Մանրամասներ մարզպետներ- պատգամավորներ հանդիպումից. կառավարության անդամները դժգոհել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները երկժամանոց հանդիպում ունեցան մարզպետների հետ։ Պատգամավոր Վարազդատ Կարապետյանի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը մասնակցում էին բոլոր մարզպետներն առանց բացառության, սակայն իշխող խմբակցությունն ամբողջական կազմով ներկա չէր հանդիպմանը, եւ պատճառը նաեւ որոշ պատգամավորների՝ գործուղման մեջ լինելու հանգամանքն էր։

Նկատենք, սակայն, որ հանդիպմանը զուգահեռ պատգամավորներն ակտիվ ելումուտ էին անում, կային պատգամավորներ, որոնք միայն վերջում եկան կամ էլ առհասարակ շատ շուտ հեռացան։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հանդիպման ընթացքում հերթով խոսել են բոլոր տասը մարզպետները, ապա նրանց հարցեր են ուղղել պատգամավորները, եւ եղել են նաեւ հետաքրքիր երկխոսություններ մարզպետների ու պատգամավորների միջեւ։

Հետաքրքիր է, սակայն, որ բացի պատգամավորների հարցերին պատասխանելուց մարզպետներն իրենց նախաձեռնությամբ ինքնաբուխ ելույթներ են ունեցել եւ դժգոհել համայնքապետերից՝ պատճառաբանությամբ, թե վերջիններս խանգարում են իրենց աշխատել, չեն օգնում, ամեն կերպ խոչընդոտում են ծրագրերին, այդ թվում՝ ներդրումային։ Մարզպետներն այդ մասին դժգոհել են հենց պատգամավորների հետ հանդիպմանը եւ այդպես պատճառաբանել նաեւ իրենց վատ աշխատանքը։

Տարբեր մարզպետներ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում եւս չթաքցրեցին, որ հանդիպման ընթացքում բարձրաձայնել են համայնքապետերի հետ աշխատանքի հետ կապված հարցեր եւ արդեն լրագրողներին դժգոհեցին նրանց աշխատանքից։ Օրինակ` Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը դժգոհություն հայտնեց համայնքների ղեկավարների զգալի մասից, սակայն հետաքրքիր է, որ, մարզպետի խոսքով, համայնքապետերը չեն խախտում օրենքը, բայց խնդիրներ են հարուցում ներդրողների համար։ Ղուկասյանը խուսափեց անուններ նշել, սակայն ընդգծեց, որ օրենք խախտողների նկատմամբ քրեական գործեր են հարուցվում։ Մարզպետը չթաքցրեց, որ այս պահին 2-3 համայնքապետ ներգրավված են այդպիսի գործերով, եւ նրանց թվում կան ե՛ւ քաղաքների, ե՛ւ գյուղերի ղեկավարներ։

Պատգամավորների հետ հանդիպմանը համայնքի ղեկավարներից դժգոհել է նաեւ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գրիգորյանը եւ նույն պատճառաբանությունը ներկայացրել, թե նրանք հրաժարվում են օգնել ներդրումներ անողներին, օրինակ` հող ցանկացողներին դա չեն տրամադրում եւ այլ պատճառներ։ Դավիթ Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում եւս դժգոհել է համայնքի ղեկավարների աշխատանքից։ «Ամեն մարդ ունի իր առանձնահատկություններն ու աշխատելաոճը։ Ամեն մեկի հետ փորձում ենք հարմարվել, աշխատել, որ արդյունավետությունը չտուժի դրանից։ Բոլորը պետք է օրենքով եւ հեղափոխության սկզբունքներին համապատասխան աշխատեն», – մեզ հետ զրույցում նշել էր նա։

Սակայն հետաքրքիր է, որ ոչ բոլոր մարզպետներն են փաստացի այդպիսի խնդիրների բախվել։ Մասնավորապես, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, թե ինքը երբեւէ խնդիրներ չի ունեցել ոչ մի համայնքի ղեկավարի հետ։ «Սյունիքի մարզն այն քիչ մարզերից է, որտեղ համայնքների խոշորացումը կատարվել է, եւ մենք աշխատում ենք 8 խոշորացված համայնքների ղեկավարների հետ։ Այս մասով նորմալ է, եւ ամեն ինչ` կառավարելի», – նշել է Պողոսյանը։ Համայնքի ղեկավարների հետ աշխատանքի դժվարությունների մասին նա չի խոսել նաեւ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ։

Իհարկե, չենք կարող բացառել, որ իսկապես կան համայնքների ղեկավարներ, որոնք կառավարվում են դեռեւս նախկին իշխանությունների կողմից, ղեկավարվում են այլ կետից եւ այնքան էլ լավ հարաբերություններ չունեն նոր մարզպետների հետ։ Եվ շատ է խոսվել այն մասին, որ հեղափոխությունից հետո խաղի այլ կանոններ են, եւ թերեւս կլինեն համայնքապետեր, որոնք չեն ցանկանա աշխատել այդ խաղի կանոններով, քանի որ երկար տարիներ այլ կերպ են աշխատել։ Սակայն եթե այդ խնդիրների մասին խոսում են գրեթե բոլոր մարզպետները, ստացվում է՝ խնդիրը նաեւ այլ տեղ է պետք փնտրել։ Միգուցե եւ հենց մարզպետների՞ սխալի հետեւանքն են այդպիսի հարաբերությունները, միգուցե մարզպետնե՞րը չեն կարողանում ընդհանուր եզրեր գտնել համայնքների ղեկավարների հետ։ Իրենք տեղում սկզբունքայնություն եւ կարգուկանոն չեն ապահովում:

Եվ հետաքրքիր է, որ այդպիսի դժգոհություններ ունեն բոլոր մարզպետները՝ բացառությամբ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի, եւ սա այն դեպքում, երբ այս մարզը մշտապես հայտնի է եղել իր խնդիրներով։ Ստացվում է, որ մարդու անձնական կարողությունները ավելի առաջնային են կառավարման ոլորտում, քան անընդհատ օրենքին հղում անելն ու համայնքի ղեկավարներին «բռնել տալով» վախեցնելը։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս