Երգիչ-երգահան Էդուարդ Զորիկյանը, թեեւ նոր երգերի պակաս չի զգում, բայց իր խոսքով՝ համերգներ տալու հնարավորություն չունի. արգելել են: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ օրենսդիրները, մականունավոր գավառեցիներն այնպիսի օրենքներ են հրամցրել, որ միայն իրենց է հարմար:
-Պարո՛ն Զորիկյան, այժմ ի՞նչ նոր ստեղծագործությունների վրա եք աշխատում, ե՞րբ Ձեր համերգին սպասենք, եւ արդյո՞ք կա մի նոր թեմատիկա, որը ներառել եք Ձեր երգացանկում:
-Ես մասնագիտությունս չեմ փոխել. երգ եմ գրում: Ես ավելի շատ գրում եմ, քան հասցնում եմ ձայնագրել կամ համերգներին ներկայացնել, այնպես որ պահեստս դեռ չի դատարկվել: Համերգներ տալու հնարավորություն չունեմ. արգելել են: Այստեղ-այնտեղ յոլա եմ գնում: Ամեն ուրբաթ ինձ կարող եք տեսնել «Ակումբ»-ում, իսկ երգերիս թեման միշտ էլ մարդն է եղել, կամ էլ՝ այդ «մարդ» ասածի բացակայությունը:
-Ո՞վ է Ձեզ արգելել համերգներ տալ:
-ՀՀ օրենսդիրները: Այն մականունավոր գավառեցիները, որ չես հասկանում՝ առեւտրականներ են, կոճակ սեղմողներ, թե էշ-էշ դուրս տվող խրտվիլակներ: «Ամբախ-զամբախ» կոճակ սեղմելով՝ այնպիսի օրենքներ են հրամցրել, որ միայն իրենք ու իրենց բ..երը կարողանան համերգ տալ:
-Նկատի ունեք՝ Ձեզ վրա թա՞նկ է նստում համերգ տալը:
-Դրանց ամեն մի արածը ժողովրդի վրա է թանկ նստում, իսկ ես կարող եմ փողոցում էլ ելույթ ունենալ, եթե, իհարկե, մեր ոստիկանությունը հասարակական վայրում կարգուկանոնը խախտելու համար բերման չենթարկի:
-Ձեր երգերից մեկի «տռզած փորերով» հերոսները, Ձեր «հեգնած դեմքերը» Ձեզնից վրեժխնդիր են լինո՞ւմ:
-Չէ հա… Ես ինչ եմ արել, որ վրեժխնդիր լինեն: Ուղղակի իրենք մանկուց երազել են հեծանիվ ունենալ, իսկ ես այդ հեծանիվ ասածը միշտ եմ ունեցել. մի խոսքով՝ չտես-գյորմամիշ են:
-Իսկ հիմա ինչպե՞ս եք գոյատեւում Ձեր ոլորտում, կյանքում, կենցաղում…
-Ճիշտն ասած՝ ես էլ գլուխ չեմ հանում: Աշխատում եմ հնարավորինս քիչ ուտել ու շատ բարեգործություն անել:
-Եկող սերունդները, Ձեր երգի բառերով ասած՝ գոմաղբում ծնված բզեզների են նման: Գոմն արդեն շատ կեղտոտ է, իսկ բողոքելու փոխարեն պետք է այն մաքրել, պարզապես ելք գտնելն է դժվար…
-Եթե կա մեկը, որ մեր երկրում ինչ-որ բան կարող է փոխել, հենց երիտասարդ սերունդն է, հիմա հենց նրա հերթն է: Դա այն սերունդն է, որ ծնվել է անկախության օրոք, քիչ թե շատ մարդ կոչվելու իրավունքներից օգտվելու հնարավորություն ունի, ուրեմն պայքարե՛ք, պահանջե՛ք, ապացուցե՛ք: Իսկ այդ կեղտի պակասը, հավատացե՛ք, երբեք չի եղել: Ինչ վերաբերում է ելքին, մինչեւ մեր այն ռազմավարական գործընկերոջ երեսին չասենք, թե ինքն իրականում ով է, մինչեւ գոնե մի պտղունցաչափ չազնվանանք, ոչ մի բան էլ դուրս չի գա: Մի խոսքով՝ ինչքան այն հյուսիսային արջի հետ կապենք մեր ճակատագիրը, այնքան կեղտն ու կեղծիքը շատանալու են:
-Եվրոպայի հետ կապե՞նք մեր ճակատագիրը, թե՞, գուցե, որոշ քաղաքագետների խորհրդով՝ լարախաղացությամբ զբաղվենք:
-Ինչո՞ւ լարախաղացություն անել: Աշխարհում միշտ էլ առաջընթացի մի ուղի է եղել ու կա՝ Եվրոպան է: Պուտինի ցեղախումբն անտառում ծնված-մեծացած ժողովուրդն է, որ կացնից բացի՝ բան չի տեսել: Օղի ու զենք. ուրիշ բան չունեն: Այն էլ ասեմ, որ ռուսական օղին իրոք օղի դարձավ, երբ սկսեց Եվրոպայում արտադրվել, թե չէ այդ արջի ցեղը մինչեւ հիմա «սամոգոնի» հույսին էր մնալու: Իսկ դրանց արտադրած զենքից հազարից մեկն է աշխատում, հենց դրա համար էլ վերջերս սկսեցին փչովի հրթիռներ արտադրել ու երկրով մեկ տեղադրել: Թե ում են ուզում վախեցնել, չեմ հասկանում: Այդպես միշտ է եղել:
-Վերջերս «Ժողովուրդ»-ն անդրադարձավ կոչում չունեցող վաստակավորներին, փաստորեն Դուք էլ եք նրանց շարքերը համալրում…
-Այդ «վաստակավորը» երեւի վաստակել է պետք, բայց ես ոչ դրանց հավեսն ունեմ, ոչ էլ պատրաստվում եմ ինչ-որ բան վաստակել: Եթե ժողովուրդն ինչ-որ մեկին սիրում է, դե, նկատի ունեմ՝ գրած երգը, նկարած կտավը կամ խաղացած դերը, ուրեմն սիրում է ու թքած ունի, թե վերեւներից ինչ-որ մի խամաճիկ ինչ-որ մի կոչումի կարժանացնի, թե ոչ: Ընդհանրապես, այդ կոչումների միակ իմաստը նվաստացնելն է: Նախ, չգիտես ինչու, դու պետք է երախտապարտ լինես չգիտես թե ում, եւ երկրորդը՝ տվողը պետք է քո արածից գոնե մի քիչ գլուխ հանի: Էլ չեմ ասում այս հարցի բարոյական կողմի մասին:
-Ի վերջո, «հուսո առագաստն» ո՞ւմ ձեռքին է ծածանվելու. չձանձրացողների՞:
-Ազատ մարդկանց:
-Ո՞վ է ազատ մարդը:
-Հայը… Թե՞ հայ մնալու իրավունքն էլ արդեն չունենք…
«UNDERGROUND»-Ի ԱՍՏՂԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԵԹԵՐԱՅԻՆ ԹԻԹԵՌՆԻԿՆԵՐԻ
Այն, որ եթերից երեւացող վառվռուն աստղերի մեծամասնությունն իր մատուցած երաժշտությամբ, արտիստիզմի մակարդակով առանձնապես չի փայլում, եւ ոմանք թիթեռնիկի կյանքից էլ կարճ ժամանակ ունեն եթերում, դրանում ամենքս էլ անընդմեջ համոզվում ենք, բայց որ «underground»-ում կարելի է հանդիպել շշմելու արվեստագետների, այդ մասին քչերն են տեղյակ:
Երգչուհի Սրբուհի Սարգսյանը, օրինակ, արդեն երկու տարի է՝ հանդես է գալիս ակումբային համերգներով: Նրա խոսքով՝ ակումբի երգիչը սխալվելու իրավունք չունի, քանի որ անմիջական շփման մեջ է հանդիսատեսի հետ: Սրբուհին այն կարծիքին է, որ եթերում երեւում են մարդիկ, ովքեր ունեն գումարներ եւ լավ ծանոթություններ. «Այնուամենայնիվ, ակումբային երգիչներն էլ, թեկուզ դժվարությամբ, բայց կարող են իրենց համար ուղի հարթել, պահանջարկ վայելել»,-նկատեց նա՝ հավելելով, որ «տաշած քարը գետնին չի մնա, եւ ակումբի երգիչը ժամանակի ընթացքում կգտնի իր տեղը:
Իսկ Մարտա Կիրակոսյանը, օրինակ, հանդես է գալիս ջազ, ֆանկ, սոուլ ոճերում, կատարում է իր ճաշակի երգեր եւ դրանից հաճույք է ստանում. «Արվեստագետ-երգիչը պետք է որ առաջին հերթին սիրի կենդանի երգեցողությունը, ինձ համար միշտ խորթ են եղել եթերի անիմաստ հաղորդումները, անիմաստ երգերն ու համերգները: Այս ոլորտում գործելով՝ ես երբեք ոչ մի մտավախություն չեմ ունեցել, եթե շոու-բիզնեսում երգեի այն, ինչ երգում եմ հիմա՝ լինելով միշտ առաջինը, մյուսները մտահոգվելու առիթ շատ կունենային»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց նա:
Մեկ այլ երգչուհի՝ Նարինե Դովլաթյանը, կոտրում է այն կարծրատիպը, որ ակումբային երգիչը չի կարող լավ վաստակել: Միեւնույն ժամանակ նա նկատում է, որ եթերում երեւացողներն իրենց նկատմամբ մի առավելություն ունեն. «Մենք զրկված ենք ճանաչվածությունից, ինձ շատ են կանչում զանազան հաղորդումների, բայց ես ներկայանում եմ միայն այն ժամանակ, երբ կոնկրետ ասելիք ունեմ»,-ընդգծեց երգչուհին:
Ամեն դեպքում, նրանք բոլորն էլ այն կարծիքին են, որ, թեեւ եթերում իրենց ներկայացրած երաժշտության քարոզչությունը շատ թույլ է տարվում, կգա մի ժամանակ, որ հանդիսատեսն էլ հոգնելով եթերով մատուցված երաժշտությունից՝ կգնահատի «underground»-ում ներկայացվող արվեստը:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԼՈՒՐԵՐ
ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է
Դեկտեմբերի 7-ին 55 տարեկանում մահացել է անվանի թարգմանիչ, գրող-հրապարակախոս Սամվել Մկրտչյանը: Նշենք, որ նա Լիոնում բուժման կուրս էր անցնում: Սամվել Մկրտչյանը մեծ ավանդ ունի անգլերենից հայերեն եւ հայերենից անգլերեն թարգմանության գործում: Նրա բազում թարգմանություններից հարկ է առանձնացնել մոդեռնիստական գրականության գլուխգործոցներից մեկի՝ Ջեյմս Ջոյսի 700-էջանի «Ուլիսես» վեպի թարգմանությունը:
«Ժողովուրդ»-ը ցավակցում է Սամվել Մկրտչյանի հարազատներին եւ ընկերներին:
ՌԻՎԱՍԻ ՀԱՄԱՐ ԴԱԺԱՆ Է ԵՂԵԼ
Երգչուհի Եվա Ռիվասը վերջերս Վրաստանում էր: ESem.am-ի հետ զրույցում նա ասել է, որ մեկնել էր իր ընկերոջ՝ Անրի Ջոխաձեի տեսահոլովակում նկարահանվելու համար: Եվան տեսահոլովակում մարմնավորել է գլխավոր հերոսուհուն՝ երգչի սիրելիին:
Նոր տեսահոլովակի նկարահանումները տեւել են երեք օր. «Ամենաահավորն այն էր, որ Վրաստանում շատ ցուրտ եւ սաստիկ քամի էր: Ամենուրեք ձնառատ սարեր էին, իսկ ես շատ թեթեւ էի հագնված, ստիպված էի բարձրակրունկներով ժամերով վազել ձյան վրայով ու ընկնել: Բացի այդ՝ մեզ վրա ձյուն էին թափում հատուկ սարքավորումներով: Մի խոսքով՝ դա այնքան էլ հաճելի չէր, եւ արդյունքում ես հիվանդացա»,-եզրափակել է երգչուհին:
Նա արդեն առողջ է եւ շարունակում է ներկայանալ «Հայաստանի ձայնը» նախագծում՝ որպես ժյուրիի անդամ:
ԿՐԿՆՕՐԻՆԱԿԵ՞Լ Է ՊԻՏԲՈՒԼԻՆ
«Չամիչ», այսպես է կոչվում Նորոյի նոր երգը, որի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել նոյեմբերի վերջին: Որոշ քննադատներ ամերիկաբնակ երգչին մեղադրում են Պիտբուլի՝ սեպտեմբերին համացանցում հայտնված «Fireball» տեսահոլովակը կրկնօրինակելու համար:
«Ես, իհարկե, գիտեի այս տեսահոլովակի մասին: Մենք չենք կարող կրկնօրինակել, պարզապես նմանություններ կան: Իրոք, կան կադրեր, որոնք նման են: Միայն ուրախ եմ, որ իմ տեսահոլովակը որակով չի զիջում Պիտբուլի տեսահոլովակին»,-BRAVO.am-ի հետ զրույցում մեկնաբանել է երգիչը:
Նրա խոսքով՝ սցենարային մի շարք լուծումներ իր ցանկությամբ են կիրառվել. «Օրինակ՝ ուզում էի, որ ռետրո ավտոմեքենա լինի, կաբարե եւ այլն: Այդ հարցում ինչ-որ չափով հուշումներ տվեց Պիտբուլի տեսահոլովակը»,-ասել է նա: