ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ.  Հարեւանուհուս տղան արդեն 3 տարի է՝ կալանավորված է: Վերջերս տղայի առողջական վիճակը շատ ծանր էր, բայց մայրն այդ մասին իմացավ տղայի առողջանալուց հետո միայն: Լավ է, որ առանց լուրջ հետեւանքների անցավ հիվանդությունը: Հետաքրքիր է, եթե կալանավորված անձը ծանր հիվանդ է, արդյոք ազգականներին տեղեկացնում են այդ մասին:

Ժաննա Պետրոսյան, 40 տարեկան, ուսուցչուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. Կալանավորված անձի ծանր հիվանդության կամ մահվան դեպքում կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմն այդ մասին անհապաղ տեղեկացնում է կալանավորված անձի մերձավոր ազգականներին, քրեական վարույթն իրականացնող մարմնին եւ հսկողություն իրականացնող դատախազին: Օտարերկրյա քաղաքացիություն ունեցող կալանավորված անձի ծանր հիվանդության կամ մահվան դեպքում համապատասխան հիմնարկի վարչակազմն այդ մասին անհապաղ հայտնում է վերադաս մարմնին, որն էլ տեղեկացնում է շահագրգիռ գերատեսչություններին, այդ թվում՝ նաեւ համապատասխան պետության դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին («Հայաստանի Հանրապետության ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենք, հոդված 21):

«Իրավունքների պաշտպանություն առանց
սահմանների» հ/կ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մի կողմից կալանավորի ծանր վիճակի մասին նրա ազգականներին տեղեկացնելը ճիշտ է: Մյուս կողմից, սակայն, սա այն դեպքն է, երբ ազգականն ինչ-որ բան փոխելու հնարավորություն չունի: Ինչո՞վ կարող է նա աջակցել անազատության մեջ հայտնված իր հարազատին, երբ շփումը նման իրավիճակում էլ է բացառված: Հավանական է, որ հիվանդացած կալանավորի վիճակի մասին նրա բարեկամներին տեղեկացնում են ավելի ուշ` հիվանդության անցանկալի ելքի դեպքում տեղի ունեցածն անսպասելի չներկայացնելու համար:




Լրահոս