Օրեր առաջ Սերժ Սարգսյանը մասնակցեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին, որին ներկա երիտասարդ գիտնականներից մեկը` Ղազար Գալոյանը, անդրադառնալով գիտնականների սոցիալական ծանր պայմաններին` հայտարարեց, որ նրանց համար պետք է ստեղծվեն նպաստավոր պայմաններ: Նա նաեւ նշեց, որ շքեղ մեքենաների փոխարեն հայ նախարարները կարող են հեծանիվ քշել: Մինչդեռ մեր պաշտոնյաները «Ջիպ»-երով, «Բրաբուս»-ներով են աշխատանքի գնում, իսկ գիտնականների մեծ մասը` կոշիկ անգամ չունի: Գալոյանի ելույթից հետո, ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը խոստացավ հեծանիվ նվիրել նրան: Իսկ ժողովին ներկա Սերժ Սարգսյանը սա լսելուց հետո բարձրաձայն կատակելով` հարցրեց Մարտիրոսյանին. «Հեծանիվը նախարարի՞ն, թե՞ երիտասարդին»: Այս կապակցությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է Ղազար Գալոյանի հետ:
-Պարոն Գալոյան, ի վերջո Ռադիկ Մարտիրոսյանը Ձեզ հեծանիվ նվիրե՞ց:
-Անկեղծ ասած, հեծանիվ ես ոչ ոքից ոչ խնդրում եմ, ոչ ակնկալում եւ ոչ էլ` պահանջում: Ես չեմ ասել՝ ինձ հեծանիվ տվեք. ընդամենն առաջարկել եմ` նվերներ, մրցանակներ տալու փոխարեն կարող են արժեքավոր իր նվիրել, եւ որպես օրինակ նշել եմ հեծանիվ, քանի որ այն համարվում է քաղաքակիրթ տրանսպորտի միջոց: Եթե Ռադիկ Մարտիրոսյանը խոսքի տերը լինի, ապա պատրաստ եմ այդ հեծանիվը նվիրել նախարարներից որեւէ մեկին:
-Դահլիճում նստածները ծիծաղեցին, նույնիսկ Սերժ Սարգսյանը ծիծաղեց: Անլուրջ վերաբերվեցին Ձեր առաջարկին:
-Ես առաջարկում եմ, որ մեր պաշտոնյաները հարգալից վերաբերվեն մարդկանց այն շերտին, ովքեր աշխատում են եւ աշխատանքի գնալիս կոշիկ չունեն, այդ թվում նաեւ գիտնականները: Իսկ նախարարները թանկարժեք մեքենաների փոխարեն կարող են հեծանիվով էլ հաճախել աշխատանքի: Արդյունքում, մեծ ծախսեր չեն անի, չէ որ երկիրը սոսկալի վիճակի մեջ է, բայց իրենք իրենց մեքենաների համար չեն խնայում ոչինչ, նույնիսկ ամենաթանկ միջոցները` լինի պետական, թե սեփական:
-Պարոն Գալոյան, Ձեր խոսքերը շատերին ոգեւորեցին, բայց ցավալի է, որ երկրի առաջին դեմքն անլուրջ վերաբերվեց:
-Իհարկե, իրենք իրավունք չունեին կատակելու հեծանիվի կապակցությամբ. թե՛ Ռադիկ Մարտիրոսյանը, թե՛ հանրապետության նախագահը: Իմ կարծիքով՝ ես այդպես ապտակեցի գործող իշխանության դեմքին: Չի կարելի, որ իրենք իրենց նման շքեղություն թույլ տան: Այն սրբազանը (Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի մասին է խոսքը), եթե ես հիշեի իր մեքենայի ֆիրման` «Բենթլի»-ն, ապա դա էլ կասեի: Նրանք պետք է զգային, որ ես իրենց եմ կպնում, թե չէ ինձ հեծանիվ պետք չէ: Ձեզ մեքենաներ մի գնեք, փոխարենը գիտությանն ուշադրություն դարձրեք, չէ որ այն մեր երկրի պարծանքն է: Այսօր մարզիկը գնում է մի մեդալ շահում ու ամբողջ աշխարհով մեկ ճանաչում է ձեռք բերում, իսկ գիտնականը, երբ այլ երկրում Հայաստանի դրոշն է բարձրացնում եւ հաղթանակով հետ վերադառնում, օդանավակայանում նրան դիմավորող չկա: Անտեսված է, մոռացված, աչքից ընկած: Խնդիրը դրա մեջ է: Եվ ես հենց դրա համար էլ սկսեցի խոսել:
-Ի՞նչ եք կարծում, Ձեր համարձակ ելույթն ինչ-որ դրական արդյունք կտա՞:
-Ես մեր իշխանավորների մասին այնքան վատ կարծիքի եմ, որ սա արդյունք չի ունենա: Ուղղակի իմ սրտի խոսքն ասացի, իմ մտահոգություններն արտահայտեցի: Իսկ նրանք ոչ թե պետք է ռեպլիկ բաց թողնեին, ծիծաղեին ու կատակեին, այլ գոնե լռեին, ձայն չհանեին: Մինչդեռ ես այլ նպատակով էի բարձրացել ամբիոն:
-Ի՞նչ նպատակով:
-Ես պետք է առաջարկեի գիտնականներին օգնելու ֆոնդ ստեղծել: Ըստ այդ ծրագրի` մեր պաշտոնյաները, կամ այն մարդիկ, ովքեր ցանկություն ուենեն օգնելու պետք է բարեգործություն անեն, որից կօգտվեն բոլոր արժանի գիտնականները: Ես ավելի մեծ ցավ եմ զգում, երբ տեսնում եմ, որ իմ ընկերը, ում անունը չեմ տալիս, ում սվիտերը մաշված է կամ ում շորերը ճղճղված են եւ ինքն այն կարկատել է, նվիրված, առանց տրտնջալու աշխատում է ու չի գնահատվում: Եվ ինձ համար ավելի վիրավորական է, երբ թե՛ նախագահը, թե՛ նախարարը, թե՛ ակադեմիայի նախագահն իրենց շքեղ մեքենաներով, շքեղ կոստյումներով, փողկապներով ամենօրյա, շատ ներողություն խոսքիս համար, զվարճանքներով են տարված: Ու ոչինչ չեն նկատում: Ոչինչ…
-Այդպես էլ չարեցիք ֆոնդ ստեղծելու առաջարկը: Հուսահատվեցի՞ք:
-Ես ավելի լավ վերջաբան տվեցի եւ ասացի, որ պետք չէ խնդալ: Իմ` Ֆրանսիայում սովորելու տարիներին, մեծ թվով պրոֆեսորների, ուսանողների եմ տեսել, որոնք հեծանիվով են աշխատանքի, դասընթացների գնացել: Եվ առանց ամաչելու: Միայն Հայաստանում է, որ գռեհկությունը, լկտիութունը, քաղքենիությունը սահմաններ չունեն:
-Պարոն Գալոյան, Ձեր համարձակ ելույթից հետո Ձեր նկատմամբ ճնշում գործադրվե՞լ է:
-Ես ոչ մի տեսակի ճնշումից չեմ վախենում: Ինչ որ ասել եմ, նույնիսկ քիչ եմ ասել: Եվ իմ այդ օրվա ելույթից հետո մինչեւ հիմա, բացի ողջույնի ու գովեստի խոսքերից, ոչինչ չեմ լսել: Ես կորցնելու բան չունեմ, ոչ ոքից վախենալու բան չունեմ: Պետք է սեփական համարձակության օրինակով ցույց տալ բոլորին, որ մենք ենք մեր երկրի տերը:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ԿԱՐՈՂ ԷՐ ԼԻՆԵԼ ՆԱԵՎ ԵՐՐՈՐԴԸ
Օրերս Բուլղարիայում ավարտված բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունից Հայաստանի հավաքականը տուն վերադարձավ ոսկե եւ բրոնզե մեդալներով։ Ոսկե մեդալ նվաճեց Անուշ Գրիգորյանը, բրոնզե՝ Նարեկ Մանասյանը։ Նրանք նաեւ իրավունք ստացան մասնակցելու պատանեկան օլիմպիական խաղերին: Մեր այսօրվա զրուցակիցը հավաքականի ավագ մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանն է։
-Մինչ առաջնությունը մի քանի մրցաշար անցկացնելուց հետո տեսանք, որ մեր երիտասարդները կարող են շատ լուրջ հայտ ներկայացնել աշխարհի առաջնությունում։ Տղաներից չկար մեկը, ով մարզումային գործընթացում որեւէ խնդիր ունենար, բոլորը պատրաստ էին ու նաեւ տրամադրված։ Ճիշտն ասած, ես երկու մեդալի ակնկալիք ունեի, բայց հետո զգացի, որ կարող էր լինել նաեւ երրորդը։ Դա կարող էր լինել 75 կգ քաշային կարգում հանդես եկող Գեւորգ Պետրոսյանը, ում առաջին մենամարտը ադրբեջանցու հետ շատ վատ դատեցին. երեւի արդեն էն գլխից այդ խնդիրը կարգավորված էր։ Բոլոր տղաներն էլ, ովքեր պարտվել են, գրեթե հավասար պայքար են մղել, այսինքն՝ բացահայտ պարտված տղա չենք ունեցել։ Ամեն դեպքում, ավելի շատ հույսեր կապում էինք Նարեկ Մինասյանի եւ Անուշ Գրիգորյանի հետ, ովքեր էլ դարձան մեդալակիր։
-Ինչո՞վ էր տարբերվում այս տարվա առաջնությունը նախկիններից։
-Առաջնության նկատմամբ հետաքրքրությունն անչափ մեծ էր, ու մասնակից երկրներն էլ ավելի շատ էին, քանի որ նաեւ պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր էր խաղարկվում։ Եվ հենց այդ հանգամանքով պայմանավորված՝ մարզիկներն էլ ավելի շատ մենամարտեր անցկացրեցին։
-Ի՞նչ բաց նկատվեց։
-Զգացվեց փորձի պակաս։ Ոմանք մասնակցել էին պատանեկան մրցաշարերի, իսկ երիտասարդական առաջնությունը շատ ավելի բարձր մակարդակ, շատ ավելի մեծ ծանրաբեռնվածություն ունի։
-Հավաքականի կազմում շա՞տ են մարզերի ներկայացուցիչները։
-Երկու հոգի Գյումրիից էին, մի հոգի՝ Վանաձորից, աշխարհի չեմպիոնը՝ Էջմիածնի Գայ գյուղից, Նարեկ Մանասյանը՝ Աբովյան քաղաքից։ Այնպես որ՝ հավաքականի կազմավորման հարցում աշխարհագրական առումով էլ դինամիկ գործընթաց է տարվում, եւ դա բռնցքամարտի ֆեդերացիայի, անձամբ ֆեդերացիայի նախագահի ծրագիրն է։ Արդեն նախապատրաստվում ենք օգոստոսի 15-25-ը Չինաստանում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերին։ Ապա Կոսովոյում հոկտեմբերին կմասնակցենք Եվրոպայի առաջնությանը, եւ կազմում որոշակի փոփոխություններ կլինեն, որպեսզի երկրորդ համարներն էլ մասնակցեն լուրջ մրցաշարերի, փորձ ձեռք բերեն, հավաքականում առողջ մրցակցություն լինի, եւ առաջին համարն իրեն արտոնյալ չզգա։
Ռ. ԹԱԹՈՅԱՆ
ԴՐՍՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԵՆ
Հրազդանում գործող Հրազ ՋԷԿ ՓԲԸ հատկացրած հանրակացարանում 20 տարուց ավելի է` ապաստան է գտել շուրջ 30 ընտանիք, որոնք մեծ մասամբ բազմանդամ են, կարիքավոր եւ հաշմանդամություն ունեցող: Ռուսական «Ինտեր ռայս» ընկերությանը պատկանող այդ շենքը հիմնադրման օրվանից երբեք չի վերանորոգվել, այն այժմ կիսաքանդ ու ավեր վիճակում է: Բնակիչների մի մասը հանրակացարանում տեղավորվել է որպես ՋԷԿ-ի աշխատակից,ոմանց էլ ընդառաջ է գնացել Հրազ ՋԷԿ-ը՝ ժամանակավոր կացարան տրամադրելով: Սակայն հանրակացարանի բնակիչներն այսօր տագնապի մեջ են. լսել են՝ շենքը վաճառվում է եւ աճուրդի է հանվել: Եթե շենքը վաճառվեց, իրենց խոսքերով, բոլորն էլ դրսում են հայտնվելու:
Մեզ հետ զրույցում ՋԷԿ-Ի գլխավոր ինժեներ Արտաշես Մնացականյանը շենքի աճուրդի մասին լուրը չհերքեց, միայն ավելի մանրամասնեց` ասելով, որ ամիսներ առաջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում երկու անգամ աճուրդի մրցույթ է հայտարարվել, սակայն ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ հայտարարության ժամանակ գնորդ չի հայտնվել. պատճառը շենքի անմխիթար վիճակն է:
Իսկ ահա Հրազդանի քաղաքապետարանի բնակշահագործման վարչությունում ոչ միայն զարմացան,այլեւ զայրացան` շենքի աճուրդի մասին լսելով: Վարչության պետն ասաց, որ Հրազ Ջէկ-ը պարտավոր էր առաջինն իրենց տեղեկացնել, որպեսզի շենքը վաճառվելու դեպքում իրենք նախապես քայլեր ձեռնարկեն` քաղաքացիներին անօթեւան չթողնելու համար:
Հավելենք, որ բնակիչներից ոչ մեկը չունի համապատասխան գրանցում եւ չի հանդիսանում բնակարանի սեփականատեր:
ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Հրազդան