Սա իսկապես չափազանց դատապարտելի է և կարող է վատ նախադեպ լինել: Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին և ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանին, Ռազմիկ Պետրոսյանին և Սուրեն Սարգսյանին ծեծի ենթարկելու փաստին, այս մասին նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
«Դատապարտելով հանդերձ` կարծում եմ, որ իրավապահ մարմինները պետք է գործադրեն բոլոր ջանքերը բռնություն իրականացնողներին բացահայտելու և օրենքի համապատասխան պատասխանատվության ենթարկելու հարցում», – նշեց նա:
Ս. Ֆարմանյանն այն կարծիքին չէ, որ Արամ Մանուկյանին ծեծի են ենթարկել քաղաքական հայացքների համար: «Չեմ կարծում, որ Արամ Մանուկյանն իշխանությունների համար մի այնպիսի վտանգ է ներկայացնում, որ իշխանությունն իրեն ոչ հարիր նման մեթոդներով փորձեր խնդիրներ լուծել», – ընդգծեց նա:
Նա դատապարտեց նաև ազատամարտիկների հանդեպ պարբերաբար շարունակվող բռնությունները և ընդգծեց, թե չպետք է առիթ տալ ադրբեջանցիներին շահարկել երկրում կատարվող իրադարձությունները:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում.