ՍԵՎԱՆԱ ԼԻՃԸ ՃԱՀՃԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնապահպաններն ահազանգում են. Սեւանը հերթական անգամ կանգնած է մեծ վտանգի առջեւ: Պատճառը` 5 տարի ժամկետով լճից օրենքով սահմանված առավելագույն չափաքանակից ավելի` լրացուցիչ 70 միլիոն խմ ջրի բացթողումների եւ Սեւանը ձկնաբուծարանի վերածելու ծրագրերն են: Մասնագետները վստահեցնում են, որ այս վերջին ծրագրի արդյունքում Սեւան բաց կթողնվի 50 հազար տոննա արհեստական կեր ազոտի, ֆոսֆորային եւ այլ քիմիական խառնուրդների տեսքով, ինչը կհանգեցնի լճի աղտոտմանն ու ճահճացմանը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հունվարի 30-ին հավանության է արժանացրել «Սեւանի էկոհամակարգի վերականգնման եւ պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունները, որոնց համաձայն` մինչեւ 2019 թ. ոռոգման նպատակներով կավելացվեն Սեւանա լճից ջրի բացթողումները: Լճից ջրբացթողումը ներկա 170 մլն խորանարդ մետրից նախատեսվում է հասցնել տարեկան 240 մլն խորանարդ մետրի:
Այս կապակցությամբ բնապահպաններն օրեր առաջ բաց նամակ են հղել Սերժ Սարգսյանին, պահանջելով` թույլ չտալ Սեւանա լճից ջրի բացթողնման ծավալի ավելացում: Բացի այդ, բնապահպանական հարցերով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ հավաքել են ավելի քան 1000 էլեկտրոնային ստորագրություն: Առայժմ ՀՀ նախագահի նստավայրից արձագանք չի եղել:
Նշենք, որ առաջիկայում լճում նախատեսվում է կառուցել նաեւ 74 ձկնաբուծական ֆերմա, որոնք ամեն տարի Սեւան բաց կթողնեն 50 հազար տոննա արհեստական կեր ազոտի, ֆոսֆորային եւ այլ քիմիական խառնուրդների տեսքով: Այս խնդրի շուրջ բնապահպանները եւս մտահոգված են, քանի որ նրանց կարծիքով՝ դա կհանգեցնի լճի աղտոտմանն ու ճահճացմանը:
Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակում բնապահպանները պահանջել են արգելել նաեւ ձկնաբուծական ֆերմաների կառուցումը: Հակառակ դեպքում, կխախտվի «Սեւանա լճի մասին օրենքի» 10-րդ հոդվածը, ըստ որի` լճում արգելվում է ցանկացած տեսակի տնտեսական գործունեություն, որը վնասակար ազդեցություն է ունենում լճի էկոհամակարգի վրա:
Ջրային էկոհամակարգերի մասնագետ Սեյրան Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մտահոգվեց` նշելով, որ ձկնաբուծության ծրագիրն իր մեջ պարունակում է բազմաթիվ ռիսկեր` հատկապես օրգանական նյութերով լճի հատակի աղտոտման հետ կապված: Եվ ջրի բացթողումն այս պահի դրությամբ անթույլատրելի է: «Սեւանում արհեստական կերերի նման մեծ ծավալների ամենամյա ավելացումը բացասական ազդեցություն կունենա լճի ջրի թափանցիկության վրա, ինչն այս պահին կազմում է մոտ 10-10,5 մ»,- տեղեկացրեց մասնագետը:
Նրա խոսքով՝ լճում ձկնաբուծական ֆերմաներ կառուցելու նածագիծը կարող է ունենալ ե՛ւ դրական, ե՛ւ բացասական հետեւանքներ: «Մեծ ռիսկեր կան: Նախագծի հեղինակները պնդում են, որ ծրագիրը էտապային է լինելու: Այս առումով լավ է, քանի որ ցանկացած փուլում կարող են կանգ առնել: Խնդիրն այն է, սակայն, որ էտապային տարբերակով ծրագիրն իրագործելու ընթացքում ժամանակ առ ժամանակ տվյալները պետք է հասանելի լինեն մասնագետներին, որպեսզի նրանք կարողանան վերլուծել»,-խորհուրդ տվեց մեր զրուցակիցը:
Այդուհանդերձ` նա թերահավատորեն է վերաբերվում ծրագրի իրագործմանը, քանի որ վստահ է, որ մեր երկրում շատ է պատահում, երբ իշխանությունների հայտարարություններն ու քայլերը չեն համապատասխանում: «Հնարավոր է, որ դա շատ օգտակար էլ լինի: Այսօր Սեւանը փրկելու երեք գործողություն կա. նախ՝ պետք է ջրի մակարդակն անընդհատ բարձրացնել, հետո` ջրածածկ անտառը մաքրել եւ Սեւանում պետք է լինի ձուկ: Իսկ այսօր ստեղծվել է մի պատկեր, երբ կեր շատ կա, բայց ձուկ չկա, ինչն էլ լճում առաջացնելու է ճահճացում: Ես, ամեն դեպքում, այս պահին չեմ կարող ասել, թե ինչ հետեւանք կունենա այս ծրագրի իրագործումը, բայց մի բան պարզ է. եթե վատ լինի, բնականաբար, լիճը կկործանվի, եթե լավ լինի` հնարավոր է, որ լճին այն չափով վնաս չհասցվի, ինչից մենք վախենում ենք ու մտահոգվում»,-ներկայացրեց Մինասյանը:
Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ ներկայիս տեխնոլոգիական հնարավորությունների պայմաններում նախագծի հեղինակները պետք է բոլոր ռիսկերը հաշվեին, մոդելավորեին մի քանի սցենարներ եւ ներկայացնեին հանրության եւ մասնագետների դատին, ինչը, սակայն, չի արվել:
Իսկ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Գնդոյանը վստահ է. եթե անհրաժեշտ նորմերը չպահպանվեն, ապա, իհարկե, նախագիծը բացասական հետեւանք կունենա: «Մեր համաձայնությունն ի՞նչ կարող է անել, դա պետք է մասնագետները որոշեն: Դա ցանկության խնդիր չէ, պետք է մոնիթորինգ արվի, որի ընթացքում կերեւան դրա լավ ու վատ կողմերը: Սա ունի իր ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կողմերը: Այս պահի դրությամբ ոչ ոք չի կարող հստակ գնահատական տալ»,-նշեց Գնդոյանը:
Հ.Գ. Հավելենք, որ երեկ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովում, որին ներկա էր նաեւ Սերժ Սարգսյանը, ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանը կոչ արեց ակադեմիային արգելել Սեւանի ջրի բացթողումը: Սակայն ակադեմիկոսի մտահոգությանն ի պատասխան Սերժ Սարգսյանն ասաց. «Եթե դուք համարում եք՝ ամեն տարի նույն խնդրով ուսումնասիրություն պետք է անենք՝ անենք, բայց արվել է, որը հիմք է ընդունվել, նախատեսվել են ֆինանսական միջոցներ եւ այն ծրագրով ընթանում է, դեռ այդ ծրագրից էլ առաջ ենք անցել: Եթե բնակլիմայական պայմանների պատճառով ջուր է բաց թողնվում, ի՞նչ եք առաջարկում, որ Արարատյան դաշտը թողնենք չորանա՞, որ բերք չլինի՞, ինչ է թե՝ ավելցուկից օգտագործում ենք: Դե էդ դեպքում ամեն ինչը փակենք, ընդհանրապես, ոչ հանք օգտագործենք, ոչ ջուր օգտագործենք, ոչինչ չօգտագործենք, ասենք՝ էս ամբողջը պահում ենք, վաղը կարող է պետք գա»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԴԻԼԻՋԱՆԻ ՋՐԵՐԸ ՊՂՏՈՐՎԵԼ ԵՆ
Խորհրդային տարիներին նկարահանված հանրահայտ «Միմինո» ֆիլմում դրվագ կա, երբ վարորդ Խաչիկյանը պարծենալով վրացի Վալիկոյի մոտ, ասում է, որ իրենց տանը՝ Դիլիջանում, ծորակը բացում է, ու հոսող ջուրն իր որակական հատկանիշներով աշխարհում երկրորդ տեղն է գրավում՝ Սան Ֆրանցիսկոյի ջրից հետո: Իրականում Դիլիջան քաղաքի բնակիչներին մատակարարվող ջուրն ամեն տարվա գարնանը եւ աշնանը պղտորվում է: Դրա պատճառն այն է, որ առողջարանային քաղաքը ստանում է մակերեսային, այսինքն՝ գետի ջուր, որը հեղեղումներից պղտորվում է:
Ապրիլի 9-ին Դիլիջանի խմելու ջուրը կրկին պղտորվել է: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Դիլիջան» մասնաճյուղի տնօրեն Վարդան Մնացականյանը մեզ կես կատակ կես լուրջ ասաց, որ այդ պատճառով քաղաքում «կռիվ, ղալմաղալ է» եղել: Լաբորատոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ մատակարարված պղտոր ջրի մեջ աղիքային ցուպիկների թիվը 46 անգամ գերազանցել է թույլատրելի չափաքանակը: Վարդան Մնացականյանի վստահեցմամբ՝ այդ ցուպիկները վտանգավոր չեն մարդու առողջության համար: Նա հայտնեց, որ Դիլիջան քաղաքը խմելու ջուր է ստանում 7 ջրաղբյուրներից, մաքրման 3 կայանների միջոցով: Մաքրման 2 կայանները՝ Ֆրոլովոն եւ Գալավինոն, հիմնանորոգվել են: «Դիլիջան» մասնաճյուղի տնօրենի խոսքերով՝ այս տարի կվերանորոգվի նաեւ 3-րդ մաքրման կայանը՝ Բլդանը: Մնացականյանը նաեւ նշեց, որ ջրի պղտորվելը բացառելու համար Ֆրոլովոյում կառուցվել է ջրի մատակարարման դրենաժային համակարգ: Գետի մեջ, 2 մետր խորությամբ տեղադրվել են խողովակներ, որոնց միջով հոսում է մատակարարվող ջուրը: Առաջիկայում դրենաժային համակարգ կկառուցվի նաեւ այլ հատվածներում: Վ. Մնացականյանը մեզ հավաստիացրեց, որ իրենք ամենօրյա հսկողություն են իրականացնում մատակարարվող ջրի որակի նկատմամբ, մասնաճյուղը հագեցած է արդիական լաբորատոր սարքավորումներով, որոնցում ջուրը հետազոտության է ենթարկվում: Իսկ ապրիլի 9-ի` ջրի պղտորման պատճառը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Դիլիջան» մասնաճյուղի տնօրենը համարեց սարերի ձնհալքը: Նրա խոսքերով՝ իրենք վարարումների ժամանակ փականներով նվազեցնում են ջրի քանակը, որպեսզի պղտորումները քիչ լինեն:
Դիլիջանում գործարկվել ու գործարկվում են տասնյակ առողջարաններ եւ հանգստյան տներ, ամեն տարեմուտին եւ ամռանը Դիլիջանի հանգստյան տներում, հյուրանոցներում, առողջարաններում եւ հովեկներին ընդունող մասնավոր տներում ազատ տեղեր չեն լինում: Առաջիկայում շահագործման կհանձնվի հարյուրավոր սաների համար նախատեսված Դիլիջանի միջազգային դպրոցը: Ուստի պետք է բացառվի Դիլիջանի բնակչությանը եւ տարբեր հիմնարկություններին պղտոր ջրի մատակարարումը: Դա կարող է խաթարել տարիներով ձեւավորված Դիլիջանի զբոսաշրջային համբավը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 
ԴԻՏԱՐԺԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ՊԱԿԱՍՈՒՄ
Եվրոպայի ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Ատլետիկո»-ն եւ «Չելսի»-ն բաժանվեցին խաղաղությամբ՝ 0։0։
Ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը, նրանք, ովքեր գոլառատ եւ գեղեցիկ ֆուտբոլ են ակնկալում եւ չեն երկրպագում այդ թիմերին, իհարկե, հիասթափվեցին։ «Բայց դժվար էր այլ բան սպասել նրանցից կոնկրետ առաջին խաղում, որովհետեւ երկուսն էլ առաջին հերթին մտածում են գոլ բաց չթողնելու մասին։ Կան երկրպագուներ (միգուցե ավելի քիչ), որ այսպիսի ֆուտբոլն էլ են սիրում: Զուտ մասնագիտական տեսանկյունից, իհարկե, այսպիսի ֆուտբոլն իր գոյության իրավունքն ունի, բայց մյուս կողմից՝ դիտարժանությունն է պակասում, եւ այստեղ կարելի է հիշել վիճակահանությունը. շատ ափսոս, որ ֆավորիտ համարվող «Ռեալ»-ն ու «Բավարիա»-ն միմյանց դեմ են խաղալու, եւ նրանցից մեկը եզրափակիչ դուրս չի գա։ Իսկ այս երկու թիմերն իրենց պրագմատիկ ֆուտբոլով մեկ ուղեգիր կնվաճեն։ Պատասխան խաղում, կարծում եմ, «Չելսի»-ին սեփական դաշտում ավելի համարձակ կգտնվի, քան դա արեց «Ատլետիկո»-ն: Վերջինը դրսում կարող է մեկ գոլ խփել եւ պահել իրեն ձեռնտու հաշիվը։ Իսկ «Չելսի»-ի առավելությունը մյուս թիմերի նկատմամբ սեփական դաշտում այն է, որ մարզադաշտը շատ փոքր է, եւ ոչ բոլորն են կարողանում այնտեղ հարմարվել դաշտի տերերի ֆուտբոլին. կոմպակտ, արագ խաղ, բարձրից փոխանցումներ եւ անընդհատ ճնշում մրցակցի դարպասին։ Բացի այդ, Էդեն Ազարը, Սամուել Էտօոն կվերադառնան, բայց կարող են Ջոն Թերրին եւ Պետեր Չեխը չխաղալ. կուժեղանա հարձակումը, կարող է թուլանալ պաշտպանությունը։ Ամեն դեպքում շատ բան կազմերից է կախված, ու եթե «Չելսի»-ն իր լավագույն կազմը ունենա, ես նրան մի փոքր առավելություն կտամ»։
Իսկ երեկ ուշ երեկոյան կայացած «Ռեալ»-«Բավարիա» հանդիպումից մարզական մեկնաբանն ակնկալում էր գոլառատ ֆուտբոլ։

 

ՆԱԵՎ ԴԵՐԵՆԻԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը, Սանկտ Պետերբուրգի «Տավրիչեւսկի» պալատում տեղի Է ունեցել ԱՊՀ երկրների միջխորհրդարանական խորհրդի հոբելյանական` 40-րդ վեհաժողովը: Միջոցառման վերջին օրը` ապրիլի 18-ին, խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պարգեւներ է հանձնել տարբեր բնագավառների ներկայացուցիչներին։ «Ֆիզիկական կուլտուրայի, սպորտի եւ տուրիզմի բնագավառում ունեցած ծառայությունների համար» մեդալով պարգեւատրվել է նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, ՀՀ ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ, մարզիչ, մանկավարժ եւ բռնցքամարտի միջազգային բարձրագույն կարգի մրցավար Դերենիկ Գաբրիելյանը:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս