Երևանում մայրն իր 6 ամսական երեխային տվել է ընկերուհուն` մուրացկանություն անելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի 52 և 40-ամյա բնակիչներ Լուսիկն ու Լուսինեն հայտնվել են ամբաստանյալի աթոռին՝ անչափահասի թրաֆիքինգով զբաղվելու մեղադրանքով: Քրգործը մակագրվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին և գտնվում է դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում:

3-ամյա Էրիկի մայրը՝ Լուսինեն, ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ տարիներ առաջ նրան օթևան տված Լուսիկը՝ կալանավորվել: Երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 132 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից մարդկանց առևտուրը կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով):

Armlur.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ նշված կանայք նախնական համաձայնությամբ՝ երեխային շահագործելու դիտավորությամբ, 2011 թվականին ծնված Էրիկին 2012թ. փետրվարից մինչև 2013թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում դրել և պահել են ստրկությանը հավասարազոր` երեխայի աշխատանքի վատթարագույն վիճակում:

Լուսինեն 1990-ական թվականներից ճանաչել է մուրացկանությամբ զբաղվող Լուսիկին։ 2012թ. փետրվարի կեսերին անօթևան մնացած Լուսինեն դիմել է Լուսիկին՝ համատեղ բնակվելու խնդրանքով։ Այդ ընթացքում Լուսիկը կրկին շարունակել է զբաղվել մուրացկանությամբ Երևանի տարբեր փողոցներում։ Մոտ երկու օր անց, չբավարարվելով մուրացկանությամբ վաստակած գումարներով, Լուսիկ, գիտակցելով, որ Լուսինեն մանկահասակ որդուն՝ Էրիկին, մուրացկանության մեջ ներգրավվելու միջոցով կկարողանա ավելի շատ գումար վաստակել, երեխային իր հետ մուրացկանության տանելու առաջարկով դիմել է Լուսինին և ստացել նրա համաձայնությունը։

Օրական վաստակած 4.000-ից 6.000 ՀՀ դրամ գումարները կանայք ուղղել են իրենց առօրյա կարիքները հոգալուն։

Վերջին դատական նիստին ամբաստանյալ Լուսիկի պաշտպանը հայտնեց դատարանին, որ դեռևս նախաքննության փուլում հաստատվել է այն հանգամանքը, որ Լուսիկը 2006թ. հաշվառված է եղել Երևանի Ավանի հոգեբուժական կլինիկայում: Նա տառապել է «Թեթև մտավոր հետամնացություն»-ով։ Պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել դատարանին և խնդրել ամբաստանյալ Լուսիկի նկատմամբ նշանակել ստացիոնար դատահոգեբուժական-հոգեբանական ստացիոնար համալիր հանձնաժողովային փորձաքննություն, պարզելու՝ տառապե՞լ է արդյոք մեղսագրվող արարքի ժամանակահատվածում և մինչև այդ որևէ հոգեկան հիվանդությամբ, ներկայումս Լուսիկն ինչպիսի հոգեվիճակում է գտնվում, տառապո՞ւմ է արդյոք որևէ հոգեկան հիվանդությամբ և եթե այո, ապա ինչպիսի, նրա մոտ առկա՞ է արդյոք հոգեկան զարգացման հետամնացություն, որը կապված չէ հոգեկան խանգարումների հետ։ Դատարանը բավարարել է միջնորդությունը:

Հաջորդ դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 18-ին:




Լրահոս