
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջիկայում ամենայն հավանականությամբ ասուլիս կհրավիրեն և իրենց դիրքորոշումը կհայտնեն վերջին դեպքերի հետ կապված:
«Լևոն Զուրաբյանն արդեն հանդես է եկել հայտարարությամբ, ավելի մանրամասն դեռևս չեմ կարող մեկնաբանություն անել: Մենք ամենայն հավանականությամբ մամուլի ասուլիսով հանդես կգանք և կխոսենք այս դեպքերի մասին: Ես կարող եմ միայն ասել, որ այս արարքը դատապարտելի և անընդունելի արարք է»,-ասաց Գագիկ Ջհանգիրյանը: Վերջինս հրաժարվեց ասել, թե ինչ ընդհանուր բաներ է տեսնում Արամ Մանուկյանի հետ տեղի ունեցած դեպքի և ազատամարտիկների ծեծի միջև:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք` երեկ երեկոյան հարձակում է իրականացվել Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա: Օրեր առաջ էլ ծեծի էին ենթարկվել ազատամարտիկներ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը և ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը: