Արթուր Բաղդասարյանին պատկանող համալսարանը դատարանի միջոցով է վարձավճար հավաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Ֆրանսիական համալսարանն ուսանողներից վարձավճարները ստանալու համար դիմել է դատարան: «Ժողովուրդ»-ն արդեն հայտնել էր, որ 2014թ. փետրվարի 11-ին Հայաստանում «Ֆրանսիական համալսարան» հիմնադրամը դիմել էր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ քաղաքացի Լևոն Իսրայելյանի:

Համալսարանը դատարանի միջոցով Լևոնից պահանջում էր  բռնագանձել 311 հազար 220 դրամ` որպես ուսման վարձի պարտքի գումար: Պարզեցինք նաև, որ 2013թ. ուսման վարձի պարտքը չվճարելու պատճառով Լևոնը հեռացվել էր համալսարանից: Դատարանն արդեն բավարարել է հայցը և Լևոն Իսրայելյանից պետք է բռնագանձի նախատեսված գումարը:

Դեպքի առնչությամբ Armlur.am-ը զրուցեց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի վարչաֆինանսական տնօրեն Վաղարշակ Մեյրոյանի հետ: Նա նշեց, որ համալսարանի պատմության մեջ նման դեպք մինչ այս տեղի չէր ունեցել: Մեյրոյանի խոսքով, իրենք պարբերաբար բանակցություններ են վարել նախկին ուսանողի հետ՝ պարտքը վերադարձնելու հարցով, սակայն ապարդյուն:

«Մենք ստիպված արդեն դիմել ենք դատարան, քանի որ ուրիշ տարբերակ չունեինք նախկին ուսանողին ասելու՝ բերեք ձեր պարտքը մարեք: Ես հաստատում եմ, որ մենք ուսանողին մի քանի անգամ կանչել ենք, եկել է համալսարան, ժամկետներ ենք սահմանել, անգամ մենք պայմանավորվածություն ունեինք ժամկետային, որը կրկին չի կատարել: Ուրիշ կարգով այլևս չէինք կարող այդ պարտքը գանձել», – ընդգծեց նա:

Համալսարանի վարչաֆինանսական տնօրենը հայտարարեց, որ այդ ուսանողի քույրն էլ է այնտեղ սովորել և վերջինս վարձը վճարել է ու ոչ մի խնդիր չի եղել: Նա նաև հայտնեց, որ տվյալ ուսանողն արդեն մի որոշ ժամանակ է՝ ինչ Հայաստանում չէ:

«Մենք իրեն նույնիսկ առաջարկել ենք ժամանակացույց կազմել,  նա մեզ արհամարհեց և այնպես վարվեց, թե ինչ ուզում եք արեք, չենք վճարելու», – հայտարարեց նա:

Մեր զրուցակիցը, բնականաբար, հնարավորության սահմաններում հիմնավորեց պնդումը, թե մեղավոր է ուսանողը, ով ըստ էության, սովորել ու չի վճարել ուսման վարձը, բայց և չանտեսենք, որ Ֆրանսիական համալսարանից հեռացված Լևոն Իսրայելյանն այլևս Հայաստանում չէ ու նրա կարծիքը լսել ու պարզաբանել այս դեպքում չենք կարող:

Հիշեցնենք, որ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն է:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս