
«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել վերջին օրերին ազատամարտիկների եւ ՀԱԿ պատգամավորի վրա հարձակումների կապակցությամբ:
«Ինչպես հայտնի է, օրերս դեռևս անհայտ անձանց կողմից ծեծի են ենթարկվել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը, Ռազմիկ Պետրոսյանը, Սուրեն Սարգսյանը և Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Հատկանշական է, որ տուժողները ընդդիմանում են իշխանությունների այսօրվա քաղաքական կուրսին՝ լինելով կամ եռյակի ներկայացուցիչներ, կամ պաշտպանելով եռյակի քաղաքական ուղեգիծը: Խստագույնս դատապարտելով տեղի ունեցածը՝ պահանջում ենք շուտափույթ բացահայտել և պատժել մեղավորներին, հակառակ պարագայում սա կարելի է համարել իշխանությունների կողմից հովանավորվող կամ նրանց թելադրանքով իրականացված ոտնձգություն իրենց խոսքն ազատ արտահայտող քաղաքացիների նկատմամբ: Կատարվածի ողջ պատասխանատվությունը կրում են օրվա իշխանությունները»,- նշվում է հայտարարությունում: