Կառավարության ձեւավորման շրջանում ամենաանհավանականը համարվում էր մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի վերանշանակումը: Ամենաանհավանականը, որովհետեւ թվում էր, թե վերջապես Սերժ Սարգսյանը հասկանալու էր, որ Հասմիկ Պողոսյանի պաշտոնավարման ամեն մի օրը մի նոր դժբախտություն է բերում մեր մշակույթին, որ տիկին նախարարն արդեն դարձել է անկառավարելի՝ արհամարհելով ցանկացած կարծիք ու դիրքորոշում, ստորադասելով մշակույթը մի խումբ օլիգարխների շահերին եւ երկրի նախագահի ու նրա տիկնոջ թելադրանքներին:
Որքան էլ Հասմիկ Պողոսյանը հրաշալի կատարեր սպասարկուի դերը, այնուհանդերձ, իշխանության ներկայացուցիչները հազիվ թե չտեսնեին, որ մշակութային դաշտում այլեւս շատերը չեն ընդունում նրան, ավելին` պարզապես ատում են: Այդ ատելությունն ավելի խորացավ Օպերայի եւ բալետի թատրոնի տնօրենի «բեմադրված» ընտրության ժամանակ, երբ նախարարն արհամարհելով ամեն մի կանոնակարգ ու սկզբունք՝ տնօրեն դարձրեց իր մեծ հովանավորի՝ Արմեն Սմբատյանի, դրածոյին՝ բնականաբար ունենալով նաեւ երկրի նախագահի «դաբրոն», քանզի հանրապետության գլխավոր թատրոնի տնօրեն առանց նախագահի գիտության ու համաձայնության չեն նշանակում: Առավել եւս, որ այս թատրոնը «փողեր լվանալու» եւ բյուջետային միջոցները մսխելու հրաշալի հանգրվան է… Իհարկե, թատրոնի տնօրենի նշանակումն իր մեջ բազմաթիվ «ծալքեր» եւ հեռահար նպատակներ ունի, որոնք շատ շուտով երեւան կգան, երբ մի գեղեցիկ օր արթնանանք ու լսենք, որ մեզ պետք չէ նման թատրոն-գիգանտ, որ կարելի է այստեղ էլ կիրառել Մարզահամերգային համալիրի սեփականաշնորհման սկզբունքը, որ հայտնվել են մարդիկ, ովքեր պատրաստ են «Բամո» ընկերության նման ներդրումներ անել…
Հասմիկ Պողոսյանի վերանշանակման «առեղծվածը» անմիջականորեն կապակցվում է ոչ անհայտ Արմեն Սմբատյանի անվանը, որն արդեն տեւական ժամանակ հովանավորում է այս տիկնոջը, նրա միջոցով լուծում իր ու իր տղայի հարցերը: Սմբատյանը մի մշակութային մոնստրի է վերածվել, որն իր ենթակայության տակ է պահում Մշակույթի նախարարությունը, պետական կոնսերվատորիան: Հենց նա էլ թռավ-եկավ Մոսկվայից ու լուծեց Հասմիկ Պողոսյանի հարցերը՝ գուցե բարձրաձայն հռհռալով այն միամիտների վրա, ովքեր սրտատրոփ նոր նախարարի, մշակութային քաղաքականության նոր սկզբունքների կիրառման էին սպասում: Անտարակույս, Հասմիկ Պողոսյանն օգտվում է նաեւ Առաջին տիկնոջ բարձր հովանավորությունից, նա միշտ Ռիտա Ալեքսանդրովնայի «սվիտայում» է, նրանից անբաժան, ու միթե Ռիտա Ալեքսանդրովնան թույլ կտար, որ իր սիրելի Հասմիկն առանց նախարարական պորտֆելի մնար:
Մինչ Հասմիկ Պողոսյանի վերանշանակումն արդեն մշակութային դաշտում լավատեսությունն էր սավառնում, շատերը խոսում էին նոր անելիքների մասին եւ անհամբերությամբ սպասում նոր նախարարին, որպեսզի ներկայացնեն իրենց ծրագրերը: Այնքան հավանական էր թվում Հասմիկ Պողոսյանի հեռացումը, որ անգամ իշխանությունների հետ միշտ ջերմագին հարաբերություններ ունեցող եւ Հասմիկ Պողոսյանի «արքայազորից» երբեք չբացակայող Ժիրայր Դադասյանն էր հանդգնել քննադատել նախարարի՝ օպերային թատրոնի տնօրենի նշանակումը: Անուններ էին շրջանառվում՝ Արամ Սուքիասյան, Հակոբ Ղազանչյան, Արթուր Պողոսյան… Ու ով էլ նրանցից ստանձներ մշակույթի նախարարի պաշտոնը՝ մշակութային դաշտը պատրաստ էր սիրով համագործակցել, որովհետեւ տրվում էին արհեստավարժ, մշակութային ոլորտում ներդրումներ ունեցող մարդկանց անուններ: Բայց նրանցից որեւէ մեկը երկրի նախագահին, Առաջին տիկնոջն ու Արմեն Սմբատյանին պետք չէր, որովհետեւ նրանք ինչ-որ հարցերում ինքնուրույն կլինեին, կմտածեին մշակույթի ու արվեստի շահերի մասին: Իսկ ահա Հասմիկ Պողոսյանն այդ ամենի վրա թքած ունի: Կարեւորն այն է, որ շարունակի պաշտոնավարել, վայելի էլիտար շենքում ձեռք բերած իր բնակարանը, ժամանակ առ ժամանակ Իտալիա մեկնի, որտեղ նույնպես սեփականություն է ձեռք բերել եւ հաշվարկի Երեւան-Հռոմ օդային երթուղուց ստացվող եկամուտները, քանի որ այդ չվերթի բաժնետերերից մեկն է…
Որքան էլ տխուր է` Հասմիկ Պողոսյանի «էպոպեան» շարունակվում է: Անցած ութ տարվա ընթացքում այդ «էպոպեան» հարստացավ օպերայի եւ բալետի թատրոնի յուրատեսակ ավերմամբ, ակադեմիական թատրոնների գեղարվեստական ղեկավարների դեմ մղած պայքարով, Երիտասարդական փորձարարական թատրոնի լուծարմամբ եւ այդ թատրոնի հաստիքներն արդեն հանգուցյալ Արմեն Մազմանյանի «Գոյ» թատրոնին նվիրաբերմամբ, ՊՈԱԿ-ների տնօրենների քմահաճ նշանակումներով, Կամերային երաժշտական թատրոնի ժանրային ապակողմնորոշմամբ, արտասահմանում հայ արվեստի օրերի խայտառակ կազմակերպմամբ, մի շարք նշանավոր արվեստագետների հետապնդումներով, պատմամշակութային հուշարձանների հանդեպ անտարբեր վերաբերմունքով, «Փակ շուկայի» եւ Գառնու տաճարի հետ կապված խայտառակ պատմություններով… Կարելի է երկար թվարկել:
Բայց հիմա ամենագլխավորն այն է, որ Հասմիկ Պողոսյանը նորից նախարար է, որ մոտ մեկ ամիս տեւած մռայլը հեռացել է նրա դեմքից: Նա դարձյալ թամբի վրա է ու արշավում է ընդդեմ հայ մշակույթի…
ԼԵՎՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՄԱՔՐՈՒՄ Է ՀԵՏՔԵՐԸ
ՀՀ բնապահպանության նախարարությունում, երեկ, անցկացված հերթական խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արարատյան հարթավայրի ապօրինի խորքային հորերի լուծարման եւ կոնսերվացման, ինչպես նաեւ խորքային ջրերի խնդրի կարգավորման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Երեկվա դրությամբ Արարատի եւ Արմավիրի մարզերում լուծարվել, կոնսերվացվել եւ բերվել է փականային ռեժիմի 82 հորատանցք, իսկ 7 խորքային հորի կոնսերվացման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:
Տարօրինակ կերպով բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը ձեռնամուխ է եղել ամիսներ շարունակ հնչեցվող ապօրինությունների վերացմանը` հանձնարարելով ինտենսիվացնել աշխատանքների ընթացքը՝ սահմանված ժամկետներում շոշափելի արդյունքներ ունենալու նպատակով:
Ի դեպ, ընթացքի մեջ է նաեւ «Ապօրինի շահագործվող, ինչպես նաեւ չշահագործվող հորատանցքերի համար ջրօգտագործման թույլտվությունների տրման, դրանց լուծարման եւ կոնսերվացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման դրույթների իրականացման գործընթացը: Այս փուլում հաշվառվում են Արարատյան հարթավայրում ջրօգտագործման թույլտվություն ստանալու նպատակով մինչեւ ապրիլի 1-ը դիմած տնտեսվարողների նոր հայտերը, որոնք առանձին-առանձին քննարկվելու են ձեւավորված միջգերատեսչական հանձնաժողովում եւ եռամսյա ժամկետում եզրակացություն է տրվելու յուրաքանչյուր դիմումի վերաբերյալ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, «Ձկնաբույծների միավորում» ասոցիացիայի վարչության նախագահ Արմեն Բունիաթյանը հավաստիացրեց, որ տեղի ունեցող այս գործընթացը կնպաստի ձկնաբուծության ոլորտի զարգացմանը: Սակայն պատկան մարմիններն այս միջոցները պետք է վաղուց ձեռնարկեին: «Մեր պահանջն էլ հենց դա է եղել: Քանի որ ապօրինի հորերի պատճառով Արմավիրի մարզում ջուրը նվազեց, ինչի արդյունքում էլ ձկնաբուծական տնտեսությունների 30 տոկոսը փակվեց: Այս պահին Արարատի մարզում կա ձկնաբուծական տնտեսություն, որը 75 հատ խորքային հոր ունի եւ դա՝ պաշտոնական: Իսկ մյուս ընկերույթուններինը դեռ չգիտենք: Նայեք, մի տնտեսությունն այդքան հոր հորատելով ջրազրկել է մեծ թվով համայնքների: Ուր մնաց ձկնաբուծական ընկերությունները չջրազրկվեն»,- ասաց Բունիաթյանը:
Ձկնաբույծի խոսքով՝ Սերժ Սարգսյանի հրամանով պետք է ջրերը 50 տոկոսով նվազեցվեին, սակայն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն այն չի իրականացրել: Հիմա ձկնաբույծները հույս են հայտնում, որ ապօրինի հորերի լուծարելու գործընթացից հետո գոնե ինչ-որ չափով խնդիրը կկարգավորվի:
«Այս գործընթացը պետք է վաղուց անեին: Սա վնաս չէ, հակառակը՝ օգտակար է: Ճիշտ է, Բնապահպանության նախարարությունը հիմա է քայլեր ձեռնարկում, սակայն այս պահի դրությամբ էլ կան բազմաթիվ ձկնաբուծարաններ, որոնք ունեն տասից ավելի ապօրինի հորեր»,- ներկայացրեց մեր զրուցակիցը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՏԱՎՈՒՇԻՑ ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ ԵՆ
Սեդա Զարգարյանն Իջեւանի «Հարմոնիա» ռուսական մշակույթի կենտրոնի տնօրենն է: Նա նաեւ հասարակական կարգով Իջեւան քաղաքում ռուսական պետական ծրագրեր է համակարգում, այդ թվում՝ Իջեւանի թիվ 5 միջն. դպրոցի առաջին դասարանում խորացված կարգով ռուսերեն լեզվի ուսուցման ծրագիրը: ՌԴ-ում վերաբնակվելու «Հայրենակիցներ» ծրագիրը Հայաստանում գործում է 2006թ.-ից: Զարգարյանը ոչ պաշտոնական ձեւով աջակցում է նաեւ այդ ծրագրին. նա հասարակական կարգով օգնում է ծրագրին դիմած տավուշցիների փաստաթղթերի ձեւակերպմանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ռուսական մշակույթի կենտրոնի տնօրենն ասաց, որ «Հայրենակիցներ» ծրագրով ՌԴ մեկնելու համար շատերն են դիմում Իջեւանի, Բերդի, Նոյեմբերյանի տարածաշրջաններից: Տավուշի մարզի բնակիչներն իրենց ծանոթներից են լսում այդ ծրագրի մասին: Ս. Զարգարյանը հայտնեց, որ նշված ծրագրով Ռուսաստան վերաբնակվելու վերաբերյալ տեղեկատվությամբ իր մոտ 2 ամսագիր կա: Նրա խոսքերով՝ ինքը մինչեւ չի համոզվում, որ տվյալ մարդը Ռուսաստան մեկնելու համար խոչընդոտներ չունի, չի աջակցում փաստաթղթերի լրացմանը:
Տիկին Սեդան ասում է, որ ինքը շատ դեպքերում տավուշցիներին հետ է պահում Ռուսաստան արտագաղթելուց: Նրա վկայությամբ՝ ինքն այդ հարցերը բարձրացրել է նաեւ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանի հետ հանդիպման ժամանակ: Հայաստանից պատանիները կրթական ծրագրով մեկնում են Ռուսաստան սովորելու, սակայն այնտեղ պարզվում է, որ ուսանողների բնակության պայմանները շատ վատն են, բացի այդ՝ նրանց թույլատրված չէ այնտեղ աշխատել: Այս տարվա մարտին Հայաստանից 220 երիտասարդներ կրթական ծրագրով թույլտվություն են ստացել Ռուսաստանի բուհերում սովորելու: Սեդա Զարգարյանի խոսքով՝ Ռուսաստան բարձրագույն կրթություն ստանալու համար մեկնած երիտասարդները պայմանագիր են կնքում, որով պարտավորվում են ուսումնառությունից հետո վերադառնալ Հայաստան: Սակայն վերջերս Ռուսաստանի պետդուման օրենք է ընդունել, որով 2002թվականից հետո այդ երկրում բուհ ավարտածները կարող են դիմել ՌԴ քաղաքացիություն ստանալու համար: Հայաստանից մեկնած շրջանավարտները սովորաբար լավ կամ գերազանցությամբ են սովորում, բուհն ավարտելուց հետո նրանց առաջարկում են եւս 2 տարի սովորել մագիստրատուրայում, ապա՝ ասպիրանտուրայում: Հետեւաբար, նրանց՝ Հայաստան վերադառնալու հարցը ինքնըստինքյան փակվում է:
Ի դեպ, զրույցի ընթացքում տեղեկացանք, որ չարաբաստիկ«Հայրենակիցներ» ծրագրով նախընտրելի են համարվում Սիբիրի, Ալթայի տարածաշրջանները, որտեղ մեկնելու համար, ըստ ծրագրի, ընտանիքի հորն ու մորը 240 հազարական, իսկ նրանց զավակներին 120 հազարական ռուբլի աջակցություն է տրվում, լուծվում են նրանց բնակության եւ աշխատանքի տեղավորման հարցերը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ