«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին կառավարությունում բուռն աշխատանքային պրոցես է՝ փորձում են պարզերես անել Հովիկ Աբրահամյանի կառավարության 9 ամիսը, փրկել իրավիճակը, որ Ամանորի նախաշեմի հաշվետվությունների ժամանակ ոչ միայն ասելու բան ունենան, այլեւ չսրեն առանց այն էլ երկրում լարված սոցիալական վիճակը:
Բանն այն է, որ կառավարությունը «տեղեկություն» ունի, որ մինչեւ դեկտեմբերի վերջ դոլարը կհատի 500 դրամի սահմանագիծը, ապա «կկայունանա»: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին հրահանգ է տրված անել ամեն ինչ, որպեսզի «կրիտիկական օրերը» հնարավորինս «անցնցում ու աննկատ» անցնեն:
Ջավադյանը բանակցում է մասնավոր բանկերի հետ, որ վերջիններս ավելի լավ պայմաններով վարկեր տրամադրեն, այդ թվում եւ գործարարներին, որպեսզի ապրանքների գները շատ չբարձրացնեն:
Սերժ Սարգսյանի հրահանգով բանկերը կիրառում են «նոր մեթոդոլոգիա». ներքին կարգով վերաձեւակերպում են գործարարների վարկերը, իրար «պաս տալիս»՝ իրավիճակը կարգավորելու համար, քանզի գործարարները չեն կարողանում իրենց վարկերն սպասարկել՝ տոկոսները վճարել:
Իր հերթին էլ նորանշանակ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը փորձում է բալանսավորել հարաբերությունները միջազգային ֆինանսական կառույցների, Համաշխարհային բանկի հետ, որպեսզի ԵԱՏՄ անդամակցության եւ Լավրովի վերջին հայտարարության ֆոնին, որ չի բացառվում՝ ԵԱՏՄ երկրները նույնպես ներառվեն Արեւմուտքի դեմ ռուսաստանյան պատժամիջոցների գործընթացում, վերջիններս հանկարծ «չհիշեն» Հայաստանի պարտքի ու վարկերի մասին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: