Միքայել Մինասյանը ցանկանում է ցույց տալ` ով ով է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին պարբերաբար լուրեր են շրջանառվում «Պանարմենիա Մեդիա Գրուպ» ՓԲԸ-ի կառավարման ներքո գտնվող հեռուստաընկերություններում սպասվող ինչ-որ լուրջ փոփոխությունների մասին:

Լուրերը հիմնականում վերաբերում էին «Արմնյուզ» լրատվական հեռուստաընկերությունը «Արմենիա TV»-ի հետ միավորելու եւ առաջինի գործունեությունը դադարեցնելուն,ինչպես նաեւ՝ ազատված հեռուստաալիքը Հանրապետական կուսակցությանը տալուն: Բանը հասավ նրան, որ «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ-ի բաժնետերերի խորհրդի նախագահ եւ գլխավոր տնօրեն Արմեն Արզումանյանն իր ֆեյսբուքյան էջում հատուկ գրառում կատարեց` հայտարարելով, որ «Արմնյուզը» չի փակվելու, եւ իրենք ոչ մի կուսակցության հեռուստաալիք չեն տվել: Սակայն ուշագրավն այն է, որ այդ գրառման մեջ Արզումանյանն անդրադարձել է երեք հեռուստաալիքների` «Արմենիա TV»-ին, «ԱՏՎ»,-ին եւ «Արմնյուզ»-ին: Իսկ ի՞նչ է լինելու «Լայմ» հեռուստաընկերության հետ:

Դեռեւս երկու տարի առաջ, երբ պաշտոնապես հայտարարվեց մեդիադաշտում «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ընկերության նախաձեռնած համակենտրոնացման գործընթացի մասին, հայտնի էր, որ այդ կառույցի ենթակայության տակ են անցել չորս հեռուստաընկերություններ` «Արմենիա TV»-ին, «ԱՏՎ»,-ին, «Արմնյուզ»-ը եւ «Լայմ»-ը, որը նախկին «Հայ TV»-ին էր ու նույն հաճախականութան վրա էր հեռարձակվում: Հայաստանի լրատվական դաշտում բոլորը գիտեն, որ վերը նշված չորս հեռուստաընկերությունները կառավարվում են «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ընկերության կողմից, որի հիմնական սեփականատերը, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանն է ու Comedy Club Production-ի հիմնադիր եւ գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը:

Սակայն վերջին օրերի իրարամերժ լուրերի տարածման արդյունքում պարզվում է, որ «Լայմը» այլեւս «Պանարմենիան Մեդիա Գրուպի» կողմից չի կառավարվում: Ավելին՝ վերջին շրջանում այս հեռուստաընկերության եթերը հիմնականում զբաղված է ֆուտբոլով եւ երաժշտական հոլովակներով: Հեռուստաընկերության պաշտոնական կայքը` www.limetv.am, արդեն չորս ամսից ավել է՝ չի թարմացվել: Մի խոսքով՝ ակնհայտ է, որ այս հեռուստաընկերությունն ինչ-որ փոփոխության է ենթարկվում: Շրջանառվող լուրերի համաձայն՝ հենց այս հեռուստաընկերության հիմքի վրա է ստեղծվելու իշխող Հանրապետական կուսակցության հեռուստաալիքը, որը, ըստ տեղեկությունների, կոչվելու է «Հայրենիք» կամ «Հայք»:

Ի դեպ, «Լայմ» հեռուստաընկերության սեփականատերը «Շարկ» ՍՊԸ-ն է: Այս ընկերության սեփականատերը ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանն է: Նա ՀՌԱՀ նախագահ նշանակվել է 2013-ի մայիսին, իսկ մինչ այդ զբաղեցնում էր «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնը:
Այս պատմության մեջ ամենակարեւոր հարցը, որը մնում է անհասկանելի, այն է, թե Միքայել Մինասյանին ինչու է պետք այս փոփոխությունը, արդյո՞ք նրան ձեռնտու է, որ ՀՀԿ-ն իր առանձին հեռուստաալիքն ունենա:

Միքայել Մինասյանը հիրավի կարող է համարվել Հայաստանի մեդիա մագնատը, ում տիրապետման տակ են գտնվում հեռուստաընկերություններ, ռադիոներ, կայքեր եւ թերթեր: Հայաստանում լրատվական դաշտը վերահսկելը քաղաքական տեսանկյունից շահավետ է, բայց միաժամանակ, հատկապես նման ծավալների դեպքում, չի կարող եկամտաբեր բիզնես լինել: Մոտ երկու տասնյակ տարբեր բնույթի լրատվամիջոց պահելու համար հսկայական ֆինանսական ռեսուրսներ են հարկավոր: Մյուս կողմից՝ այդ կայսրությունը հենց այնպես չի ստեղծվել: Դա հնարավոր է եղել իրականացնել նաեւ իշխանական լծակների շնորհիվ: Ուստի Միքայել Մինասյանն ինչ-որ առումով բարոյական պարտավորություն ունի. Սերժ Սարգսյանի քարոզչությունն ապահովելուց բացի՝ հոգալ ողջ իշխանության քարոզչության խնդիրները:

Կասկածից վեր է, որ Միքայել Մինասյանը սեփական քաղաքական հաշվարկներն ունի եւ նրան անհրաժեշտ է իշխանական դաշտին ցույց տալ, թե ով ով է: Այս տեսանկյունից առավել քան ձեռնտու է, որ ՀՀԿ-ն իր հեռուստաալիքն ունենա: ՀՀԿ-ն վաղուց իրենով է արել մի քանի կայքեր, սեփական քարոզչության համար պատասխանատվությունը ստանձնելու համար պակասում է միայն հեռուստաալիքը: Երբ այդ ամենն արդեն կլինի, Միքայել Մինասյանը կարող է նաեւ հրաժարվել ողջ իշխանության քարոզչությունն ապահովելուց: Այդպես ավելի հեշտ կլինի, քանի որ ինչքան էլ ՀՀԿ-ի իմիջը փորձ արվի բարձրացնել, միեւնույն է, անհույս գործ է:

Վահագն Հովակիմյան




Լրահոս