Քաղաքաշինության նախարարն այցելել է Լոռու մարզ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրակությունը նախարար Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ դեկտեմբերի 6-ին այցելել է ՀՀ Լոռու մարզ` Ալավերդի և Ախթալա քաղաքներ՝ տեղում քննարկելու աղետի գոտում կատարված-կատարվելիք աշխատանքները, ինչպես նաև՝ Լոռու մարզում իրականացվելիք ներդրումային-քաղաքաշինական ծրագրերը:

Ախթալայում և Ալավերդիում անցկացրած խորհրդակցություններից հետո նախարար Սարգսյանը մեկնել է Սպիտակ, որտեղ սբ. Հարություն եկեղեցում մասնակցել է 88-ի երկրաշարժի զոհերի հոգեհանգստի արարողությանը՝ հարգելով երկրաշարժի զոհերի հիշատակը:

Քաղաքաշինության նախարարը Ալավերդու և Ախթալայի քաղաքապետարաններում խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և 2 համայնքների ղեկավարները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքների քաղաքաշինական զարգացման, անավարտ շինությունների, քաղաքի բնակարանային ֆոնդի կառավարման, վթարային շենքերի ամրացման, շենքերի էներգաարդյունավետության բարձրացման, ինչպես նաև երկրաշարժից տուժած քաղաքացիների բնակարանային խնդիրների կարգավորման ծրագրերի իրականացման վերաբերյալ հարցեր:

Նախարարն անդրադառնալով վերը նշված հրատապ հարցերի լուծման անհրաժեշտությանը և նշելով կոնկրետ աղբյուրներ, միաժամանակ տարածքների համաչափ զարգացման համատեքստում կարևորել է Ալավերդիում և Ախթալայում քաղաքաշինական զարգացման ծրագրերի իրականացումը: Նա նշել է, որ այս առումով համագործակցության լուրջ հիմքեր կան միջազգային, այդ թվում՝ նաև ֆրանսիական ներդրողների և ընկերությունների հետ, քանզի հայ–ֆրանսիական առնչություններն այս քաղաքներում և հատկապես՝ Ախթալայում պատմականորեն են հայտնի. «Քաղաքների պատմամշակութային հատվածների ճարտարապետական լուծումներով, կանաչ ճարտարապետության կիրառմամբ, ի հավելումն՝ հայկական հյուրընկալությամբ ու ազգային խոհանոցով, Լոռու մարզի այս 2 քաղաքները կարող ենք վերածել և գիտագործնական հանդիպումների կազմակերպման հարմար վայրերի և զբոսաշրջային գոտու»,-ասել է Ն. Սարգսյանը:

Ախթալայում և Ալավերդիում անցկացրած խորհրդակցություններից հետո նախարար Սարգսյանը մեկնել է Սպիտակ, որտեղ սբ. Հարություն եկեղեցում մասնակցել է 88-ի երկրաշարժի զոհերի ոգեկոչման արարողությանը նվիրված պատարագին:




Լրահոս