Հայ-չինական կրթական համագործակցության զարգացման ակնկալիքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտությոն նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Նախարարը շնորհավորել է Թիան Էրլունին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպանի գործունեությունը նպաստավոր կլինի կրթության ոլորտում հայ-չինական ավանդական համագործակցության խորացման և զարգացման համար:

Ներկայացնելով հայ-չինական կրթական համագործակցությունը՝ նախարարը շեշտել է Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցի հիմադրման նախագիծը և գոհունակություն արտահայտել ծրագիրի արդյունավետ իրագործման առնչությամբ: Օգտագործելով առիթը՝ նախարար Ա. Աշոտյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ չինարենի ուսուցմամբ հայկական դպրոցի հիմնադրմանն աջակցելու համար: Անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտի երկկողմ համագործակցությունը՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ վերջին տարիներին նկատելիորեն մեծացել է հայ երիտասարդների հետաքրքրությունը Չինաստանի բարձրագույն կրթության նկատմամբ: ” Հայ-չինական միջպետական և միջբուհական ծրագրերով չինական բուհերում սովորող հայ ուսանողների թիվը տարեցտարի ավելանում է”,- իր խոսքում նշել է ՀՀ ԿԳ նախարարը և հավելել, որ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում գործում է Կոնֆուցիուսի ինստիտուտի չինարենի լեզվի ուսուցման կենտրոնը, որի նպատակը չինարենի դասավանդման մասնագետների պատրաստմանն աջակցելն է:

Դեսպան Թիան Էրլուն շեշտելով, որ տպավորված է հայ-չինական կրթական համագործակցության արդյունավետությամբ, պատրաստակամություն է հայտնել ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ առկա ծրագրերը իրագործելու և փոխադարձ համագործակցության նոր մակարդակ ապահովելու համար: Դեսպանն իր խոսքում նաև ընդգծել է Հայաստանի արձանագրած հաջողությունները Բոլոնիայի գործըթնացի շրջանակում, մասնավորապես, առանձնացնելով Բոլոնիայի քարտուղարության ստանձնումը: Նախարար Ա. Աշոտյանը դեսպանի միջոցով Չինաստանի իր պաշտոնակցին հրավեր է փոխանցել` մասնակցելու 2015 թվականին Երևանում կայանալիք Բոլոնիայի նախարարական գագաթաժողովին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև որակավորումների փոխճանաչմանը վերաբերող գործընթացին, ինչպես նաև ընթացիկ մի շարք այլ հարցերի:




Լրահոս