ԵՍ ԶԶՎՈՒՄ ԵՄ ԱՅՍ ՆԱԽԱԳԱՀԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ պաշտոնապես հայտարարվեց, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ առնչություն ունեցող «Նատալի ֆարմ» ընկերությունը տուգանվել է 50 մլն դրամով: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է դեղերի պետական գնումների ոլորտում հարուցված վարչական վարույթի արդյունքները: Վարույթը հարուցվել էր ԱԺ նախկին պատգամավորներ, «Ժառանգություն» կուսակցության անդամներ Անահիտ Բախշյանի ու Ստեփան Սաֆարյանի դիմումի հիման վրա, ըստ որի` «Նատալի ֆարմ»-ը խոչընդոտել է Վանաձորում գործող «Սզնի» ընկերությանը մտնել դեղերի շուկա:
ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց. «Նախապատմությունը սկսվել է մոտ մեկուկես տարի առաջ, «Սզնի»-ն շուկայում հանդիպեց արգելքների ու դիմեց մեզ, մի քանի դատական ատյանների, որոնց արդյունքները շատ զավեշտալի էին: Նա մատակարարում էր 7 անգամ ցածր գնով դեղ, բայց, չգիտես ինչու, առողջապահական հաստատությունները նախընտրում էին գնել ոչ թե նրա մատակարարած դեղը, այլ նրանից 7-8 անգամ թանկ դեղեր»: Մեր զրուցակիցը նշեց, որ ինքը ողջունում է ՏՄՊՊՀ-ի կատարած աշխատանքը, որի շնորհիվ իրենք կարողացան արդյունքի հասնել:
«Սզնի» ընկերությունը կշարունակի՞ իր գործունեությունը դեղերի շուկայում: Պատասխանելով «Առավոտ»-ի այս հարցին՝ ընկերության տնօրեն Գառնիկ Սահակյանն ասել է. «Ես փող չունեմ, կործանված եմ, մի դեղատուն ունեմ, օրվա հացի փող է տալիս, ի՞նչ բիզնես: Ես զզվում եմ այս նախագահից, սա պատուհաս դարձավ այս ժողովրդի գլխին: Զզվո՛ւմ եմ, զզզզվո՛ւմ եմ, այդպե՛ս էլ գրեք, թող գան, անկողնու մեջ ձեռքերս կանդալեն, տանեն: Սա չի փոխվի, Սերժ Սարգսյանն այնքան է խրված տնտեսական կրիմինալի մեջ, ուրիշ թիմ չունի, նրա թիմը գողերի ու հանցագործների թիմ է: Եթե սկսի իր թիմից կամաց քշել դրանց, մենակ է մնալու: Վերցրե՛ք Ազգային Ժողովն ու իրեն սատարող ուժերը` բոլորը տնտեսական կրիմինալի մեջ խրված են… ընդհանուր կերակրատաշտի, էն խոզի լափամանի շուրջ միավորված, բյուջեի լափամանի շուրջ միավորված թիմ են դրանք: Կոչ եմ անում բոլոր տնտեսվարողներին` ոչ ոքի չհավատալ ու չդիմել ո՛չ դատական համակարգին, ո՛չ դատախազությանը, ո՛չ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, ո՛չ էլ վարչապետին»:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ




Լրահոս