Սերժ Սարգսյանը հիասթափեցրեց գիտնականին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Սերժ Սարգսյանը մասնակցեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին, որին ներկա երիտասարդ գիտնականներից մեկը` Ղազար Գալոյանը, անդրադառնալով գիտնականների սոցիալական ծանր պայմաններին` հայտարարեց, որ նրանց համար պետք է ստեղծվեն նպաստավոր պայմաններ: Նա նաեւ նշեց, որ շքեղ մեքենաների փոխարեն հայ նախարարները կարող են հեծանիվ քշել:

Մինչդեռ մեր պաշտոնյաները «Ջիպ»-երով, «Բրաբուս»-ներով են աշխատանքի գնում, իսկ գիտնականների մեծ մասը` կոշիկ անգամ չունի: Ղ. Գալոյանի ելույթից հետո, ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը խոստացավ հեծանիվ նվիրել նրան:

Իսկ ժողովին ներկա Սերժ Սարգսյանը սա լսելուց հետո բարձրաձայն կատակելով` հարցրեց Մարտիրոսյանին. «Հեծանիվը նախարարի՞ն, թե՞ երիտասարդին»:

Այս կապակցությամբ «Armlur.am»-ը զրուցել է Ղազար Գալոյանի հետ:

Պարոն Գալոյան, ի վերջո Ռադիկ Մարտիրոսյանը Ձեզ հեծանիվ նվիրե՞ց:

-Անկեղծ ասած, հեծանիվ ես ոչ ոքից ոչ խնդրում եմ, ոչ ակնկալում եմ եւ ոչ էլ` պահանջում: Ես չեմ ասել` ինձ հեծանիվ տվեք. ընդամենն առաջարկել եմ` նվերներ, մրցանակներ տալու փոխարեն կարող են արժեքավոր իր նվիրել, եւ որպես օրինակ նշել եմ հեծանիվ, քանի որ այն համարվում է քաղաքակիրթ տրանսպորտի միջոց: Եթե Ռադիկ Մարտիրոսյանը խոսքի տերը լինի, ապա պատրաստ եմ այդ հեծանիվը նվիրել նախարարներից որեւէ մեկին:

-Դահլիճում նստածները ծիծաղեցին, նույնիսկ Սերժ Սարգսյանը ծիծաղեց: Անլուրջ վերաբերվեցին Ձեր առաջարկին:

-Ես առաջարկում եմ, որ մեր պաշտոնյաները հարգալից վերաբերվեն մարդկանց այն շերտին, ովքեր աշխատում են եւ աշխատանքի գնալիս կոշիկ չունեն, այդ թվում նաեւ գիտնականները: Իսկ նախարարները թանկարժեք մեքենաների փոխարեն կարող են հեծանիվով էլ հաճախել աշխատանքի: Արդյունքում, մեծ ծախսեր չեն անի, չէ որ երկիրը սոսկալի վիճակի մեջ է, բայց իրենք իրենց մեքենաների համար չեն խնայում ոչինչ, նույնիսկ ամենաթանկ միջոցները` լինի պետական, թե սեփական:

-Պարոն Գալոյան, Ձեր խոսքերը շատերին ոգեւորեցին, բայց ցավալի է, որ երկրի առաջին դեմքն անլուրջ վերաբերվեց:

-Իհարկե, իրենք իրավունք չունեին կատակելու հեծանիվի կապակցությամբ. թե Ռադիկ Մարտիրոսյանը, թե հանրապետության նախագահը: Իմ կարծիքով` ես այդպես ապտակեցի գործող իշխանության դեմքին: Չի կարելի, որ իրենք իրենց նման շքեղություն թույլ տան: Այն սրբազանը (Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի մասին է խոսքը), եթե ես հիշեի իր մեքենայի ֆիրման` «Բենթլի»-ն, ապա դա էլ կասեի: Նրանք պետք է զգային, որ ես իրենց եմ կպնում, թե չէ ինձ հեծանիվ պետք չէ: Ձեզ մեքենաներ մի գնեք, փոխարենը գիտությանն ուշադրություն դարձրեք, չէ որ այն մեր երկրի պարծանքն է: Այսօր մարզիկը գնում է մի մեդալ շահում ու ամբողջ աշխարհով մեկ ճանաչում է ձեռք բերում, իսկ գիտնականը, երբ այլ երկրում Հայաստանի դրոշն է բարձրացնում եւ հաղթանակով հետ վերադառնում, օդանավակայանում նրան դիմավորող չկա: Անտեսված է, մոռացված, աչքից ընկած: Խնդիրը դրա մեջ է: Եվ ես հենց դրա համար էլ սկսեցի խոսել:

-Ի՞նչ եք կարծում, Ձեր համարձակ ելույթն ինչ-որ դրական արդյունք կտա՞:

-Ես մեր իշխանավորների մասին այնքան վատ կարծիքի եմ, որ սա արդյունք չի ունենա: Ուղղակի իմ սրտի խոսքն ասացի, իմ մտահոգություններն արտահայտեցի: Իսկ նրանք ոչ թե պետք է ռեպլիկ բաց թողնեին, ծիծաղեին ու կատակեին, այլ գոնե լռեին, ձայն չհանեին: Մինչդեռ ես այլ նպատակով էի բարձրացել ամբիոն:

-Ի՞նչ նպատակով:

-Ես պետք է առաջարկեի գիտնականներին օգնելու ֆոնդ ստեղծել: Ըստ այդ ծրագրի` մեր պաշտոնյաները, կամ այն մարդիկ, ովքեր ցանկություն ուենեն օգնելու պետք է բարեգործություն անեն, որից կօգտվեն բոլոր արժանի գիտնականները: Ես ավելի մեծ ցավ եմ զգում, երբ տեսնում եմ, որ իմ ընկերը, ում անունը չեմ տալիս, ում սվիտերը մաշված է կամ ում շորերը ճղճղված են եւ ինքն այն կարկատել է, նվիրված, առանց տրտնջալու աշխատում է ու չի գնահատվում: Եվ ինձ համար ավելի վիրավորական է, երբ թե նախագահը, թե նախարարը, թե ակադեմիայի նախագահն իրենց շքեղ մեքենաներով, շքեղ կոստյումներով, փողկապներով ամենօրյա, շատ ներողություն խոսքիս համար, զվարճանքներով են տարված: Ու ոչինչ չեն նկատում: Ոչինչ…

-Այդպես էլ չարեցիք ֆոնդ ստեղծելու առաջարկը: Հուսահատվեցի՞ք:

-Ես ավելի լավ վերջաբան տվեցի եւ ասացի, որ պետք չէ խնդալ: Իմ` Ֆրանսիայում սովորելու տարիներին, մեծ թվով պրոֆեսորների, ուսանողների եմ տեսել, որոնք հեծանիվով են աշխատանքի, դասընթացների գնացել: Եվ առանց ամաչելու: Միայն Հայաստանում է, որ գռեհկությունը, լկտիութունը, քաղքենիությունը սահմաններ չունեն:

-Պարոն Գալոյան, Ձեր համարձակ ելույթից հետո Ձեր նկատմամբ ճնշում գործադրվե՞լ է:

-Ես ոչ մի տեսակի ճնշումից չեմ վախենում: Ինչ որ ասել եմ, նույնիսկ քիչ եմ ասել: Եվ իմ այդ օրվա ելույթից հետո մինչեւ հիմա, բացի ողջույնի ու գովեստի խոսքերից, ոչինչ չեմ լսել: Ես կորցնելու բան չունեմ, ոչ ոքից վախենալու բան չունեմ: Պետք է սեփական համարձակության օրինակով ցույց տալ բոլորին, որ մենք ենք մեր երկրի տերը:

Զրուցեց Սյունէ Համբարձումյան




Լրահոս