ԿԲ-ն 16 վարույթ է հարուցել «սպեկուլյանտների» դեմ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում տեղի ունեցած արտահերթ դռնփակ նիստից հետո ֆինանսական շուկայում նկատվող փոքրիշատե կայունությունը եւ դոլարի դրամատիկ վայրէջքը օրենսդիրները համարում են իրենց հաղթանակը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը երեկ հայտարարեց, որ իրենց հրավիրած արտահերթ նիստից հետո գիշերն արդեն որոշում է կայացվել, որ պետք է գնալ իրավիճակը փրկելու ճանապարհով: ԿԲ-ում որոշվել է բանկերի դոլարային պահուստների պարտադիր չափը կրկնակի բարձրացնել՝ 12 տոկոսից դարձնելով 24. բանկերն իրենց ավանդների որոշակի տոկոսի չափով պահուստներ ունեն ԿԲ-ում:

Անցած օրերի իրարանցման եւ խուճապի պատճառն էլ մեր տնտեսության «թույլ իմունիտետն է՝ արտահանման եւ ներդրումների ծավալների պակասը, տրանսֆերտների քչությունը եւ, իհարկե, ֆինանսական համակարգի օպերատիվ կառավարման ցածր մակարդակը», իսկ այդ դեպքում դժվար է դիմակայել թե Արեւմուտքից, թե Արեւելքից ներթափանցած հոսանքներին:

Միքայել Մելքումյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ջավադյանը հայտնել է, թե ԿԲ-ն 16 վարույթ է հարուցել «սպեկուլյանտների», հավանաբար՝ բանկերի ու տարադրամի փոխանակման կետերի նկատմամբ: «Իհարկե, անուններ չհնչեցին, բայց որ սպեկուլյատիվ մոմենտը բավական բարձր է եղել, դա ակնհայտ է»,- ասաց Մելքումյանը: Մեր հարցին՝ եթե ԿԲ-ն չէր հովանավորում սպեկուլյանտներին, ինչո՞ւ ավելի վաղ չէր միջամտում, պատասխանեց. «Այո, իհարկե, Ձեր հարցը տեղին է, եւ երեկ էլ ես եմ ԿԲ նախագահին հարց տվել, թե արդյոք դուք ձեր գործունեության ընթացքում կաշկանդվա՞ծ եք, պատասխանը հնչել է՝ ոչ, որ օրենքի շրջանակներում իրենք գործում են: Դե, եթե գործում են, ուրեմն պատասխանատվությունը վերցնում են իրենց վրա»»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս