ԿԵՑՑԵ՛ ՄԵՐ «ԱՐԴԱՐ» ԴԱՏԱՐԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկ անգամ չէ, որ «ժողովուրդ»-ն անդրադարձել է ՀՀ դատական համակարգի անկատարության, կոռումպացված լինելու, քաղաքացիների իրավունքները ոտնահարելու երեւույթներին: Խմբագրության հերթական այցելուն, բազմիցս կրելով այդ երեւույթների ազդեցությունը, ճարահատյալ դիմել է մեզ:
Ժորա Վարագյանը Երեւանի Գրիբոյեդովի 42 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ է, կենսաթոշակառու: Եղել է ՀՀ համրերի եւ խուլերի միավորման նախագահ, ՀՀ ֆիզկուլտուրայի եւ սպորտի հաշմանդամների միության նախագահ, ԽՍՀՄ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ խուլերի գծով: Մասնակցել է խուլերի համաշխարհային սպորտային, ինչպես նաեւ Եվրոպայի ֆուտբոլի խաղերին, եղել է նշված խաղերի հաղթող:
2007-ին գործից ազատվելուց հետո Վարագյանը, տեղեկանալով, որ ՀԽՄ-ն գտնվում է ֆինանսատնտեսական ծանր վիճակում, եւ նախագահությունը այդ վիճակից դուրս գալու համար վաճառում է Վ. Փափազյան 23 հասցեում գտնվող վարչական շենքը, այն գնելու նպատակով դիմել է միավորման նախագահ Անդրանիկ Գրիգորյանին: Վերջինս բացատրել է Վարագյանին, որ նշված տարածքը կարող են վաճառել միայն այն դեպքում, երբ 7 մլն 200 հազ. դրամ ձեւակերպվի որպես «բարեգործություն», եւ նա այն պետք է փոխանցի միավորման հաշվին ու միաժամանակ վճարի շինության արժեքը՝ 48 մլն դրամ:
Հարազատների հետ համաձայնության գալով՝ Վարագյանը գրավ է դրել Ա. Խաչատրյան 21 շենքի թիվ 49 բնակարանը եւ դրա դիմաց վերցրել 29 մլն 816 հազ. դրամ վարկ:
ՀԽՄ նախագահ Ա. Գրիգորյանի հետ պայմանավորվածության համաձայն՝ 04.05.2008թ-ին կայացած խուլերի միավորման նախագահության նիստում քննարկվել է իբրեւ 7 մլն 200 հազ. դրամի «բարեգործական» նպատակով օգնություն ընդունելու հարցը, կայացվել է դրական որոշում, ինչից հետո Վարագյանը 06.05.2008թ-ին «ԷՅՋ Էս Բի ՍԻ» բանկի միջոցով փոխանցել է բարեգործական գումարը: Այնուհետեւ՝ 28.06.2008թ-ին, վերոնշյալ բանկի միջոցով միավորման հաշվարկային հաշվին փոխանցվել է 4 մլն 850 հազ., իսկ նույն տարվա հուլիսի 4-ին` 21 մլն 150 հազ. դրամ:
Վարագյանի վկայությամբ, ընդհանուր առմամբ Ա. Գրիգորյանը խարդախությամբ իրենից վերցրել է 33 մլն 200 հազ. դրամ՝ չհաշված 35.000 դոլար «մաղարիչը» գործարքի համար:  Նա բերում է փաստեր, որով հավաստվում է, որ Ա. Գրիգորյանի կողմից նշված տարածքը վաճառվել է կրկնակի: Գնորդ Թամարա Առաքելյանը 2008թ. հուլիսի 15-ին, վճարելով 39 մլն դրամ, իսկ հուլիսի 23-ին՝ 3 մլն դրամ,  դարձել է Վ. Փափազյան 23 հասցեում գտնցող 135,5 քմ մակերեսով  ՀԽՄ-ին պատկանող վարչական շենքի սեփականատերը:
Ժորա Վարագյանը ՀԽՄ նախագահ Անդրանիկ Գրիգորյանից բազմիցս բանավոր եւ գրավոր պահանջել է իր գումարը, որը փոխանցել է չկայացած գործարքի համար: Հարցն անցել է դատական մի քանի ատյաններով, բայց ոչ մի դրական տեղաշարժ չի արձանագրվել: Քաղաքացին, բողոքելով դատարանների ձեւականություններից, անտրամաբանական է համարում անդորրագրերով եւ փաստաթղթերով փաստացի ապացուցված գումարների փոխանցման ժխտումը:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս