«Պատգամավորներն այնպիսի օրենքներ են հրամցրել, որ միայն իրենց բ..երը կարողանան համերգ տալ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ-երգահան Էդուարդ Զորիկյանը, թեեւ նոր երգերի պակաս չի զգում, բայց իր խոսքով՝ համերգներ տալու հնարավորություն չունի. արգելել են: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ օրենսդիրները, մականունավոր գավառեցիներն այնպիսի օրենքներ են հրամցրել, որ միայն իրենց է հարմար:

-Պարո՛ն Զորիկյան, այժմ ի՞նչ նոր ստեղծագործությունների վրա եք աշխատում, ե՞րբ Ձեր համերգին սպասենք, եւ արդյո՞ք կա մի նոր թեմատիկա, որը ներառել եք Ձեր երգացանկում:

-Ես մասնագիտությունս չեմ փոխել. երգ եմ գրում: Ես ավելի շատ գրում եմ, քան հասցնում եմ ձայնագրել կամ համերգներին ներկայացնել, այնպես որ պահեստս դեռ չի դատարկվել: Համերգներ տալու հնարավորություն չունեմ. արգելել են: Այստեղ-այնտեղ յոլա եմ գնում: Ամեն ուրբաթ ինձ կարող եք տեսնել «Ակումբ»-ում, իսկ երգերիս թեման միշտ էլ մարդն է եղել, կամ էլ՝ այդ «մարդ» ասածի բացակայությունը:

Ո՞վ է Ձեզ արգելել համերգներ տալ:

-ՀՀ օրենսդիրները: Այն մականունավոր գավառեցիները, որ չես հասկանում՝ առեւտրականներ են, կոճակ սեղմողներ, թե էշ-էշ դուրս տվող խրտվիլակներ: «Ամբախ-զամբախ» կոճակ սեղմելով՝ այնպիսի օրենքներ են հրամցրել, որ միայն իրենք ու իրենց բ..երը կարողանան համերգ տալ:

-Նկատի ունեք՝ Ձեզ վրա թա՞նկ է նստում համերգ տալը:

-Դրանց ամեն մի արածը ժողովրդի վրա է թանկ նստում, իսկ ես կարող եմ փողոցում էլ ելույթ ունենալ, եթե, իհարկե, մեր ոստիկանությունը հասարակական վայրում կարգուկանոնը խախտելու համար բերման չենթարկի:

-Ձեր երգերից մեկի «տռզած փորերով» հերոսները, Ձեր «հեգնած դեմքերը» Ձեզնից վրեժխնդիր են լինո՞ւմ:

-Չէ հա…Ես ինչ եմ արել, որ վրեժխնդիր լինեն: Ուղղակի իրենք մանկուց երազել են հեծանիվ ունենալ, իսկ ես այդ հեծանիվ ասածը միշտ եմ ունեցել. մի խոսքով՝ չտես-գյորմամիշ են:

-Իսկ հիմա ինչպե՞ս եք գոյատեւում Ձեր ոլորտում, կյանքում, կենցաղում…
-Ճիշտն ասած՝ ես էլ գլուխ չեմ հանում: Աշխատում եմ հնարավորինս քիչ ուտել ու շատ բարեգործություն անել:

2

-Եկող սերունդները, Ձեր երգի բառերով ասած՝ գոմաղբում ծնված բզեզների են նման: Գոմն արդեն շատ կեղտոտ է, իսկ բողոքելու փոխարեն պետք է այն մաքրել, պարզապես ելք գտնելն է դժվար…

-Եթե կա մեկը, որ մեր երկրում ինչ-որ բան կարող է փոխել, հենց երիտասարդ սերունդն է, հիմա հենց նրա հերթն է: Դա այն սերունդն է, որ ծնվել է անկախության օրոք, քիչ թե շատ մարդ կոչվելու իրավունքներից օգտվելու հնարավորություն ունի, ուրեմն պայքարե՛ք, պահանջե՛ք, ապացուցե՛ք: Իսկ այդ կեղտի պակասը, հավատացե՛ք, երբեք չի եղել: Ինչ վերաբերում է ելքին, մինչեւ մեր այն ռազմավարական գործընկերոջ երեսին չասենք, թե ինքն իրականում ով է, մինչեւ գոնե մի պտղունձաչափ չազնվանանք, ոչ մի բան էլ դուրս չի գա: Մի խոսքով՝ ինչքան այն հյուսիսային արջի հետ կապենք մեր ճակատագիրը, այնքան կեղտն ու կեղծիքը շատանալու են:

-Եվրոպայի հետ կապե՞նք մեր ճակատագիրը, թե՞, գուցե, որոշ քաղաքագետների խորհրդով՝ լարախաղացությամբ զբաղվենք:

-Ինչո՞ւ լարախաղացություն անել: Աշխարհում միշտ էլ առաջընթացի մի ուղի է եղել ու կա՝ Եվրոպան է: Պուտինի ցեղախումբն անտառում ծնված-մեծացած ժողովուրդն է, որ կացնից բացի՝ բան չի տեսել: Օղի ու զենք. ուրիշ բան չունեն: Այն էլ ասեմ, որ ռուսական օղին իրոք օղի դարձավ, երբ սկսեց Եվրոպայում արտադրվել, թե չէ այդ արջի ցեղը մինչեւ հիմա «սամոգոնի» հույսին էր մնալու: Իսկ դրանց արտադրած զենքից հազարից մեկն է աշխատում, հենց դրա համար էլ վերջերս սկսեցին փչովի հրթիռներ արտադրել ու երկրով մեկ տեղադրել: Թե ում են ուզում վախեցնել, չեմ հասկանում: Այդպես միշտ է եղել:

-Վերջերս «Ժողովուրդ»-ն անդրադարձավ կոչում չունեցող վաստակավորներին, փաստորեն Դուք էլ եք նրանց շարքերը համալրում…

– Այդ «վաստակավորը» երեւի վաստակել է պետք, բայց ես ոչ դրանց հավեսն ունեմ, ոչ էլ պատրաստվում եմ ինչ-որ բան վաստակել: Եթե ժողովուրդն ինչ-որ մեկին սիրում է, դե, նկատի ունեմ՝ գրած երգը, նկարած կտավը կամ խաղացած դերը, ուրեմն սիրում է ու թքած ունի, թե վերեւներից ինչ-որ մի խամաճիկ ինչ-որ մի կոչումի կարժանացնի, թե ոչ: Ընդհանրապես, այդ կոչումների միակ իմաստը նվաստացնելն է: Նախ՝ չգիտես ինչու՝ դու պետք է երախտապարտ լինես չգիտես թե ում, եւ երկրորդը՝ տվողը պետք է քո արածից գոնե մի քիչ գլուխ հանի: Էլ չեմ ասում այս հարցի բարոյական կողմի մասին:

-Ի վերջո, «հուսո առագաստն» ո՞ւմ ձեռքին է ծածանվելու. չձանձրացողների՞:
-Ազատ մարդկանց:

-Ո՞վ է ազատ մարդը:

-Հայը… Թե՞ հայ մնալու իրավունքն էլ արդեն չունենք…

Աննա Բաբաջանյան




Լրահոս