ՈՒՂՂԱՀԱՅԱՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորական ուղերձ է հղել  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Հիշեցնենք, որ Տ. Սարգսյանը վարչապետ է վերանշանակվել հունիսի 2-ին: Այսինքն՝ ՌԴ վարչապետը Տիգրան Սարգսյանի նշանակումից միայն տասն օր անց է ժամանակ գտել շնորհավորելու իր ռազմավարական գործընկերոջ վերանշանակումը: Համեմատության համար նշենք, որ ՀՀ վարչապետը շտապել էր իր ռուս գործընկերոջը շնորհավորել նրա նշանակումից երկու օր անց: Ընդ որում, Տիգրան Սարգսյանը դա չէր արել Մեդվեդեւի նշանակման հաջորդ իսկ օրը, քանի որ դա մայիսի 9-ն էր` երկուստեք տոնական եւ ոչ աշխատանքային օր, բացի այդ, մեկ ուղերձում նա Մեդվեդեւին, բացի նշանակումից, շնորհավորել էր նաեւ հաղթանակի տոնի կապակցությամբ: Իսկ ահա իր երեկվա տասնօրյա ուշացմամբ ուղերձին Տիգրան Սարգսյանն արձագանքել է  անհրաժեշտ արագությամբ` ընդամենը մի քանի ժամ անց: Ճիշտ է, պատասխանի հիմնական առիթը Մեդվեդեւին «Ռուսաստանի օրվա» կապակցությամբ շնորհավորելն էր, սակայն այդ ուղերձում նա նաեւ իր երախտագիտությունն է հայտնել ռուս գործընկերոջից` իր վերանշանակումը 10 օր անց շնորհավորելու համար: Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Դմիտրի Մեդվեդեւը կամ Վլադիմիր Պուտինը ուշացած, ընդհուպ` մինչեւ մեկ ամիս, շնորհավորանքներ են  հղում Տիգրան Սարգսյանին: Դիվանագիտական տեսանկյունից ռազմավարական գործընկեր երկրի նկատմամբ դա, մեղմ ասած, կոռեկտ վերաբերմունք չէ, սակայն քանի որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները վաղուց արդեն դադարել են գործընկերային լինելուց` վերածվելով ֆորպոստի ու ֆորպոստատիրոջ միջեւ ուղղահայաց շփումների, ապա միանգամայն օրինաչափ կարելի է համարել Տիգրան Սարգսյանի` ՌԴ-ից ստացվող ցանկացած ուղերձի  «ափալ-թափալ» արձագանքելը: Սակայն երեկ Ռուսաստանի իշխանություններին սիրաշահելու ջանքեր էր գործադրում ոչ միայն Տիգրան, այլեւ Սերժ Սարգսյանը: Նա ոչ միայն  շնորհավորական ուղերձներ հղեց ՌԴ  նախագահին եւ վարչապետին, այլեւ շտապեց ՌԴ դեսպանատուն` ռուսների հետ կիսելու նրանց տոնը: Կրկին համեմատության համար նշենք, որ թեեւ մենք չունենք Հայաստանի օր, սակայն մեր տոնացույցում կան ոչ պակաս նշանակալի տոներ` Սեպտեմբերի 21-ը, Մայիսի 28-ը եւ այլն, ու  դժվար է հիշել որեւէ դեպք, երբ ՌԴ նախագահը կամ վարչապետն այցելեր ՀՀ դեսպանատուն` այնտեղ անձամբ կիսելու մեր ազգային տոնը:
Մեծ հաշվով, այդ ուղերձային հարաբերություններն այնքան էլ կարեւոր չեն, ու, թերեւս, հատուկ չնկատեինք էլ դրսեւորված անհամամասնությունները, եթե առավել խորքային հարցերում մեր ռազմավարական գործընկեր համարվող Ռուսաստանը դրսեւորեր իրապես ռազմավարական գործընկերոջը վայել վարքագիծ:  Օրինակ` հայ-ադրբեջանական սահմանագոտում տեղի ունեցած սադրանքների կապակցությամբ հանդես գար գոնե համարժեք հայտարարությամբ:




Լրահոս