ՉԻ ՈՒԶՈՒՄ
Շարունակվում է առողջապահության նախարարի հավանական թեկնածուների անունների շրջանառությունը: Այժմ էլ որպես նախարարի թեկնածու նշվում է Արյունաբանական կենտրոնի տնօրեն, ՀՀԿ-ական Սմբատ Դաղբաշյանի անունը: Ինչ վերաբերում է Բժշկականի ռեկտոր Դերենիկ Դումանյանի համար լոբբինգ անող «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանին, ապա նա «Ա1+»-ին ասել է, որ «նման բան չկա», եւ հավելել, որ նաեւ ինքը չի ուզում դառնալ նախարար:
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, մանկավարժ, նկարչուհի Սիլվա Ասատրյանը, որը դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով, երկու օր է՝ ազատության մեջ է: Հիշեցնենք, որ Գասպարյանը մահացել էր ավտովթարից:
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ՈՒ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Aravot.am-ի ունեցած տեղեկություններով՝ երեկ՝ երեկոյան, տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Այն տեղի է ունեցել վարչապետի աշխատավայրում: Աղբյուրի փոխանցմամբ, Գագիկ Ծառուկյանի մեքենան մոտ մեկ ժամ գտնվել է կառավարության շենքի մոտ:
ԴԻԱԿ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻՆ
armlur.am-ի տեղեկացմամբ, երեկ՝ առավոտյան ժամը 9:30-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին այն մասին, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի եզրին՝ փոքրիկ փոսորակում, տղամարդու դի կա: Պարզվել է, որ սպանվածը Զվարթնոց 8 շենքի բնակիչ 55-ամյա Աբգար Սիմոնյանն է, որի մահը վրա է հասել հրազենից արձակված կրակոցներից: Հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն:
ԲԱՆԻՑ ԱՆՏԵՂՅԱԿ
Նալբանդյան 106 հասցեի շրջակա շենքերի մի խումբ բնակիչներ հանդես են եկել բաց նամակով՝ ուղղված Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում տեղեկացնում են բակում շարունակվող ծառահատումների եւ բարձրահարկի շինարարության մասին. «Ցավում ենք, որ Նալբանդյան 106/1 հասցեում կատարվող այլ իրողությունների մասին Դուք նույնպես տեղեկացված չեք, մինչեւ իսկ ԱԺ նախագահի՝ մեզ հասցեագրված բաց պատասխանից կարող ենք եզրակացնել, որ որպես քաղաքային իշխանության ղեկավար՝ Դուք ապատեղեկացվել եք Ձեր ենթակաների կողմից»: