«Գլուխը կջարդեմ ու չգիտեմ՝ կհասնի իր էրեխեքին, թե չէ». փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը չի խրատվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե ազատամարտիկ լինելը չի նշանակում, որ ամեն ինչ կարելի է անել:

Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանի և Ռազմիկ Պետրոսյանի դեմ հարձակումը կապվում է հենց փոխոստիկանապետի հետ: Ավելի վաղ Լ. Երանոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել էր, որ «այս երկրում ով լինի, իր ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որեւիցե մի բան ուզենա ասելու, ականջները կկտրի շան թուլի պես»:

-Պարո՛ն Երանոսյան, օրերս ծեծի ենթարկված հրամանատարներ Մանվել Եղիազարյանի, Ռազմիկ Պետրոսյանի ծեծի հանգամանքները դեռեւս պարզ չեն, բայց բոլոր «սլաքներն» ուղղվում են Ձեր կողմը, քանի որ այդ օրը Դուք եք նրանց հետ ռեստորանում եղել, այնտեղից դուրս գալուց հետո է դեպքը տեղի ունեցել: Չե՞ք փորձել պարզել՝ ինչ է կատարվել:

-Ես Ձեր հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ չգիտեմ, թե ովքե՞ր են այդ սլաքներն ուղղում, ովքե՞ր են այդ շահագրգիռները, որ նման հայտարարություններով են հանդես գալիս: Ես էլի եմ կրկնում, որ այդ հարցերն ուղղե՛ք Ռազմիկ Պետրոսյանին:

-Դուք միջադեպից հետո զրուցե՞լ եք Ռազմիկ Պետրոսյանի հետ, արդյո՞ք Ձեր ընկերը նույնպես այն կարծիքին է, որ Դուք եք հրամայել, որ իրենց ծեծի ենթարկեն:

-Ով ինչ է հայտարարում, ես չգիտեմ, բայց մինչեւ այսօր էլ ինքը չի կարող կասկածել, որ ես եմ իրեն ծեծել կամ ծեծել տվել:

-Եթե նշում եք, որ Ռ. Պետրոսյանն ու Մ. Եղիազարյանը Ձեր մարտական ընկերներն են, ու Դուք շատ մտերիմ հարաբերություններ ունեք նրանց հետ, այդ դեպքում, ըստ Ձեզ, ովքե՞ր կարող էին նման կերպ վարվել նրանց հետ: Ի՞նչ խնդիրներ ունեն նրանք, որի պատճառով կարող էին բռնության ենթարկվել:

-Տարբեր մարդիկ, ի՞նչ է եղել, այսօր կարող է մարդու հայացքը մի մարդու հայացքին չհամապատասխանի, խոսակցություններն իրար չբռնի, ծեծեն իրար, դա չի նշանակում, որ գնացինք, նստեցինք, իրար հետ հաց կերանք, Երանոսյանն էլ բռնեց ու իր մարտական ընկերոջը ծեծեց: Եթե մտածողն այդքան է, ուրեմն թող մտածեն, ոնց ուզում են, դա իրենց խնդիրն է, ես բան չունեմ ասելու:

-Լավ, այդ դեպքում ի՞նչ եք քննարկել Ձեր մարտական ընկերների հետ, ինչո՞ւ էիք որոշել նրանց հետ «հաց» ուտել, ի վերջո, հանդիպման նախաձեռնողը Դուք եք եղել, որից էլ ենթադրվում է, որ կոնկրետ նպատակ է հետապնդել այդ հանդիպումը: Քննարկել եք Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության, երկրում տիրող իրավիճակի մասի՞ն:

-Ես ով եմ, որ երկրի մասին ինչ-որ բաներ քննարկեմ, կարող է Ռազմիկը հռետորի պես խոսել՝ սենց-նենց… Ես ոչ մեկի հետ կիսելու բան չունեմ, իմ մարտական ընկերների հետ՝ առավել եւս: Ինչ հնարավորությունների տեր իրենք են, կարող ենք ասել, ու ես իրենցից սահմանափակ հնարավորությունների տեր եմ, եթե կիսելու բան կար, կիմանայիք: Ես հանցանք չեմ կատարել՝ իրենց հետ հանդիպելով:

-Այսօրվա դրությամբ ծեծի միակ հեղինակը, հասցեատերը համարվում եք Դուք, մինչեւ այսօր որեւէ մեկի անունը չի շոշափվել…

-Դա ո՞վ է շոշափում, դա շոշափում են լրատվամիջոցները, որի մասին գրում են, թե դու ու Ռազմիկը ծեծ ու ջարդ եք արել, հարց տվեք նաեւ Ռազմիկին էլ… Ինքն էլ թող խոսի:

-Ռազմիկ Պետրոսյանն արդեն պատասխանել է, որ ինքը հայհոյել է, բայց իր ականջները չեն կտրել, ինչպես որ Դուք հայտարարել էիք, թե ով Ձեր դեմ հայհոյի Սերժ Սարգսյանին «շան թուլի պես ականջները կկտրեմ»:

-Ես իմ խոսքը պնդում եմ, որ եթե որեւէ մեկը կա էդքան տղա, իմ ներկայությամբ, դեմս նստած, փորձի գերագույն հրամանատարի հասցեին որեւիցե մի բան ասի, գլուխը կջարդեմ ու չգիտեմ՝ կհասնի իր էրեխեքին, թե չէ:

-«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը հայտարարել է, որ եթե անգամ զրույց է եղել, որի ժամանակ անհամաձայնություն է եղել Ձեր եւ ազատամարտիկների միջեւ, ապա կարող էիք այդ պահին լուծում գտնել «տղամարդավարի» ու դրսում շարունակություն չտայիք: Ինչո՞ւ նման կերպ չեք վարվել:

-Մեր մեջ խնդիր չի եղել, մենք հետո հեռախոսազրույց էլ ենք ունեցել, ու մեր միջեւ որեւէ խնդիր չի եղել, հիմա էլ որեւէ խնդիր չկա, ես չեմ պատկերացնում դա, երբ ասում եք, որ Ռազմիկը սենց բաներ է ասել, չգիտեմ՝ ինչի ազդեցության տակ է ինքն այդպիսի բաներ խոսում, ովքեր են նման բաներ ասում:

-Իսկ «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի կարծիքով «հրամանատարների վրա ձեռք բարձրացրածների արարքը չի տարբերվում թուրքերի արարքներից, իսկ ինձ համար թուրքը մնում է թուրք. ես թուրքի դեմ զենքով եմ կռվել»: Դուք այդ կարծիքին չե՞ք:

-Չգիտեմ՝ Սասունն ինչ է ասում, բայց ես մի բան կարող եմ ասել, որ եթե ազատամարտիկ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կանես ու անպատասխան կմնաս: Եթե ես այսօր ազատամարտիկ եմ, չի նշանակում, որ կարող եմ կանգնել մի տեղ ու ում ուզեմ, հայհոյեմ, ինչ ուզենամ, անեմ: Պատերազմը, եթե վերջացել է, դա չի նշանակում, որ դրանից հետո ազատամարտիկը պետք է անի այն, ինչ ուզում է, եթե ես էլ ինձ անշնորհք պահեմ, կարող է եւ 20 տարեկան մի երեխա իմ վրա ձեռք բարձրացնի: Ու եթե ես զգամ, որ ինձ անշնորհք եմ պահել, կասեմ՝ ներողություն: Եթե ազատամարտիկ ենք, վե՞րջ, ում ուզենք, ինչ ուզենք՝ ասենք, ոչ մեկ իրավուքն չունի մեզ բան ասելո՞ւ, չի՛ կարելի այդպես:

-Բայց այս դեպքում Դուք կարող էիք հարգել այն ուսադիրները, որը կրում եք, ի վերջո, պաշտոնյան իրավունք չունի սպառնալ, որ «շան թուլի պես ականջները կկտրի»:

-Ես մարդ չեմ ծեծել, որ ասեմ՝ սխալ եմ թույլ տվել: Իսկ ինչ վերաբերում է դրան, ասեմ, որ կան բառեր, որ պահ է լինում, ասում է՝ անկախ պաշտոնից, պաշտոնը չեմ վերցրել, որ ձայնազուրկ լինեմ, մարդ եմ: Բայց ես նորից իմ խոսքերը պնդում եմ, եթե որեւիցե մեկը փորձի իմ ներկայությամբ գերագույն հրամանատարին որեւիցե մի վատ արտահայտություն անի, ես իմ ասած բառերն անելու եմ:

-Իսկ ինչպե՞ս են Ձեր հայտարարությանն արձագանքել Սերժ Սարգսյանն ու ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

-Ես նախարարից նկատողություն եմ ստացել իմ հայտարարության հետ կապված: Սերժ Սարգսյանից՝ ոչ, քանի որ ես ունեմ իմ ղեկավարը, եթե ես որեւիցե սխալ եմ թույլ տալիս, խոսքերն իմ ղեկավարով է ուղղվում ինձ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս