Սա այն դեպքը չէ, որ մոռացվի. Քաղավիացիայի նախկին պետի որդու հարազատները բացառում են ինքնասպանության վարկածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղավիացիայի նախկին պետ Սամվել Մարգարյանի որդու՝ 26-ամյա Սուրեն Մարգարյանի հարազատները բացառում են, որ տեղի ունեցածն ինքնասպանություն է: Armlur.am-ի հետ զրույցում Սուրենի մայրը՝ Կարինե Մարգարյանը, վստահեցրեց, որ որդին ինքնասպանության գնալու որևէ պատճառ չուներ: Այդուհանդերձ, տիկին Կարինեն նշեց, որ փորձաքննություն է նշանակվել, և իրենք պատասխանին են սպասում: «Փորձաքննությունն ամեն ինչ կպարզի: Պարզապես մենք հիմա շատ սառն ենք, դեպքը նոր է տեղի ունեցել: Սուրենը կին ուներ, երեխաներ. նա նման բան չէր անի: Չգիտենք՝ նա այդ օրն ինչ է արել, ուր է գնացել: Դեռ ոչինչ չգիտենք»,- շարունակեց մեր զրուցակիցը, ապա նշեց. «Սա այն դեպքը չէ, որ մոռացվի»:

Նշենք, որ քննչական կոմիտեից Armlur.am-ին հայտնել են, որ ինքնասպանության փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

«Ժողովուրդ» օրաթերթն այսօր հայտնել էր, որ երիտասարդ Սուրեն Մարգարյանի մահը բազմաթիվ կասկածների և վարկածների տեղիք է տալիս: Ընդհանուր պատկերն այնպիսին է, որ կարելի է կարծել, թե երիտասարդը ինքնասպանություն է գործել: Սակայն լուրջ կասկածներ կան, որ երիտասարդին սպանել են եւ փորձել այն որպես ինքնասպանություն ներկայացնել: Ուշագրավ է, որ երիտասարդը մինչ այս դեպքը բաց նամակ է գրել ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին և օմբուդսմենին՝ խնդրելով օգնել իրեն՝ ապօրինություններից ազատվելու և կյանքին սպառնացող վտանգները չեզոքացնելու համար: Սակայն ոչինչ չի արվել: Արդյունքում՝ նրան գտան մահացած: Տեղեկացնենք, որ 26-ամյա երիտասարդը մինչեւ 2010 թվականն աշխատել է «Արմավիա» ավիաընկերությունում որպես օդաչու:

Հիշեցնենք, որ Սուրեն Մարգարյանը մահացել է պարանոցի շրջանում ստացած հրազենային վիրավորումից:




Լրահոս