Զինվորը ծառայակցին շփոթել է դիվերսանտի հետ և սպանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ Տիգրան Հակոբյանի, Արթուր Մարտիրոսյանի և Արթուր Զոհրաբյանի մասով վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունվել Վերաքննիչ քրեական դատարան:

Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից, զինծառայողների ծառայակից ընկերոջ՝ Խաչատուր Խաչատրյանի մահվան և դրա հանգամանքների մեջ մեղադրվող շարքայինները դատապարտվել են ազատազրկման՝ համապատասխանաբար 4, 2 և 1 տարի 11 ամիս ժամկետով: Ժամկետային զինծառայողներն առաջադրված մեղադրանքներում իրենց մեղավոր են ճանաչել՝ հրաժարվելով ցուցմունքներ տալուց:

Վերաքննիչ քրեական դատարան բողոքաբերը պահանջել է պատժի մասով բեկանել դատավճիռը, երեք ամբաստանյալների նկատմամբ սահմանված պատիժներն էլ խստացնել, Մարտիրոսյանի ու Զոհրաբյանի նկատմամբ պայմանական դատապարտություն չկիրառել:

Պարտադիր զինծառայող, կոչումով շարքային Տիգրան Հակոբյանը, ըստ դատական ակտի, 2013 թվականի սեպտեմբերի 6-20-ը ընդգրկված է եղել մարտական հերթապահության հերթափոխի կազմում՝ որպես դիտորդ: Սեպտեմբերի 15-ին ամբաստանյալը խախտել է «ՀՀ Պետական սահմանի մարտական դիրքերում մարտական հերթապահության կազմակերպման ու անցկացման մասին» կանոնադրության պահանջները, որոնք արգելում են հերթապահության ժամանակ շեղվել, թուլացնել աչալրջությունը:

Գիշերվա ժամը 2-ն անց 50-ի սահմաններում 21-ամյա Տիգրանը դիտակետում հերթապահության ժամանակ կանգնած քնել է, արթնացել է ձայներից: Իրենից ձախ՝ մոտ 10 մետրի վրա, տեսել է մարդու կերպարանք: Քնաթաթախ վիճակում, չհասկանալով, որ դա իր հետ հերթապահություն կատարող շարքային Խաչատուրն է, մտածելով, թե հակառակորդի դիվերսիոն խումբ է ներխուժել դիրք, Հակոբյանը լիցքավորել է իրեն ամրակցված ինքնաձիգը ու թվով 10 փամփուշտ կրակել մարդկային կերպարանքի ուղղությամբ: Դրա հետևանքով շարքային Խաչատուր Խաչատրյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հոսպիտալ, որտեղ մահացել է:

Իսկ սերժանտ Արթուր Մարտիրոսյանը եղել է տվյալ դիրքի ավագի օգնականը: Նա, ըստ հաստատված գրաֆիկի, պարտավոր է եղել ամեն օր՝ գիշերվա ժամը 02:00-04:00-ը, դիտակետում հերթապահել դիտորդների հետ:

Սակայն, ըստ նախաքննական մարմնի, դեպքի պահին Մարտիրոսյանը գտնվել է ոչ թե դիտակետում, այլ՝ գետնատնակում. նրա կատարած խախտումը, անբարեխիղճ վերաբերմունքը կանոնադրության պահանջների ու ծառայության նկատմամբ, ըստ դատական ակտի, առաջացրել է էական վնաս:

Ավագ սերժանտ Արթուր Զոհրաբյանը դեպքի ժամանակ նշանակված է եղել դիրքի ավագ, եղել է պաշտոնատար անձ, պետ: Նա, ըստ կանոնադրության, պարտավոր է եղել վերահսկելու դիտորդների հերթափոխի գրաֆիկի ճիշտ կատարումը:

Սակայն դեպքի ժամանակահատվածում նա, տեղյակ լինելով, որ սերժանտ Արթուր Մարտիրոսյանը ոչ թե դիրքում է, այլ՝ գետնատնակում, դրսևորել է իշխանության անգործություն, Մարտիրոսյանին չի ուղարկել դիտակետ՝ ծառայության, մարտական զգոնությունը չի ապահովել, ինչն առաջացրել է էական վնաս:

Վկայություն տված զինվորները, ըստ դատական ակտի, հայտնել են, թե այդ ժամանակ նաև ուսանող Արթուր Մարտիրոսյանը ոչ մի անգամ չի կատարել իր պարտականությունները գիշերային հերթապահության ժամանակ, իսկ դիրքի ավագ Զոհրաբյանը տեղյակ է եղել դրա մասին:

Զոհրաբյանն ու Մարտիրոսյանը դիտորդների հերթափոխ կատարել են միայն այն ժամանակ, երբ տվյալ ժամին վերադաս հրամանատարությունը գտնվել է դիրքում: Զոհրաբյանը, ով պարտավոր էր դիրքում հերթապահել գիշերվա ժամը 4-ից մինչև 6-ը, նույնպես ոչ մի անգամ չի հերթապահել… Վկաների մեծ մասն ընդհանուր իրավասության դատարան չի ներկայացել: Հրապարակվել են նրանց նախաքննական ցուցմունքները:

Գործի քննության ընթացքում Արթուր Մարտիրոսյանն ու Արթուր Զոհրաբյանը զորացրվել են:




Լրահոս