Մեր հանրապետությունում վերջին տարիներին թափառող շների հարցը լուծում չի ստանում: Մասնավորապես խնդիրն առկա է քաղաքներում: Հրազդան քաղաքում թափառող շների դեմ պայքարը մի քանի տարի շարունակ իրականացվում է շների ֆիզիկական բնաջնջմամբ:
Մեր զրուցակիցը՝ Նարինեն, պատմեց, որ ինքն անձամբ ականատես է եղել, թե ինչպես մեքենան կանգնեց, գնդակահարեցին շանն իր ձագուկների հետ եւ անցան: «Ես շատ լավ եմ տեղեկացված, որ որսորդները բնակելի տարածքում հրազեն արձակելու իրավունք չունեն անգամ 5 կմ հեռավորությունից»,-ընդգծեց Նարինեն՝ ավելացնելով, որ բազմաթիվ միջոցներ է ձեռնարկել, դիմել տեղական հեռուստաընկերություն, ստորագրահավաք իրականացրել, ներկայացրել քաղաքապետարան, որպեսզի վերջինս պայքարի նոր մեթոդ ընտրի, շներին զենքով չոչնչացնեն, սակայն մինչ օրս հստակ պատասխան չի ստացել:
Հրազդանի որսորդմիության նախագահ Մերուժան Ենգիբարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք պայմանագիր ունեն քաղաքապետարանի հետ եւ ընդառաջ են գնում քաղաքապետարանին՝ քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով:
Տեղեկացնենք, որ 2013 թվականի տվյալներով՝ Հրազդան քաղաքում ոչնչացվել է 170-180 թափառող շուն: Իսկ թափառող շների գլխաքանակը, ըստ Մ. Ենգիբարյանի, քաղաքներում ապահովում են գյուղաբնակները, որոնք պահելու ցանկություն չունենալով՝ ձագերին պարկերով քաղաք են տեղափոխում եւ բաց թողնում փողոցներ:
Հասկանալու համար, թե շների զենքով ոչնչացումը որքանով է օրինական, «Ժողովուրդ»-ը զրուցեց «Կենդանիների պաշտպանության բարեգործական ընկերության» տնօրեն Նունե Պողոսյանի հետ:
Պարզվում է՝ շներին ստերջացնելու եւ պատվաստելու փոխարեն քաղաքապետարանը գնդակահարում է նրանց՝ ընտրելով հեշտ եւ էժան մեթոդ: Ինչպես նշեց կենդանիների պաշտպանը, քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել շներին պատվաստելու, այլ ոչ թե գնդակահարելու համար, ուստի իրենք քայլեր են ձեռնարկել՝ դիմելով դատախազություն, սակայն գործի քննությունը հետաձգվում է, քանի որ քաղաքապետարանն անընդհատ հերքում է փաստը, որ իրենց կողմից իրականացված մրցույթի կարգի խախտում է արձանագրվել:
Կենդանագետ Սիլվա Ադամյանն էլ «Ժողովուրդ»-ին իրավիճակից դուրս գալու իր դեղատոմսն առաջարկեց. թափառող շներից հասարակությանը կփրկեն ո՛չ շների ամորձատումը, ո՛չ էլ ոչնչացումը, այլ միայն՝ օրենսդրական դաշտի կարգավորումը:
«Մենք պետք է ընդունենք ե՛ւ շների, ե՛ւ մեզ համար հումանիստական որոշում: Այն մարդիկ, ովքեր հանձն են առել պահել կենդանի, պետք է անպայման ինչ-որ տեղից փաստաթուղթ ստանան եւ պատասխանատվություն կրեն իրենց կենդանուն մինչեւ վերջ պահելու եւ դուրս չշպրտելու համար»,-կարեւորեց կենդանագետը:
Արեւիկ Հակոբյան