարկ է ներկայացրել: Սակայն Կառավարությունն այդ առաջարկներից մեկ-երկուսն է ընդունել, իսկ մնացածը մերժվել են: Պատգամավորի առաջարկները հիմնականում վերաբերել են իր ընտրատարածքի դպրոցներին եւ մանկապարտեզներին լրացուցիչ գումարներ հատկացնելուն` վերանորոգման կամ այլ նպատակներով: