ԵՐԲ ԽՈՍՔԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ տեղի ունեցավ Հայաստանի մարզպետների եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը, որի ընթացքում մարզպետները բավականին լավատեսական ցուցանիշներ են ներկայացրել՝ միաժամանակ նշելով, թե իրենց ղեկավարած մարզերի բոլոր ոլորտներում զգալի աճ է արձանագրվում: Սակայն իրականում յուրաքանչյուր մարզում անկում է արձանագրվել:

Մասնավորապես Արագածոտնի մարզում, որն ավելի շատ գյուղատնտեսական ուղղվածություն ունի, նշվում է, որ հենց միայն այս տարվա կարկտահարության հետեւանքով մարզի ավելի քան մեկ տասնյակ համայնքներ կրել են 1.75 մլրդ դրամի չափով վնաս:
Թեեւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն առիթը բաց չի թողնում հայտարարելու, թե աշխատանքներ են տարվում անասնաբուծության եւ գյուղատնտեսության բնագավառը խթանելու հարցում, սակայն այն իրականում այդպես չէ: Ավելին՝ ՀՀ պետբյուջեի միջոցներով այս տարվա ընթացքում 30 մլն դրամ է նախատեսվել մարզի անասնաբուծության զարգացման, կենդանիների հիվանդությունների բուժման եւ կանխարգելման նպատակով:
Հայտնի է, որ այս մարզի եզդիաբնակ համայնքների բնակիչների եկամտի միակ աղբյուրն անասնապահությունն է: Սակայն Հայաստանի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի փոխանցմամբ՝ այս համայնքներում վերջին երեք տարում կտրուկ նվազել է անասնապահությունը: «Մարդիկ չեն զբաղվում, որովհետեւ ձեռնտու չէ. անասնակերը թանկ է, իսկ արտադրանքը՝ կաթը, պանիրը, չեն կարողանում իրացնել: Դրա համար էլ ստիված վաճառում են իրենց անասունները կամ դրանց թիվը կրճատում են: Իսկ տարիներ առաջ նրանք անասուն պահելով՝ կարողանում էին մեքենա, տուն գնել»,- նկատեց Թամոյանը:
Իսկ այս ֆոնին Արագածոտնի մարզպետը դեռ շարունակում է հայտարարել, որ իր ղեկավարած մարզում ամեն ինչ կարգին է: Ինչպես է ամեն ինչ լավ, եթե նույն մարզպետարանի պաշտոնական կայքէջում մարզի համայնքներում դեռ շարունակում է խնդիր մնալ գյուղատնտեսական տեխնիկայի հարցը, որը չկա, աշխատատեղերի ստեղծումը, մարդկանց սոցիալապես ծանր պայմանները, գյուղատնտեսական մթերքների իրացումը, երիտասարդների գործազրկությունը: Մարզի բոլոր գյուղերում երիտասարդ տղաները Հայոց բանակից վերադառնալուն պես շտապում են Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի:
Արդյունաբերությամբ հայտնի Լոռու մարզում 2014 թվականի առաջին կիսամյակում մարզի արդյունաբերական ձեռնարկություններն ընթացիկ (գործող) գներով թողարկել են 27 մլն 359 հազար 400 մլն դրամի արդյունաբերական արտադրանք՝ 2013 թվականի 1-ին կիսամյակի 33 մլն 531 հազար 400 մլն դրամի դիմաց: Այսինքն՝ 18.4 տոկոսով այն նվազել է:
«Մետալուրգիա»-ի ցուցանիշները 2014թ. հունվար-հունիս ամիսներին նույնպես փոքր-ինչ նվազել են: Այնուամենայնիվ, «Էյ-Սի-Փի» ՓԲԸ-ն այս տարվա անցած 6 ամիսներին արտադրել է 5014.9տ կոնվերտորային պղինձ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ 778.9 տոննայով պակաս): Ուշագրավ է, որ այս տարվա վեց ամիսներին մարզի 6 ձեռնարկություններ արտադրանք չեն թողարկել:
Նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի աճի նվազման պատճառով մոտ 35 տոկոսով նվազել են նաեւ արտահանման ցուցանիշները: Իսկ, ահա, արդյունաբերության ոլորտում աշխատողների միջին ցուցակային թիվը կազմել է 5.535, որը 6.7 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:
ՀՀ Սյունիքի մարզում նույնպես 2014 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մարզի արդյունաբերական ձեռնարկությունների արտադրության ծավալները նվազել են. այն կազմում է 6.3 տոկոս: Ինչպես Արագածոտնի, այնպես էլ Վայոց Ձորի մարզում շարունակում է խնդիր մնալ երիտասարդների գործազրկությունը, պտղատու այգիների հիմնումը եւ նոր ջրագծերի կառուցումը: Ի դեպ, այս մարզում տարբեր պատճառներով եղած վարելահողերի զգալի մասը չի մշակվում: Իսկ ամենացավալի նորությունը, որը կապված է Վայոց Ձորի մարզի հետ, այն է, որ այստեղ 2014 թվականի 1-ին կիսամյակում կապիտալ ներդրումներ չեն կատարվել:
Այսպիսով՝ Հայաստանում իրականությունն ու պաշտոնապես ներկայացվածի եզրերն այդպես էլ չեն համընկնում: Ու շատ ցավալի է, որ բարձրաստիճան պաշտոնյաներն են անգամ աչքակապությամբ զբաղվում: Նկարահանող խցիկների, ինչու չէ նաեւ՝ իրենց վերադասի առաջ հաշվետու լինելիս մեկ այլ իրականություն են ներկայացնում, իսկ փաստացի այդ իրականությունը շատ ավելի մռայլ գույներով է ներկայանում մեզ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԱՂԲԱԿՈՒՅՏԵՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Գյումրիում աղբով լեցուն տարածքներն օր օրի ավելանում են. հին տարածքներն ընդլայնվում են նորերի հաշվին: Գյումրու Կրուպսկայա փողոցի հարեւանությամբ գոյացած աղբը վկայությունն է այն բանի, որ աղբադաշտի են վերածվում կենտրոնական փողոցների բնակելի շենքերի մերձակա տարածքները:
Աղբի հարեւանությամբ ապրող բնակիչների մտահոգությունն է՛լ ավելի է մեծանում: Ու եթե ձմռանը աղբի գարշահոտը չի զգացվում, եւ կարելի է մի կերպ դիմանալ, ապա ամռանը վիճակը սրվում է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ աղբադաշտն էլ տարեցտարի ընդլայնվում է:
67-ամյա տիկին Էմման մեզ հետ զրույցում ասաց, որ չնայած կուտակված աղբը բնակիչների մեղքով է, այնուամենայնիվ քաղաքում աղբահանությունը ժամանակին չի արվում: Տիկին Էմմայի խոսքերով՝ ստեղծված իրավիճակից հատկապես տուժում են այն թաղամասերը, որտեղ բնակչությունը քիչ է, կամ տնակային թաղամասերը, որոնք դուրս են ընդհանուր վերահսկողությունից. այս թաղերում աղբահանությունն ամբողջությամբ բարձիթողի վիճակում է:
Քաղաքի աղբառատ տեսքից դժգոհեցին նաեւ հարցվող քաղաքացիները, որոնք կես կատակ, կես լուրջ ասացին, որ քաղաքին աղբից չփրկեցին նաեւ քաղաքապետ Սամվել Բալասանյանի նախաձեռնությամբ փողոցներում տեղադրված թանկարժեք աղբամանները, գյումրեցիների լեզվով ասած՝ «Բալասանյանի կվարտիրաներ»-ը:
Այն, որ աղբահանության խնդիրը լուծելու լուրջ անհրաժեշտություն է առաջացել, չեն հերքում նաեւ քաղաքապետարանի համապատասխան բաժնից: Քաղաքապետարանի բնակշահագործման վարչության աշխատակիցներից տեղեկացանք՝ ընդհանուր խնդրի հետ կապված քայլեր ձեռնարկվում են: Գյումրու քաղաքապետարանն այդ նպատակով գործընկերներ եւ աջակիցներ է փնտրում:
Տեղեկացանք, որ վերջերս քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդիպել է «Ասիական զարգացման բանկ»-ի ներկայացուցիչների հետ՝ համագործակցության նպատակով: «Ասիական զարգացման բանկ»-ը ՀՀ որոշ մարզերում, այդ թվում եւ Շիրակի մարզում, աղբահանության հետ կապված մտադիր է իրականացնել «Կոշտ թափոնների կառավարման» ծրագիր: Բանկի կողմից տրամադրվող ֆինանսական որոշակի օգնության միջոցով հնարավոր կլինի կիրառել աղբահանության նոր մեթոդներ: Ծրագրի շրջանակում բանկի ներկայացուցիչները կայցելեն Գյումրի, կուսումնասիրեն, թե քաղաքի որ տարածքում երբ եւ ինչպես կարելի է տեղադրել թափոնների կառավարման սարքավորումները: Քաղաքապետարանից հույս են հայտնում, որ այս համագործակցության շնորհիվ եկող տարի Գյումրիում աղբահանությունը կիրականացվի համակարգված, կվերանա բարձիթողի այն վիճակը, որ ներկայումս առկա է ոլորտում:
Ի դեպ, նշենք, որ նախատեսված ծրագրի շրջանակում ոչ միայն աղբահանություն է իրականացվելու, այլեւ աղբն է վերամշակվելու:
Գյումրեցիները դեռեւս թերհավատորեն են մոտենում փաստին, որ Գյումրին երբեւէ կմաքրվի համընդհանուր աղբից, փոշուց եւ կազատվի 1988-ի աղետալի երկրաշարժի կիսավեր շենքերից:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ԷԼԻ ԲՈՂՈՔԵԼ ԵՆ
Երեկ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կրկին բողոքի ակցիա են անցկացրել: Այս անգամ նրանք հավաքվել են «Նաիրիտ» գործարանի մասնաշենքի մոտ: Նաիրիտցիները ցանկանում են հանդիպել տնօրենին, առաջարկել, ներկայացնել իրենց պահանջները եւ ստանալ մի քանի ամսվա աշխատավարձը: Նշենք, որ նախօրեին էլ գործարանի աշխատակիցները հավաքվել էին նախագահականի մոտ: Նրանց երեկ խոստացվել էր վճարել մեկ ամսվա աշխատավարձը, սակայն հստակ որեւէ ժամկետ այդպես էլ չէր նշվել:

 

ՍՏԻՊՎԱԾ Է ԵՂԵ՞Լ
Երեկ «Աշտարակ-Կաթ» ընկերությունն անդրադարձել է կաթնամթերքի թանկացմանը: «Աշտարակ-Կաթ» ընկերությունը տեղեկացնում է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում միջազգային շուկայում տեղի ունեցած գնային փոփոխությունները ընկերությանը կանգնեցրել են դժվար կացության առջեւ: Մասնավորապես 2010-2014թթ. մթերվող կաթի, կաթնամթերքի արտադրության համար անհրաժեշտ բոլոր հումք-նյութերի, փաթեթավորող նյութերի, էներգակիրների գները կտրուկ բարձրացել են, իսկ հումք-նյութերը կազմում են ընկերության արտադրանքի բացթողման գնի շուրջ 80%-ը»,-հայտարարել է ընկերությունը:
«Ընկերությունը տարիներ շարունակ փորձել է ինչ-որ չափով զսպել գնաճը ծախսերի կրճատման, ներդրումների հետաձգման, վարկային միջոցների ներգրավման շնորհիվ: Սակայն, հասկանալի է, որ ոչ մի ընկերություն երկար ժամանակ այդպիսի պայմաններում աշխատել չի կարող: «Աշտարակ-Կաթ» ընկերությունը գնային 5-10 տոկոսանոց բարձրացումներն իրականացրել է՝ ելնելով ծայրահեղ անհրաժեշտությունից՝ ոլորտում իր շարունակականությունն ապահովելու նպատակով: Սակայն կարեւորելով կաթի՝ սոցիալական նշանակություն ունենալու հանգամանքը՝ ընկերությունն անփոփոխ է թողել կաթի գինը՝ պահպանելով նույն համային եւ որակական հատկանիշները»,-նշված է ընկերության հաղորդագրությունում:
Նշվում է նաեւ, որ ընկերությունը կաթի գինը չի թանկացրել՝ հաշվի առնելով դրա նկատմամբ երեխաների եւ մեծահասակների պահանջարկը. «Որոշումն ընդունելիս հաշվի է առնվել նաեւ այն հանգամանքը, որ կաթը սկզբնաղբյուր է կաթնամթերքի մնացած բոլոր տեսակների արտադրության համար»:

 

ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔ ՉԻ ԵՂԵԼ
Երեկ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: Ֆինանսական շուկայի խաղացողները պատրաստ են եղել 1 ԱՄՆ դոլարի դիմաց վճարել 445 դրամ, սակայն դոլարի առաջարկ ընդհանրապես չի եղել: Արդեն 5-րդն օրն է, որ բորսայում դոլարի առաջարկ չկա: Կանխիկ արտարժույթի շուկայում դրամը շարունակում է արժեզրկվել: Ըստ Rate.am համակարգի՝ ժամը 15:30-ի դրությամբ ՀՀ բանկերը դոլարը գնում են միջինը 447 դրամով, վաճառում՝ 458 դրամով: Որոշ բանկերում դոլարի վաճառքի գինը հասնում է 465 դրամի:




Լրահոս