ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՀԺԱՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի ժողովրդական ազատական միություն» կուսակցությունը, որը միայն փաստաթղթերով գոյություն ունի, հայտնվել է դատարանում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՀՀԿ-ին ձուլված այդ կուսակցության դեմ դատական հայց է ներկայացրել ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ենթակայության տակ գտնվող «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը:
Եվ այսպես՝ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2014 թվականի հոկտեմբերի 10-ին «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Հայաստանի ժողովրդական ազատական միություն» կուսակցությունից բռնագանձել շուրջ 240 հազար դրամ:
Նկատենք, որ «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը դատարան դիմելով եւ վճռին սպասելով չի բավարարվել, այլ հոկտեմբերի 10-ին միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի արգելանք դրվի կուսակցության գույքի եւ դրամական միջոցների վրա, ինչն այս գործով դատավոր Ռուբեն Ներսիսյանը բավարարել է:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արայիկ Սաֆարյանն ասաց, որ կուսակցության հետ խնդիրն առաջացել է սպասարկման գումարը չվճարելու շուրջ, սակայն արդեն պրոբլեմը լուծված է:
Հիշեցնենք, որ ՀԺԱՄ կուսակցության նախագահը Սեյրան Ավագյանն էր, որը քաղաքականությունից դուրս եկավ տարիներ առաջ՝ նշանակվելով ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ: Ավագյանին փոխարինեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանը: Վերջինս էլ հեռացավ կուսակցությունից՝ համալրելով իշխող ՀՀԿ-ի շարքերը, որպեսզի պատգամավորական մանդատ ստանա: Դրանից հետո Մկրտչյանին այլեւս չի հետաքրքրել իր՝ երբեմնի գաղափարական կենտրոնը: Նա կուսակցությունն անտերության է մատնել եւ վայելում է ԱԺ միջանցքներում խրոխտ քայլելու իր «վաստակած իրավունքը»:
Ի դեպ, Վահրամ Մկրտչյանը նաեւ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի նախագահն է, որի հովանավորը «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանն է՝ Սերժ Սարգսյանի երեխաների քավորը: Ինչպես երեւում է՝ Ֆլեշ Բարսեղն այլեւս չի ֆինանսավորում ՀԺԱՄ կուսակցությանը:
Ի դեպ, ՀԺԱՄ-ը միակ կուսակցությունը չէ, որ «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ին դատարանի դռներն է հասցրել:
Դեռեւս 2012թ. հուլիսին «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Օրինաց Երկիր» կուսակցության` 110.058 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջով: «Օրինաց Երկիր» կուսակցության եւ ՊՈԱԿ-ի միջեւ կնքվել էր օբյեկտի սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր, համաձայն որի՝ կուսակցությունը պարտավորվել էր հայցվորին վճարել ամսական 21.885 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ-ն: Սակայն օրենքի երկիր կառուցելու խոստումներ տված կուսակցությունը պատշաճ չէր կատարել իր ստանձնած պարտավորությունները, ինչի հետեւանքով կուտակել էր 101.488 դրամ պարտք, այդ թվում` ապառքի գումարը` 109.148 ՀՀ դրամ, տույժերը` 8.570 ՀՀ դրամ
Նկատենք, որ «Օրինաց Երկիր» կուսակցությունը դատարան չէր ներկայացել: Դատավորն էլ ուսումնասիրելով գործը՝ բավարարել էր «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի պահանջը եւ հօգուտ «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի բռնագանձել 110.058 (հարյուր տասը հազար հիսունութ) ՀՀ դրամ գումար:
Ավելին՝ 2013թ. «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը հերթական անգամ դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ այս անգամ «ՕԵԿ պաշտոնաթերթի խմբագրություն» ՍՊ-ից պահանջելով 389 հազար 680 դրամ, ինչը եւս դատարանը բավարարել է:
Այսպիսով՝ Հայաստանում կուսակցական բիզնեսը կարծես թե կամաց-կամաց դադարում է շահավետ լինել: Թերեւս այդ պատճառով էլ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը սեփական բիզնեսը դրեց:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ՕՄԲՈՒԴՍՄԵՆՆ ԱՆՏԵՂՅԱԿ Է ԾԵԾԻՑ

Երեկ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրավիրել էր կլոր սեղան, որին մասնակցում էին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը, քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը: Քննարկմանը չի մասնակցել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Վերջինս միակ պաշտոնյան է, ում հետ, ըստ Կարեն Անդրեասյանի, համագործակցության եզրեր դժվար է գտնել:

Սա թերեւս միակ ոչ դրական որակումն էր, որ հնչեց երեկ, մնացած բոլոր գերատեսչություններից ՀՀ օմբուդսմենը գոհ էր: Ինչպե՞ս ստացվեց այս պատկերը: «Ժողովուրդ»-ը երեկ զրուցեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հետ:
-Պարո՛ն Անդրեասյան, ոչ վաղ անցյալում, խոսելով ոսկու շուկայի դեպքերի մասին, Ձեր գնահատականները բավականին կոշտ էին՝ ուղղված իրավապահ մարմիններին: Դուք նշել էիք, որ իրենց աշխատանքում թերանում են, եւ Ձեր տարեկան զեկույցում ստիպված եք լինելու այդ հարցին անդրադառնալ: Սակայն երեկ՝ կլոր սեղանի շրջանակներում, գերագնահատեցիք իրավապահ մարմինների աշխատանքն այն աստիճան, որ նույնիսկ Վլադիմիր Գասպարյանը նշեց, թե գերագնահատում եք իրենց աշխատանքը: Այսքան կարճ ժամանակում փոխեցի՞ք Ձեր կարծիքն իրավապահ մարմինների մասին:
-Ոչինչ չի փոխվել: Ընդամենը վերջին մեկ շաբաթվա ընթացքում ես տարբեր մարմիններին ուղարկել եմ բավական քննադատական գրություններ, եւ իմ՝ այսօրվա դրական գնահատականը չի նշանակում, որ ես որեւէ մեկի աշխատանքը գերագնահատում եմ: Սա նշանակում է, որ մենք տեսնում ենք լավը եւ լավն ասելով՝ ակնկալում ենք ավելի լավը: Ես իմ ելույթի ընթացքում նշեցի, որ մենք խաղաղ հավաքների հետ կապված աշխատանք ունենք անելու, նշանակում է` այդ ոլորտի հետ կապված ոստիկանությունը խնդիրներ ունի, եւ կարծում եմ` իմ դրական գնահատականները մարդկանց կողմից չափազանցված են այն իմաստով, որ երբ դու անընդհատ քննադատում ես եւ ժամանակ առ ժամանակ առանձնացնում ինչ-որ լավ բան, դա ուղղակի տարակուսանք է առաջացնում:
-Ազատամարտիկների ծեծի հետ կապված Վլադիմիր Գասպարյանի արձագանքը բավականին կոշտ էր: Դուք ինչպե՞ս եք պատրաստվում արձագանքել:
-Դեռ ծանոթ չեմ Վլադիմիր Գասպարյանի արձագանքին, ինչպես նաեւ չեմ տիրապետում ազատամարտիկների ծեծի հետ կապված մանրամասներին, բայց գտնում եմ, որ տվյալ դեպքում պետք է լինի իրավական գործընթաց: Մենք դեռ չունենք բողոք կամ դիմում որեւէ քաղաքացուց, որը ցույց կտա` պատկան մարմինները լավ չեն զբաղվում այս գործունեությամբ: Ինքներս էլ նախահարձակ կլինենք այն իմաստով, որ իմ աշխատակիցները հետեւողական կաշխատեն, եւ մենք կհետեւենք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները, եւ ըստ դրա էլ կհասկանանք շարունակությունը:
-Արդարադատության նախարարության աշխատանքից եւս շատ եք դժգոհել նախկինում` նշելով, որ փաստաբաններն իրենց մասնագիտական գործունեությունը կատարելիս դժվարանում են եւ չեն կարողանում գնալ քրեակատարողական հիմնարկներ՝ իրենց պաշտպանյալներին հանդիպելու: Երեկ նրանց էլ գովեցիք:
-Հենց այսօր իմ հայտարարությունից հետո ես ստացա արդարադատության նախարարի գրավոր պատասխանը, որտեղ նշվում է, որ իրենք պատրաստ են փոխելու իրենց մոտեցումը մեր իսկ առաջարկների հիման վրա: Մեր այսօրվա դրական մոտեցումները բոլորովին էլ մեր նահանջի մասին չեն խոսում: Մենք չունենք հավերժ թշնամիներ եւ բարեկամներ, մեզ համար կա մարդու իրավունքների պաշտպանության հավերժ գործելակերպ:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ՏԵՂ ՉԻ ՀԱՍԵԼ
Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի խոսքով՝ ՀՀ Կառավարության կողմից Իրաքում ցեղասպանության ենթարկվող եզդի ժողովրդի համար տրամադրված 100 հազար դոլարը տեղ չի հասել: Ազիզ Թամոյանի փոխանցմամբ՝ Հայաստանի նյութական օգնությունը գնում է քրդերի կառավարությանը եւ եզդիներին չի հասնում:
Armlur.am-ի հետ զրույցում «Միդիա Շանգալ եզդիների միավորում» ՀԿ նախագահ Ամո Շարոյանը, սակայն, հերքել է Ազիզ Թամոյանի հայտարարությունը եւ նշել, թե օտարի մեկ դրամն իրենց մեկ միլիոնն է: «Հայաստանի Կառավարության տրամադրած 100 հազարը տեղ է հասել ՄԱԿ-ի, Իրաքի եւ մեր գրասենյակների միջոցով: Գումարը նորմալ տեղ է հասել, պարզապես այստեղ, որ ժողովուրդը հավաքագրում է անում, որոշ մարդկանց մոտ գումարներ են մնացել: Պատճառն այն է, որ հաշվեհամարներ են բացվում, իսկ խառնաշփոթ վիճակի պատճառով մի քանի օր հետո դրանք կորչում են»,- պարզաբանել է զրուցակիցը:

 

ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ
«Բաշնեֆտի» գործով մեղադրյալ, հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանը չի ներկայացել Մոսկվայի Բասմանի դատարան, որը պետք է վճռեր նրա տնային կալանքի երկարաձգման հարցը: Դատարանում նշվել է, որ նա գտնվում է հիվանդանոցում, տեղեկացնում է ТАСС-ը: Դատական նիստի ժամանակ նրա փաստաբանը հայտարարել է. «Լեւոն Հայրապետյանը ներկայումս բուժում է անցնում հիվանդանոցում, որտեղ հաստատվել է նրա միզապարկի քաղցկեղի ախտորոշումը»: Ավելի վաղ դատարանը վճռել էր, որ Լեւոն Հայրապետյանը տնային կալանքի տակ պետք է գտնվի մինչեւ դեկտեմբերի 15-ը: Հիշեցնենք, որ «Սոբեսեդնիկ» տեղեկատվական հոլդինգի հիմնադիր Լեւոն Հայրապետյանը ձերբակալվել էր անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների կողմից Դոմոդեդովո օդանավակայանում, հուլիսի 15-ին, եւ արդեն հուլիսի 17-ին Մոսկվայի Բասմանի դատարանը նրան փողերի յուրացմանն աջակցելու մեղադրանք էր ներկայացրել եւ որոշում կայացրել նրան կալանքի ենթարկելու մասին:

 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՉԻ ԽՈՍՈՒՄ
«Ես կենդանիների մասին չեմ խոսում»,- երեկ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսպես է արձագանքել լրագրողների հարցին, որն առնչվում էր նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանին՝ Դոգին: Լրագրողի դիտարկմանը, թե վերջինս հայտարարել է, որ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի ենթադրյալ ապօրինությունների մասին պատմելիք ունի, ոստիկանապետն արձագանքել է. «Դե, թող հրապարակի»: Հարցին՝ արդյո՞ք ոստիկանապետը կցանկանա, որ ոստիկանությունը վերանվանվի ներքին գործերի նախարարություն, վերջինս հայտարարել է, թե ոստիկանության գոյությունն ավելի ճիշտ է, քանի որ ոստիկանությունը քաղաքականությունից դուրս է, ոչ մի կուսակցության անդամ չէ, հետեւաբար ավելի ազատ է իր գործունեության մեջ:




Լրահոս