ՍԱՍ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ՝ 6.000 ԴՈԼԱՐԱՆՈՑ ՀԱՅՑԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանին պատկանող ՍԱՍ գրուպը հայտնվել է դատարանում: Երկու ընկերություններ «քցել» են «Սասի Արտակ» մականունով հայտնի գործարարին, եւ վերջինս ավելի քան 6.000 դոլարը ետ ստանալու համար ընկել է դատարանի դռները:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2014թ. սեպտեմբերի 18-ին «ՍԱՍ գրուպ» ՍՊԸ-ն դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Ապիկոլա» ՍՊԸ-ի: Այս ընկերությունը շուրջօրյա դեղատուն է աշխատեցրել Իսահակյան փողոցում գտնվող ՍԱՍ սուպերմարկետի շենքում եւ գումարը չի տվել: Հիմա պատգամավորին պատկանող «ՍԱՍ գրուպ»-ը պահանջում է դատարանի միջոցով «Ապիկոլա» ՍՊԸ-ից գանձել շուրջ 2 միլիոն 200 հազար դրամ: Ավելին՝ սեպտեմբերի 29-ին ՍԱՍ-ը միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի շուրջօրյա դեղատան գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դրվի, ինչը դատավոր Գայանե Կարախանյանը բավարարել է մասնակի` արգելանք դնելով միայն գույքի վրա:
«Ժողովուրդ»-ը նախ ստեղծված իրավիճակի շուրջ փորձեց զրուցել «Ապիկոլա» շուրջօրյա դեղատուն ՍՊԸ-ի տնօրենի հետ, սակայն մեր ջանքերը՝ ընկերության որեւէ ներկայացուցչի գտնելու ուղղությամբ, ապարդյուն անցան:
Իսկ, ահա, «ՍԱՍ-գրուպ» ՍՊԸ-ի իրավաբան Գոհար Գեւորգյանն ասաց, որ «Ապիկոլա» ընկերությունն իր պարտավորությունները չի կատարել. «Բնականաբար պարտք է գոյացել, եւ մենք հայց ենք ներկայացրել դատարան: Ընկերությունից ինչ կոնտակտային տվյալներ կան, չեն գործում, չենք կարողացել իրենց հետ կապվել: Դիմել ենք դատարան, որ գտնենք»:
Բայց պարզվում է՝ սա միակ ընկերությունը չէ, որ խնդրի առաջ է կանգնեցրել Աժ պատգամավոր Արտակ Սարգսյանին, որը նախկինում կարկառուն ՕԵԿ-ական էր, հետո անդամագրվեց Տիգրան Կարապետյանի «Ժողովրդական կուսակցությանը» ու տեսնելով, որ «բան դուրս չի գալիս», հանգրվանեց ՀՀԿ-ում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ մայիսի 6-ին «ՍԱՍ գրուպը» դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Ալֆա հեռուստաընկերություն» ՍՊԸ-ի: «ՍԱՍ գրուպ»-ի իրավաբան Գոհար Գեւորգյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ.«Այս ընկերությունը կոնկրետ մեզանից առաքում է պատվիրել եւ հաշիվ ապրանքագրերը դուրս գրելուց հետո դրամական պարտավորությունները չի կատարել»: Ու ինչպես նախորդ ընկերության, այնպես էլ այս դեպքում, ՍԱՍ-ի «գործընկերը» կորել է:
Գ. Գեւորգյանի խոսքերով՝ «Ալֆա հեռուստաընկերություն» ՍՊԸ-ի գտնվելու վայրն անհայտ է. «Դատական ակտերի հարկադիր կատարման միջոցով ենք փորձել գտնել, բայց տեղեկություններ չունենք»: Տեղեկացնենք, որ պատգամավորին այս ընկերությունը «քցել» է 769. հազար 423 դրամ: Ու հիմա այն ետ ստանալու համար 2013-ի դրությամբ 1 մլրդ 180 մլն դրամ եւ 194 հազար ԱՄՆ դոլար կարողություն ունեցող պատգամավորը դիմել է դատարան՝ գումարը ստանալու համար: Նշենք, որ ՍԱՍ-ի հայցի հիման վրա դատավոր Ալվար Հունանյանը «Ալֆա հեռուստաընկերություն» ՍՊԸ-ի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք է դրել: Սակայն նույնիսկ այդ դեպքում տերերը չեն հայտնվում:
Նշենք, որ 6 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ հայցադիմում ներկայացրած ընկերության սեփականատեր Արտակ Սարգսյանը լուրջ կարողություն ունի՝ 4 բնակարան, 5 ավտոմեքենա եւ 4 ընկերության բաժնեմաս: Հավելենք, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արտակ Սարգսյանի մեկ տարվա եկամուտը կազմում է 217 մլն 930 հազար դրամ, որից միայն ընդամենը 3 մլն դրամն է, որ նա վաստակել է ԱԺ պատգամավորի համեստ աշխատավարձով: Մնացածն իր բիզնեսի գործունեության «հետեւանքներն» են:

 

 

 
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆԸ՝ «ՄՈՒԹ ԳՈՐԾԵՐԻ» ՄԱՍԻՆ

«ԱրմենՏել» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, որը գտնվում է հետախուզման մեջ, համացանցում հայտարարել է, թե հայաստանյան ինտերնետային որոշ միջոցների կողմից պատվիրված տեղեկատվական հարձակումներն ունեն մեկ նպատակ. «խնդիրների իրական աղբյուրներից հասարակական կարծիքը շեղելու, ավելի ճիշտ կլինի ասել՝ որոշ գործիչների «մութ գործերը» ծածկելու համար, ինչպես ԱրմենՏել-ում, այնպես էլ դրանից դուրս»:

Ըստ Կլիմկոյի հայտարարության` մի քանի հայտեր է ներկայացնելու զանգվածային միջոցների դեմ պատվի, արժանապատվության ու գործարար համբավի պաշտպանության համար, որոնք նախաձեռնում են նման հրապարակումները. «Ուզում եմ նաեւ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ ՀՀ իրավապահ մարմիններն արդեն 4 ամիս է՝ մերժում են իմ պաշտպանվելու իրավունքը` թույլ չտալով փաստաբաններին զբաղվել այս գործով: Դատարան հայց եմ ներկայացրել պաշտպանվելու իմ սահմանադրական իրավունքը վերականգնելու պահանջով»:
Պարզվում է՝ «ԱրմենՏել» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ցանկացել է իր գործով պաշտպան նշանակել փաստաբան Տիգրան Աթանեսյանին, սակայն ազգային անվտանգության ծառայությունը հրաժարվում է փաստաբանին ներգրավվել. «ԱԱԾ թույլ չի տալիս, դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազություն, բողոքս մերժել են, դիմել եմ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան»:
Հարցին, թե ինչ պատճառաբանություն է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազությունը եւ, առհասարակ, ԱԱԾ-ն, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց. «Իգոր Կլիմկոն ինձ նոտարական կարգով վավերացրած լիազորագիր է ուղարկել, որ ես իր գործով պաշտպանը լինեմ: Ազգային անվտանգության ծառայությունն ասում է, որ մենք վստահ չենք, որ ինքը բարի կամքով է կայացրել այդ որոշումը, եւ այդ հիմքով մերժում են: Իսկ ՀՀ գլխավոր դատախազությունն էլ ասում է, թե ԱԱԾ-ն ճիշտ է արել: Արդյունքում՝ ես դիմել եմ դատարան, դեկտեմբերի 18-ին այս գործով առաջին նիստը կլինի»:
Հիշեցնենք, որ 2009-2012թթ «ԱրմենՏել»-ի՝ արտերկրից կատարված հեռախոսազանգերի դիմաց փոխանցված գումարների մի զգալի մասն անհետացել էր «ԱրմենՏել»-ից: Ըստ փորձագետների՝ երեք տարվա ընթացքում «ԱրմենՏել»-ից հափշտակվել է մոտ 500 մլն դոլար: Արդյունքում՝ «Արմենտել»-ի նախկին տնօրենի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ նրա տեխնիկական գծով տնօրեն Վ.Սաչկովը Բելառուսի Հանրապետությունում կալանավորված է, եւ այժմ ընթանում է նրան արտահանձնելու գործընթացը: Իսկ թե ովքեր են ներգրավված այս գործում, որոնց մասին ակնարկում է «ԱրմենՏելի» նախկին գլխավոր տնօրենը, դեռ կբացահայտվի:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 

ՆԱՂԴԱԼՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԸ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվի մասով հարուցված քրգործին ներգրավվել է նոր պաշտպան՝ Արմեն անունով, ում տրամադրել են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ու նրա ամուսինը՝ ՀՀ ֆիննախի տարածքային հարկային տեսչության նախկին պետ, ներկայումս ՀՀ Կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչ Դավիթ Բեգլարյանը:
Սույն անձինք, հիշեցնենք, այս պատմության շրջանակներում վաշխառուների «կոչում» են ստացել: Վերոնշյալ փաստաբանը, ով այս գործով առաջին անգամ դատարան կներկայանա այսօր, հարկայինի Մաշտոցի բաժնի իրավաբաններից է: Այստեղից հետեւություն՝ Հերմինե Նաղդալյանի ամուսնու կադրը պետք է ներկայացնի այն ամբաստանյալների շահերը, ովքեր այդ կարգավիճակում են հայտնվել հենց Նաղդալյանի ջանքերով:
Նշենք, որ ամբաստանյալները դատարանում բազմիցս հայտարարել են, որ փաստաբան վարձելու հնարավորություն չունեն, ինչն էլ հանգեցրել է նման կանխատեսելի եւ կողմնակալ իրավաբանների ներգրավմանը գործին:
Նշենք, որ արդեն 5 տարի շարունակ ձգվող «Նորաշեն-2007»-ի գործով դատավարության հերթական դատական նիստը կկայանա այսօր Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Սպառողական կոոպերատիվից խաբված բնակիչների մի մասը դեռեւս հասանելիք բնակարանները չի ստացել:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ դատարանն անգամ բերման ենթարկելու որոշման առկայությամբ չի կարողանում դատարան բերել մի շարք վաշխառուների:
Նշենք, որ Հերմինե Նաղդալյանը եւ ՀՀ հարկային ծառայության իրավաբանական վարչության նախկին պետ, գործով վկա Ռազմիկ Ավագյանը «Նորաշեն 2007» կոոպերատիվի նախագահին եւ նրա տեղակալին գցել են ծուղակը եւ բնակիչներին պատկանող բնակարանները տոկոսով տված գումարի դիմաց ձեւական գրանցել իրենց ազգականների անուններով: ՍԿ-ի նախագահի ցուցմունքի համաձայն՝ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը իրեն 300 հազար դոլար է տվել 5%-ով եւ մի քանի անգամ ստացել տոկոսները: Բացի այդ՝ Նաղդալյանը գրավով վերցրել է 14 բնակարան՝ ինքնարժեքից 3-4 անգամ ցածր գնով:
Եթե ամփոփելու լինենք, պետք է արձանագրենք, որ ԱԺ փոխնախագահն այս գործընթացում 8 ընտանիքի կործանման եւ քայքայման պատճառ է դարձել՝ նրանց անտուն թողնելով:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




Լրահոս